Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Շքեղ թյուրիմացություններ

Դեկտեմբեր 09,2010 00:00

Կամ հանրակրթությունը՝ ինչպես որ կա

Հանրակրթությունը բաղկացած է մի քանի աստիճանից՝ տարրական, հիմնական եւ միջնակարգ կրթություն: Վերջինը ներառում է տարրական, միջին եւ ավագ դպրոցները: Ի տարբերություն առաջին 2 մակարդակների, որոնք պարտադիր են, միջնակարգ կրթությունը պարտադիր չէ:
Ավագ դպրոցի արդյունավետ գործունեությունը պետք է նպաստի հեղինակազրկված բարձրագույն կրթության հեղինակության վերականգնմանը՝ ի հաշիվ լավ գիտելիքներով դիմորդների: Ինչպես ասում են, սա ընդամենը բարի ցանկությունների ոլորտից է (այդ են վկայում գործընթացները), քանզի կոռումպացված ու ոչ իրավական երկրում որեւէ ոլորտում կատարվող բարեփոխումը կարող է շատ ավելի խորացնել ոլորտում տեղ գտած բացասական երեւույթները:
Կարեւոր ենք համարում անդրադառնալ հատկապես տարրական ու ավագ դպրոցներին, քանզի խնդիրներն ավելի շատ կապված են սրանց հետ:
Ինչպես գիտեք, տարրական ուսուցումը սկսվում է 6 տարեկանից: Կրթությունն այս տարիքից սկսելը շատ լուրջ եւ անկյունաքարային հիմնախնդիր է, որի դեպքում անհրաժեշտաբար պետք է հաշվի առնվեն այդ հասակի երեխաների ֆիզիոլոգիական զարգացման առանձնահատկությունները, մտավոր ու ֆիզիկական ծանրաբեռնվածության հնարավոր սահմանները եւ այլն: Նույնիսկ խորհրդային ժամանակներում, երբ փորձ արվեց կրթությունը սկսել 6 տարեկանից, լուրջ քննարկումներ ու դրա դեմ լուրջ հիմնավորումներ հանդես եկան, որը տարավ հարցի կոմպրոմիսային լուծման՝ 6 տարեկանները գնացին ոչ թե 1-ին, այլ 0 դասարան (երկարօրյա խմբերով), որտեղ երեխաներին ապահովում էին սնունդով, հանգստով ու խաղերով: Իսկ այժմ ինչ ենք տեսնում մենք. առաջին դասարանի կրթական ծրագրերն, ըստ էության, գրեթե համապատասխանում են նախադպրոցական նախկին բարձր (ավարտական) խմբերի ծրագրերին, երբ երեխաներին խաղերի միջոցով էին տառեր ու պարզագույն գործողություններ սովորեցնում: Կարող ենք ասել, որ այս 1-ին դասարանները ուսուցմամբ շատ քիչ բանով են տարբերվում նախկին նախադպրոցականից, եւ 6 տարեկաններին դպրոցական կրթության մեջ ներառելը համարում ենք մեծ սխալ, քանզի նաեւ չի ապահովվում երեխաների անվճար սնունդը: Ճիշտ է, ուսուցման իմաստով այստեղ ավելի մեծ պահանջներ են դրված, սակայն դրա համար պետք է նաեւ ավելի երկար ժամանակ, հետեւաբար նաեւ՝ հանգիստ, որը դպրոցը չի ապահովում: Այսինքն, ստացվել է մի շքեղ թյուրիմացություն: Ժամանակին, երբ Հայաստանն անցնում էր կրթական այս համակարգին (իմիջիայլոց, այն ոչ ոք մեզ չի պարտադրել), մեր իշխանությունները ստացել են այն իրականացնելու համար բավականին մեծ միջոցներ արտասահմանյան երկրներից ու կազմակերպություններից, սակայն փաստացի ոչ մի բան, ըստ էության, չի կատարվել, գումարներն էլ, ինչպես միշտ, փոշիացվել են: Սա չափազանց լուրջ խնդիր է. կամ պետությունը պետք է ապահովի 6 տարեկանների ուսուցման համար լիարժեք պայմաններ (սկսած համապատասխան սեղան-նստարանից, փափուկ կահույքից, տաք հատակից, վերջացրած գոնե թեթեւակի սնունդով), կամ պետք է հրաժարվի նրանց դպրոցական կրթության մեջ ներգրավելուց:
Ավագ դպրոցի գաղափարն ինքնին վատ չէ, այն կարծես զարգացնում եւ խորացնում է նախկին բարձր դասարանների առջեւ դրված խնդիրները եւ, դառնալով ոչ պարտադիր դպրոցական կրթական օղակ, նույնիսկ կարող է բարձրացնել դպրոցի հեղինակությունը, եթե, իհարկե, այստեղ ուսումը շարունակելու են իրոք արժանի ու բարձր գիտելիքներով երեխաները: Սակայն կյանքը ցույց է տալիս, որ, բացառությամբ նոր կրթական ծրագրերի, այն գրեթե չի տարբերվում նախկին բարձր դասարանների կոմպլեկտավորման մեխանիզմից, այն է՝ ավագ դպրոց վերցնում են գրեթե բոլորին, միայն թե վկայականներում շատ ցածր առաջադիմություն նշված չլինի: Եվ այստեղ, ինչպես ասում են, հիմնական դպրոցի տնօրենների «աչքը լույս», նրանք «լավություն անելու» համար միշտ պատրաստ են: Ավագ դպրոցի տնօրենների համար էլ «թվաքանակի հարց» պետք է լուծել: Ստացվում է, որ էլի կանգնել ենք կոտրած տաշտակի առջեւ:
Ավագ դպրոցի լիարժեք կայացումը չափազանց կարեւոր հասարակական խնդիր է, որից հետո եւ դրանից բխող անհրաժեշտ քայլը բուհերում ընդունելության քննությունների (համենայնդեպս՝ այս տեսքով) վերացումն է, քանզի հակառակ պարագայում էլ ինչո՞ւ է ներդրվել ավագ դպրոցի գաղափարը: Իհարկե, իշխանությունների կամ առնվազն նրանց շատ ներկայացուցիչների համար ընդունելության քննությունների ներկայիս համակարգը հարստանալու եզակի աղբյուր է, որից դժվար կլինի կտրվել: Մի առանձին խնդիր է ավագ դպրոցի դպրոցական առարկայական ծրագրերի եւ դասագրքերի հարցը: Հատկապես 10-րդ դասարանների դասագրքերն աչքի են ընկնում բարդությամբ, առանց հաշվի առնելու տվյալ տարիքային խմբի երեխաների ֆիզիոլոգիական ու մտավոր զարգացման առանձնահատկությունները: Խրթին են նաեւ 4-րդ դասարանի դասագրքերը:
Վերջերս շատ է խոսվում ուսուցիչների մասին՝ ծեծում են երեխաներին, վիրավորում նրանց արժանապատվությունը: Սա կարծես հատուկ մտածված արշավ լինի ուսուցչության դեմ, քանի որ բացարձակապես չեն պաշտպանվում ուսուցչության առանց այդ էլ ոտնահարված շահերը: Ինչո՞ւ երբեք չեն նսեմացնում դրան արժանի տնօրեններին, ինչու լայն հասարակության դատին չեն դրվում տնօրենների գործած անօրինականություններն ու ապօրինությունները, ինչու ոչ ոք չի անդրադառնում ուսուցչի ծանր աշխատանքին, երբ նա ստիպված պետք է, իր արժանապատվությունն ու ինքնասիրությունը կուլ տալով, դաս անցկացնի լկտի ու անդաստիարակ երեխաների հետ (որոնց, իմիջիայլոց, տնօրենն է պահում), որոնք չափազանց վատ ազդեցություն են գործում դաստիարակված ու խելացի երեխաների վրա: 
 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել