Անվանի կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանի դիտարկումները
Վերջերս հայաստանյան մշակութային միջոցառումներին հաճախ ենք հանդիպում «բարձր հովանու ներքո» արտահայտությանը, որով գովազդվում են արտերկրյա «բրենդային» երգիչ-երգչուհիների, երաժիշտների համերգները: Հենց միայն վերջերս ՀՀ նախագահի բարձր հովանու ներքո անցավ օպերային աստղ Պլաչիդո Դոմինգոյի համերգը: Սա, իհարկե, ողջունելի է: Մինչդեռ որեւէ մեկը հազիվ մտաբերի, թե վերոհիշյալ արտահայտությամբ քանի հայաստանցի արվեստագետի են պատվել ու մեծարել հայրենի իշխանությունները:
«Առավոտին» հասած տեղեկություններով, նշանավոր կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանի ստեղծագործական կենսագրության մեջ վերջապես հայտնվել է նրա առաջին CD-ն, որը կյանքի է կոչվել ոչ թե հայրենի իշխանությունների կամ էլ մշակութասեր որեւէ իշխանավորի բարձր հովանու ներքո, այլ գերմանացի արվեստասերների միջոցներով: Այս առիթով «Առավոտը» հանդիպեց Ռ. Ամիրխանյանի հետ: Արվեստագետը, հաստատելով վերը նշվածը, տեղեկացրեց, որ իր CD-ի շնորհանդեսը կկայանա «Արամ Խաչատրյան» համերգասրահում, դեկտեմբերի 12-ին՝ «Սարյանֆեստ» փառատոնի շրջանակներում: Նշենք, որ բազմաթիվ շլյագերների հեղինակն ունի ընդամենը 2 ձայներիզ, որոնք թողարկել է ռուսաստանյան «Մելոդիա» ֆիրման՝ 1980-ականներին:
Առաջին CD-ի ստեղծման առիթով էլ պարոն Ամիրխանյանը ներկայացրեց նախապատմությունը. «2009թ. Երեւանում կայացած հեղինակային երեկոյիս ներկա էին մի խումբ գերմանացի երաժշտասերներ, որոնք համերգից հետո Երեւանում փնտրել էին իմ CD-ն, սակայն չէին գտել: Այս տարվա օգոստոսին Գերմանիայից ինձ զանգեցին, հայտնելով, որ իրենք պատրաստ են հոգալու իմ եւ երաժիշտների ձայնագրման, այնտեղ բնակվելու, ճանապարհի, բժշկական ապահովագրության եւ այլ անհրաժեշտ ծախսերը՝ CD-ի թողարկման հետ կապված: Օգոստոսի 21-30-ը կոլեգաներիս հետ մեկնեցինք Գերմանիա: Երեք քաղաքներում ունեցա նաեւ հեղինակային համերգներ: Երեւանում կայանալիք երեկոյին Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի (ղեկավար՝ Ս. Սմբատյան), Կամերային երգչախմբի (ղեկավար՝ Ռ. Մլքեյան), երգիչներ Իրինա Զաքիյանի, Գուրգեն Բավեյանի, Սեդա Ամիր-Կարայանի մեկնաբանմամբ կհնչեն CD-ում տեղ գտած գործերս, ինչպես նաեւ այլ ստեղծագործություններ»:
CD-ն Հայաստանում չի վաճառվի, քանի որ, կոմպոզիտորի համոզմամբ, մեր երկրում հեղինակային իրավունքները պաշտպանված չեն:
Հետաքրքրվեցինք՝ ինչո՞ւ հատկապես իր էստրադային երգերով սիրված կոմպոզիտորը վերջին տարիներին դրանցով չի ներկայանում: «Երգերիս հատուկ է ռոմանսային սիմֆոնիզմը, դրանց կատարումներն էլ պատկերացնում եմ պրոֆեսիոնալ, կիրթ, վոկալ-երգչական ունակություններ ունեցող արտիստների կատարմամբ»,- ասաց կոմպոզիտորը: Ռեպլիկին՝ մեր շոու-բիզնեսում նշված պահանջները բավարարող գոնե մեկ երգիչ չկա՞, նա պատասխանեց. «Ոչ թե չկան կամ ոչ թե նրա՛նց չեմ ընդունում, այլ նրանց հոգեբանությունը չեմ ընդունում. մերօրյա շոու-բիզնեսի ներկայացուցիչների համար առաջնայինը գումարն է, ինչի հետ երբեք չեմ համակերպվի»: Գերմանացիների կողմից CD-ի թողարկման առնչությամբ հարցրինք, թե ինչպե՞ս է, որ «վերեւները» մինչեւ հիմա չեն մտահոգվել շատ առիթներով իրենց հետ շփվող կոմպոզիտորի խնդիրներով եւ նրան «բարձր հովանու» տակ չեն առել: Ռ. Ամիրխանյանը ընդամենն ասաց, թե մտահոգ հարցադրումներ եղել են:
Հետաքրքրվեցինք նաեւ, թե ինչպե՞ս է, որ կոմպոզիտորը չի երեւում «Երգում է 70-ականների Երեւանը» համերգային ծրագրերում: Այս առիթով էլ մեր զրուցակիցը հայտնեց. «Նախ՝ երբեւէ հրավեր չեմ ստացել, հետո էլ՝ այդ նախագիծ են սողոսկել մարդիկ, ովքեր բացարձակ կապ չունեն այդ լուսավոր շրջանի հետ: Այսօր մասսայական մշակույթն այնպես է ակտիվացել, որ փաստորեն փոխարինում է պրոֆեսիոնալիզմին: Այդ գերակտիվության դրսեւորման շնորհիվ խաթարվել է կոմպոզիտորի դիմագիծը: Պատճառը կամ մեղավորը հայտնի է ե՛ւ ներքեւներին, ե՛ւ վերեւներին: Դա շուկան է, մինչդեռ մշակույթը շուկա չունի, այնպես՝ ինչպես շուկան մշակույթ չունի»: