88-ի ավերիչ երկրաշարժի արհավիրքը չշրջանցեց նաեւ Լոռու մարզի Լեռնանցք գյուղը: Տարերային աղետին զոհ գնաց գյուղի 134 բնակիչ: Սակայն մինչ այսօր գյուղում չկար զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձան: Ոստիկանության գնդապետ Վաղարշակ Վարդանյանի նախաձեռնությամբ, օրերս Լեռնանցքում՝ իր ծննդավայրում, կանգնեցվեց երկրաշարժի անմեղ զոհերի հիշատակին նվիրված հուշարձան-խաչքար: Ի դեպ, Վ. Վարդանյանի կինն ու մանկահասակ երեխաները նույնպես զոհվել են երկրաշարժի ժամանակ:
Մեզ հետ զրույցում գյուղացիները այն միտքն էին արտահայտում, որ վերջապես իրենք էլ ունեցան իրենց զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձան-խաչքար, որը, անկասկած, դառնալու է սրբատեղի: