Նոր էջեր բացահայտվեցին հայ արվեստի ուսումնասիրության տեսանկյունից
Վերջերս Մոսկվայում տեղի ունեցավ միջազգային սիմպոզիում՝ «Հայաստան-Ռուսաստան: Երկխոսություն գեղարվեստական մշակույթի տարածքում» խորագրով: Սիմպոզիումի մասնակիցները Երեւանից էին, Դոնի-Ռոստովից, Մինսկից, Սիմֆերոպոլից, Սարատովից, Լվովից, Կրասնոդարսկից, Մոսկվայից: Նրանք 44 զեկուցումներով ներկայացրեցին գիտաժողովի չափազանց հետաքրքիր ու խիտ ծրագիրը: Սիմպոզիումի կազմակերպման գործը նախաձեռնել էին արվեստագիտության դոկտոր, ՌԴ ճարտարապետության եւ քաղաքաշինության տեսության եւ պատմության ինստիտուտի բաժնի վարիչ Ա. Ղազարյանը, ԵՊՀ Հայ արվեստի պատմության եւ տեսության ՅՈՒՆԵՍԿՕ-ի ամբիոնի վարիչ, արվեստագիտության դոկտոր Լ. Չուգասզյանը եւ Ռուսաստանի հայերի միության Մոսկվայի քաղաքային մասնաճյուղի գործկոմի փոխնախագահ Գ. Գաբրիելյանը:
Լվովից Ի. Գայուկը ներկայացրեց Ուկրաինայի 44 թանգարաններում պահվող հայ արվեստի՝ տարիների ընթացքում իր հայտնաբերած ու հետազոտած 2000 նմուշների մի մասը, որոնց վերաբերյալ տպագրում է Ուկրաինայի հայ արվեստի պատկերազարդ հանրագիտարան-կատալոգ: 18-19-րդ դդ. հայ մետաքսագործ վարպետների ժառանգությունը Բելառուսում քննված էին Ի. Սկվորցովայի, իսկ հայ շինարար վարպետների աշխատանքները Ռուսաստանում` Հայաստանի ճարտարապետության թանգարանի տնօրեն Ա. Գրիգորյանի զեկուցումներում:
Ղրիմի եւ Դոնի-Ռոստովի հայկական հուշարձանների մասին խոսեցին Տ. Սարգսյանը, Վ. Պիշչուլինան, Օ. Բաեւան, Ա. Իվանովա-Իլյիչովան, իսկ Երուսաղեմի հայկական վաղ քրիստոնեական խճանկարների մասին` Ս. Տարխանովան: Լ. Չուգասզյանի, Ս. Մանուկյանի, Զ. Հակոբյանի, Մ. Առաքելյանի զեկուցումները նվիրված էին հայկական, ռուսական եւ բյուզանդական մանրանկարչությանն ու որմնանկարչությանը, դրանցում առկա զուգահեռ երեւույթներին եւ վարպետներին: Ս. Վեսելովայի, Հ. Թամանյանի, Ա. Ղազարյանի զեկուցումները վերաբերում էին հայ մեծ ճարտարապետ Ալ. Թամանյանի գործունեությանը Հայաստանում եւ Ռուսաստանում, իսկ հայկական ճարտարապետության մեջ 1960-ականների ազատատենչ ոգին հետազոտման առարկա էր դարձրել Կ. Բալյանը: Մոռացված չէր նաեւ ռուսական մշակույթը Հայաստանում. Ն. Կոմաշկոյի ելույթը նվիրված էր Էջմիածնի հավաքածուի 90 ռուսական սրբապատկերներին, իսկ Լ. Պիպոյանի զեկուցումը` Հայաստանում մոլոկանների բնակարանների ճարտարապետությանը: Ա. Տեր-Մինասյանը պատմեց Ա. Աբրահամյանի անվան ռուս նկարիչների ստեղծագործությունների հավաքածուի` Երեւանի ռուսական թանգարանի մասին: Սարատովի թանգարանի տնօրեն Ի. Սորոկինը անվանի նկարիչ Պ. Կուզնեցովի անծանոթ նյութեր հրապարակեց Մ. Սարյանի, ինչպես նաեւ Հայաստանի (որտեղ որոշ ժամանակ աշխատել է) վերաբերյալ: Ուշագրավ էին հայ արվեստը ուսումնասիրած ռուս եւ Ռուսաստանում գործող հայ գիտնականների գործունեությունը լուսաբանող՝ Ս. Սարգսյանի, Ֆ. Տեր-Մարտիրոսովի, Մ. Պետրոսյանի, Ի. Պեչոկինի զեկուցումները:
Գիտաժողովում հետաքրքրություն առաջացրին նաեւ հայ երիտասարդ մասնագետների` Ս. Վարդանյանի, Ս. Չուգասզյանի, Ա. Եսայանցի, Շ. Զոհրաբյանի, Ա. Հովհաննիսյանի եւ Գ. Իգիթյանի զեկուցումները:
Այս հետաքրքիր սիմպոզիումի զեկուցումներից յուրաքանչյուրը նոր էջեր բացահայտեց հայ արվեստի ուսումնասիրության տեսանկյունից, լուսաբանեց հայ արվեստի առնչությունները եւ նպաստեց նրա ճանաչմանը, ըստ արժանվույն գնահատմանը մեր հայրենիքի սահմաններից դուրս: