Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

80-ԱՄՅԱ ՄԱՆԿԱԳԻՐԸ

Դեկտեմբեր 09,2010 00:00

Այս տարի բանաստեղծ, մանկագիր, լրագրող Սուրեն Մուրադյանը 80 տարեկան է: Հոբելյանի առթիվ երեկ Խնկո-Ապոր անվան հանրապետական մանկական գրադարանում երեխաների մասնակցությամբ թատերականացված ցերեկույթ էր կազմակերպվել: Ս. Մուրադյանը բազմաժանր գրող է, բայց կոչումով՝ կարելի է ասել՝ մանկագիր: Նրա գրքերը, բացի հայերենից, հրատարակվել են աշխարհի 17 լեզուներով՝ ռուսերեն, ուկրաիներեն, արաբերեն, պարսկերեն, ֆրանսերեն եւ այլն: Ս. Մուրադյանի մանկական գրքերը ժամանակին արժանացել են Հայաստանի գրողների միության Ստեփան Զորյանի, Վախթանգ Անանյանի անվան մրցանակներին, հեղինակը նաեւ «Մովսես Խորենացի» շքանշանակիր է: 80-ամյա գրողի տեքստերով տարբեր սերունդների կոմպոզիտորներ գրել են 250-ից ավելի երգեր: «Մի բանաստեղծություն ունեմ՝ «Մեծ եմ, թե փոքրիկ», այդ ստեղծագործությունը նաեւ ինձ է վերաբերում, որովհետեւ երբ երեխաների համար եմ գրում՝ արդեն փոքրիկ եմ, երբ մեծերի համար՝ մեծ»,- «Առավոտի» հետ զրույցում անկեղծանում է Ս. Մուրադյանը: Նաեւ հավելում, որ թեեւ իր գրքերը մեծ մասամբ հասցեագրված են երեխաներին, ստեղծագործում է նաեւ քնարական, երգիծական թեմաներով: Նրա 90 գրքերից 50-ը մանկական են, բայց, ինչպես նշում է մեր զրուցակիցը՝ իր ընթերցողների տարիքն անսահմանափակ է՝ 7-ից մինչեւ 70 տարեկան: Այդպես էր մի առիթով նրան բնորոշել նաեւ Համո Սահյանը: Ս. Մուրադյանի համոզմամբ, սխալ է այն կարծիքը, թե ժամանակակից տեխնոլոգիաների դարում գիրք ընթերցողների թիվը նվազել է: Ըստ մեր զրուցակցի, այլ խնդիր է, որ այսօր գրախանութներում շատ հաճախ մանկական գրականության անվան ներքո այլ բան է մատուցվում: Խնկո-Ապոր անվան գրադարանի տնօրեն Ռուզան Տոնոյանի խոսքով՝ մանուկների շրջանում ընթերցանությունը միշտ կայուն է մնում. «Ընթերցողների թվաքանակի նվազումը երկրի ընդհանուր, սոցիալ-տնտեսական վիճակով է պայմանավորված: Հատկապես կրտսեր տարիքի համար նախատեսված մեր ընթերցասրահում ամբողջ գրականությունը մաշված է, դա վկայում է այն մասին, որ այդ գրականությունը երեխաները կարդում են»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել