Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ ԴԱՎԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Դեկտեմբեր 09,2010 00:00

\"\"Ադրբեջանահայության լիազոր ներկայացուցիչների համագումարի կազմկոմիտեի անդամ Մարիամ Ավագյանի համոզմամբ՝ Ադրբեջանի հայ փախստականներին ծրագրավորված դուրս են թողել  միջազգային բանակցային գործընթացներից

«1988-92թթ. Ադրբեջանում իրականացված հայերի տոտալ բնաջնջման գործողություններին հակադրվեց Արցախյան ինքնապաշտպանական պատերազմը: Արդյունքում՝ հայությունը կարողացավ իր բնօրրանի մի հատվածը միայն ազատագրել ռասիստներից, իսկ Շահումյանի շրջանը, Գետաշենը, Քարհատը, Գանձակը, Նախիջեւանը շարունակում են մնալ օկուպացված ռասիստական Ադրբեջանի կողմից: Այս բոլոր իրողությունները ինչ-որ ուղղորդող ուժեր նենգափոխել ու շրջանցել են, եւ այժմ Արցախը ներկայացնում են հայության կողմից օկուպացված տարածք»,- «Առավոտի» հետ զրույցում իր վրդովմունքը բարձրաձայնեց Ադրբեջանահայության լիազոր ներկայացուցիչների համագումարի կազմկոմիտեի անդամ Մարիամ Ավագյանը: Նա հիշեցնում է, որ երբ Ադրբեջանում՝ Սումգայիթում, Բաքվում, Գանձակում 1988-92 թթ. բնաջնջում էին հայերին, Հայաստանում ապրող արեւմտյան մերձկասպյան թուրքերը, իհարկե, հասկանում էին, որ իրենց ցեղակիցների մարդատյաց արարքներից հետո ճիշտ է, որ իրենք հեռանան Հայաստանից. «Նրանք բավականին հանգիստ պայմաններում հասցրել են վաճառել իրենց մասնավոր սեփականությունը ու տեղափոխվել Ադրբեջան, այն դեպքում, երբ Ադրբեջանից փախած հայերը, մի կերպ փրկվելով սպանդից, այնտեղ են թողել իրենց ունեցվածքը: Սակայն, միջազգային կազմակերպությունները հենց առաջին պահից նույն կշեռքի նժարներին դրեցին թուրք ու հայ փախստականներին, ապա շատ կարճ ժամանակում հայ փախստականներին դուրս թողեցին միջազգային բանակցային գործընթացներից, սեւեռուն ուշադրության կենտրոնում պահելով միայն թուրք փախստականներին: Հայ փախստականները չեն հիշատակվում բանակցությունների ընթացքում  ընդունված ոչ մի փաստաթղթում: ՄԱԿ-ը, ԵԱՀԿ-ն, Մինսկի խումբը, աշխարհի առավել ազդեցիկ մի շարք պետություններ, խաղի նույն կանոններով, ամենուր նրանց անտեսեցին: ՄԱԿ-ի բոլոր ջանքերը կենտրոնացված էին Հայաստանում հայ փախստականներին հնարավորինս արագ քաղաքացիություն տալու վրա: Միջազգային ճգնաժամային խմբի, որի ֆինանսավորողը «Բրիթիշ պետրոլեումն» է, 2007-ին տարածեց Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ կնքվելիք պայմանագրի հետ կապված առաջարկը, ըստ որի Ղարաբաղի փաստացի իշխանություններին պետք է արգելվի նրա շուրջ տարածքներում հայեր բնակեցնել, նրանց կողմից ինքնակառավարման մարմիններ ստեղծել, նրանց կյանքի համար անհրաժեշտ ենթակառուցվածքներ ստեղծել եւ մի շարք այլ՝ հայ փախստականության ճակատագրի լուծման հետ կապված արգելող կետեր: Սակայն այդ զեկույցի առաջարկն արդեն փաստացի ու բավականին հաջող իրականացվում էր 2003-ից, միջազգային հանրության ատյանների (ըստ ամենայնի՝ Մինսկի խմբի եւ ուրիշների)՝՝ Հայաստանի եւ Արցախի իշխանությունների վրա ճնշման ներքո»: Ու այս ամենի արդյունքն, ըստ մեր զրուցակցի, այն է, որ 300 000 հայ փախստականներից մնացել են 150 000-ը, իսկ Մինսկի խմբի փաստահավաք խմբի տվյալներով՝ 9 000:
Տիկին Մարիամը սա որակում է «կողմնակալ ու պլանավորված» քաղաքականություն, «կազմակերպված դավադրություն հայ փախստականների նկատմամբ»: Նա միջազգային բոլոր կազմակերպություններին, սակավաթիվ բացառություններով, մեղադրում է Ադրբեջանի իշխանությունների կողմից կաշառված լինելու մեջ, ի հավաստումն ասվածի՝ վկայակոչելով նախ ադրբեջանցի վերլուծաբանների վկայումները: «Ու այդ կազմակերպությունները բացառում են Ադրբեջանի հայերի ներկայությունը նրանց հայրենիքում ու ամեն ձեւով նպաստում են Ադրբեջանի հայահալած քաղաքականությանը: Միջազգային հանրությունը, շահագրգիռ կազմակերպություններն ու պետությունները իրենց հանցագործ լռությամբ ու անգործունությամբ նպաստել ու ոգեւորել են Ադրբեջանի իշխանություններին՝ տեղում կազմակերպելու եւ իրականացնելու հայերի բնաջնջումը: Նույն հանցագործ լռությունն ու անգործունությունը շարունակվում է մինչ օրս, ուրեմն՝ ցեղասպանությունը դեռ շարունակվում է: Հայ- ադրբեջանական սահմանի վրա անընդմեջ երիտասարդ զոհերը եւ այն սպառնալիքը, որի պատճառով ադրբեջանահայ փախստականները չեն կարողանում ապրել ազատագրված տարածքներում, խրախուսվում են միջազգային կառույցների կողմից: Նրանց կողմից ռասիստական Ադրբեջանին տրվում է քաղաքական ու տնտեսական աջակցություն, հնարավորություն են տալիս Ադրբեջանին՝ գնելու զենք, զինամթերք, զինվելու նոր ցեղասպանության համար»,- ասում է Մարիամ Ավագյանը:
Նա տեղեկացրեց նաեւ, որ 2011թ. փետրվարի 28-ին կայանալիք ադրբեջանահայության համագումարում ձեւավորված իրավաքաղաքական կառույցը կկազմակերպի միջազգային հետաքննություն՝ պարզելու, թե ո՞վ եւ ինչո՞ւ է վերջին քսանամյակում իրականացրել հայ փախստականների հանդեպ այս բոլոր հանցագործությունները, ո՞վ եւ ինչո՞ւ է շարունակում նրանց նկատմամբ դավադիր հետապնդումը: Ադրբեջանի հայերը հուսով են, որ ովքեր ակամա են ներգրավված եղել այս արատավոր գործընթացներում, համարձակություն կգտնեն՝ ետ կանգնել եւ հաղթահարել այն անօրինությունները, որոնք ստեղծվել են նաեւ նրանց ակամա մասնակցությամբ: Ադրբեջանի հայերը, նաեւ Նախիջեւանի հայերը, վստահ են, որ իրավասու են բնակվելու ազատագրված տարածքներում, որը նրանց հայրենիքի մի մասն է ընդամենը, այդ հայրենիքի մեծ հատվածի վրա փռված է «բոլշեւիկների կողմից արհեստածին ռասիստական Ադրբեջանը»: Ադրբեջանահայերի՝ այդ տարածքներում խաղաղ բնակվելու երաշխիքը կարող է լինել Արցախի պաշտպանական բանակը: Ադրբեջանահայերը որեւէ միջազգային կառույցի, նաեւ Մինսկի խմբի, մասնակցություն այդ հարցում խիստ մերժում են, քանի որ նրանց կյանքի անվտանգությունը ապահովելու համար 1988-ից մինչ այսօր սպառվել է վստահությունը այդ կառույցների նկատմամբ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել