Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«ՎԱՂԸ ԳԵՏՈ ԿՍԱՐՔԵՆ ՈՒ ԲՈԼՈՐԻՍ ԱՅՆՏԵՂ ԼՑՆԵՆ»

Դեկտեմբեր 09,2010 00:00

\"\"Կարծում է «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» նախաձեռնության անդամը

Երեկ վաղ առավոտյան ԱԺ պատգամավոր Անահիտ Բախշյանը ԱԺ էր շտապում՝ ձեռքին մի շատ կարեւոր փաստաթուղթ:
«Այս փաստաթուղթը ցույց է տալիս կրթության որակը հանրապետության հանրակրթական դպրոցներում, հոկտեմբերին արձանագրված արտաքին գնահատման արդյունքներն են: Ըստ բնակավայրերի, պարզվում է՝ խոշոր քաղաքներում հայոց լեզվի միջին գնահատականը կազմել է 4,2, միջին քաղաքներում՝ 4,3, փոքր քաղաքներում՝ 4,3, գյուղերում՝ 3,8……Արդյունքների համաձայն՝ հանրապետությունում մաթեմատիկայից գոնե 6 հոգի 9 կամ 10 գնահատական ստացել է, իսկ հայոց լեզվից ոչ մի հոգի»,- ԱԺ շենքի առջեւ հավաքված «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» նախաձեռնության անդամներին տեղեկացրեց պատգամավորը: Ապա դիմեց հավաքվածներին. «Այս շարժման ուղղվածությունը պետք է փոխվի, պետք է պայքարեք հանրապետության բոլոր հանրակրթական դպրոցներում կրթության որակը բարձրացնելու համար»: Նախաձեռնության անդամ Արմեն Ապատյանն էլ տիկին Բախշյանի ուշադրությունը հրավիրեց իրենց նոր կարգախոսի վրա՝ «Որակյալ կրթություն բոլորին, ոչ օտարալեզու դպրոցներին»: ԱԺ պատգամավորը ակցիայի անդամներին նաեւ խորհուրդ տվեց, բացի օտարալեզու դպրոցների դեմ պայքարից, իրենց գործունեության մեխը ուղղել Երեւանի Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանին, կրթությունը կազմակերպող ու դրա քաղաքականության համար պատասխանատու բոլոր պետական մարմիններին. «Մտավախություն չունեմ, թե շատ բան կկորցնենք, եթե հանրապետությունում ունենանք օտարալեզու ավագ մասնավոր մի քանի դպրոց, մտավախությունս այն է, որ այսօր, չունենալով օտարալեզու դպրոց, ունենք մայրենիի շատ ցածր մակարդակ»: ԱԺ պատգամավոր Ստյոպա Սաֆարյանն էլ նկատեց, թե ամբողջ խնդիրն այն է, որ դպրոցներում ու ընդհանրապես հանրապետությունում գրական հայերենը դարձել է սերիալի հայերենը: Տիկին Բախշյանն էլ շարունակեց. «Խորհրդային դպրոցից եկող մաթեմատիկայի ավանդույթները շատ խորն են: Ցավոք, անկախ Հայաստանում որեւէ մեկը չունեինք, որ հայերենի դասագիրք, ծրագիր գրեր, արդյունքում՝ ունենք այն, ինչ ունենք»: Տիկին Բախշյանի դիտարկմանն ի պատասխան, թե հանրապետությունում կան դպրոցներ, որոնք ապահովում են լավ կրթություն, բայց օրենքի «բացի» պատճառով չեն կարողանում միջազգային բակալավրիատի ծրագրեր իրականացնել, ցուցարարներից մեկը ռեպլիկ արեց. «Ազգայինի հաշվին եք ամեն հարց լուծում»: Պատգամավորն էլ հարցրեց. «Ո՞ւր էիք դուք, երբ դեռ մեկ տարի առաջ ասում էի՝ ժողովուրդ, մայրենին ոտքի տակ է դրված, ինչո՞ւ այն ժամանակ դուրս չեկաք պայքարելու»: Ցուցարարն էլ հակադարձեց. «Իսկ ո՞վ ասաց՝ դուրս չենք եկել, էն ժամանակ ենք դուրս եկել, երբ ոչ ոք չէր բարձրաձայնում այդ մասին»:
Մեկ այլ ցուցարար էլ պատգամավորից հետաքրքրվեց. «Եթե իմ երեխան օտարալեզու դպրոցում ֆիզիկան շատ ավելի լավ է սովորում, քան ձեր երեխան, ով սովորում է սովորական թիվ 27 դպրոցում, վաղը ձեր երեխան իմ երեխայի հետ մրցունա՞կ կլինի՝ ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետ ընդունվելիս: Էլ չեմ ասում ավարտելուց հետո՝ աշխատանք փնտրելիս»: Ըստ տիկին Բախշյանի. «Մրցակցությունը պետք է լինի նաեւ իմ ու ձեր երեխայի միջեւ… բայց այսօր այդպես չէ՞, մեկի հնարավորությունը ներում է սովորական դպրոցում իր երեխայի կրթությունն ապահովել, մյուսինը՝ մասնավոր դպրոցում: Շիրակացի ճեմարանում ուսման տարեկան վարձը մեկ միլիոն դրամ է: Հիմա ի՞նչ, դրա դեմ բողոքե՞նք, ժողովուրդ»: Ցուցարարն էլ հակադարձեց. «Երեւանի կենտրոնը դարձրին էլիտար թաղամաս, Դիլիջանը կդառնա էլիտար դպրոցների թաղամաս, վաղը մի հատ գետո կսարքեն ու բոլորիս կլցնեն այնտեղ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել