Անձնագրերի եւ վիզաների վարչությունը չի «հանձնվում»
2009 թ. մայիսի 20-ին, այս տարվա մայիսի 26-ին ու նոյեմբերի 19-ին գրել ենք Տավուշի մարզի Խաշթառակ գյուղի բնակիչ՝ 35-ամյա Արտակ Ոսկանյանի մասին: Պետական կառույցների անտարբերության արդյունքում նրա անձը հաստատող միակ փաստաթուղթը գոյություն չունեցող պետության՝ ԽՍՀՄ անձնագիրն է: 25 տարեկանում Արտակն առանց ծնողների է մնացել: 19 տարեկանում կամավոր ներկայացել է Իջեւանի զինկոմիսարիատ, որպեսզի իրեն զինվորական հաշվառման վերցնեն: Սակայն, չգիտես ինչու, չեն հաշվառել: Ու հիմա նրան անձնագիր չեն տալիս, այն պատճառաբանությամբ, որ զինկոմիսարիատում հաշվառում չունի:
Վարչական դատարանը այս տարվա նոյեմբերի 10-ին վճռել է՝ պարտավորեցնել անձնագրերի եւ վիզաների վարչության Իջեւանի բաժանմունքին ՀՀ քաղաքացու անձնագիր տալ Խաշթառակ գյուղում հաշվառված, Իջեւան քաղաքի 35-ամյա բնակիչ, երկու երեխաների հայր Արտակ Ոսկանյանին:
Այս վճռից հետո Իջեւանի անձնագրային բաժանմունքի պետ Մեդորա Չապուխյանը «Առավոտին» ասել էր, թե պատրաստակամ է օգնելու, թող Արտակը հին՝ խորհրդային կարմիր անձնագրով եւ լուսանկարներով իրեն ներկայանա: Արտակն էլ ներկայացել է ու անձնագիր ստանալու փոխարեն պարզել, որ անձնագրերի եւ վիզաների վարչությունը դատարանի վճռի դեմ վճռաբեկ բողոք է ներկայացրել: Տավուշի՝ Շահերի պաշտպանության եւ աջակցության կենտրոնը՝ ՇՊԱԿ, որը վարչական դատարանում պաշտպանել է Արտակ Ոսկանյանի շահերը, պատրաստվում է դրա դեմ առարկություններ ներկայացնել: Անձնագրերի եւ վիզաների վարչությունը բողոքում նշել է, որ Սահմանադրությամբ յուրաքանչյուր քաղաքացի պարտավոր է ծառայել ՀՀ զինված ուժերում: Արտակը թեեւ զինվորական հաշվառման մեջ չի եղել, չի ծառայել, սակայն երբեք ծառայությունից չի խուսափել, այդ պատճառով քրեական հետախուզման մեջ չի գտնվել: Տավուշի ՇՊԱԿ փաստաբան Արփինե Եղիկյանի խոսքերով՝ դեռ հայտնի չէ ՀՀ վճռաբեկ դատարանը վարույթ կընդունի՞ անձնագրերի եւ վիզաների վարչության վճռաբեկ բաղոքը, թե՝ ոչ: Արտակ Ոսկանյանի անձնագրի բացակայության արդյունքում նրա ավագ երեխան մոր ազգանունն է կրում՝ Եգանյան, իսկ կրտսերը հոր՝ Ոսկանյան: Արտակը առողջական լուրջ խնդիրներ ունի, սակայն առանց ՀՀ քաղաքացու անձնագրի չի կարողանում Երեւանում բուժում ստանալ: Նա դիմել է Իջեւանի ոստիկանապետին՝ անձի ինքնությունը հաստատող որեւէ ժամանակավոր փաստաթուղթ ստանալու համար, սակայն պատասխան չի ստացել: Հիմա էլ Տավուշի ՇՊԱԿ-ն է պատրաստվում այդ հարցով դիմել Իջեւանի ոստիկանապետին: