Կլիմայի փոփոխությունների եւ մարդկանց անուշադրության արդյունքում վտանգված են Սյունիքի անտառները
Աշնան ամիսներին Սյունիքում, շոգ եւ չոր կլիմայով պայմանավորված, հրդեհների շատ դեպքեր են գրանցվել: Վերջին օրերին էլ հրդեհների ահազանգեր են ստացվել մարզի Մեղրու, Սիսիանի եւ Կապանի տարածաշրջաններից: Արդեն երեք օր է, ինչ հրշեջ ջոկատները փորձում են մարել Խուստուփ լեռան լանջերին բռնկված հրդեհը: Սյունիքի մարզային փրկարարական վարչության պետ Արթուր Հարությունյանի փոխանցմամբ, հրդեհն արդեն վերահսկելի էր եւ գրեթե մարվել էր: Մարվել են նաեւ մարզի մյուս տարածաշրջաններում բռնկված հրդեհները:
Սյունիքի մարզային փրկարարական փարչության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ դեկտեմբերի 1-ի դրությամբ մարզում գրանցվել է 215 հրդեհ, նախորդ տարվա 55-ի փոխարեն: Չոր աշնանային եղանակի պատճառով միայն նոյեմբերի 17-29-ն ընկած ժամանակահատվածում մարզի Սյունիք, Վարդավանք, Կապան, Կարճեւան համայնքների վարչական տարածքներում բռնկված անտառային հրդեհների հետեւանքով 83 հա անտառ է վնասվել: Ըստ փրկարարների, հրդեհների բռնկման ու տարածման պատճառ է նաեւ մարդկային գործոնը՝ մարդկանց անփութությունը: Նաեւ վարկած կա, թե տարածքները դիտավորյալ հրդեհում են որսագողերը, որպեսզի որսին հեշտությամբ թակարդը գցեն:
«Շիկահող» պետական արգելոցի տնօրեն Ռուբիկ Մկրտչյանը նշում է, որ երեկ արգելոցի 30 աշխատակիցներով խմբերի են բաժանվել եւ մինչեւ ուշ գիշեր հնարավորին ամեն ինչ արել են Խուստուփի լանջի եւ Շիշկերտ գյուղի վարչական տարածքում բռնկված հրդեհների մարման ուղղությամբ, թեեւ դա արգելոցի աշխատակիցների պարտականությունը չէ, եւ այրվող տարածքներն էլ շատ հեռու էին «Շիկահողից»: Բայց քանի որ Խուստուփ լեռան այդ տեղանքում կան Կարմիր գրքում գրանցված բուսատեսակներ, կենդանատեսակներ, թռչուններ, եւ հրդեհն էլ վնասում է նրանց կերի պաշարը՝ ամեն ինչ արվել է հրդեհի տարածումը կանխելու համար:
Ու մինչ սարերում հրդեհ էին մարում, Կապանի «Օրհուս» կենտրոնում քննարկվում էին անտառային գոտիների վրա կլիմայական փոփոխությունների հետեւանքները եւ դրանց դեմ պայքարի մեթոդները: Բնապահպանության նախարարության անտառային գիտափորձարարական կենտրոնի տնօրեն Անդրանիկ Նուրիջանյանի փոխանցմամբ, կլիմայական փոփոխությունները առավել նկատելի են Սյունիքի մարզում, ուստի եւ վերապատրաստման դասընթացներ կազմակերպում են Սյունիքի տեղացի կադրերի համար:
«Վերջին 2-3 տարիների ընթացքում նախկինում հրդեհված 55 հա-ի վրա անտառապատման աշխատանքներ են տարվել: Բացի այդ կլիմայական փոփոխությունները, անտառային վնասատուներն ու նրանց տարածած հիվանդություններն էլ են լուրջ վտանգ: Պետք է պայքարի տարբեր միջոցառումներ իրականացվեն, որպեսզի դիմակայենք այդ լուրջ վտանգին»,- ասում է պարոն Նուրիջանյանը: