Հանցանքի եւ պատժաչափի անհամատեղելիությունը
Քրեական օրենսգիրքը՝ փոփոխություններով ու լրացումներով հանդերձ, գտնվում է լրամշակման գործընթացում՝ ԱԺ պետաիրավական հանձնաժողովում: Մենք՝ դատապարտյալներս, տեղյակ ենք, որ այդ աշխատանքները ղեկավարում է պատգամավոր Կորյուն Նահապետյանը:
Հետեւաբար, դատապարտյալների անունից ուզում ենք գրավել նրա ուշադրությունը հետեւյալ հարցով:
Նախ, բոլորիս էլ պարզ է, որ փոփոխության են ենթարկվելու տնտեսական հանցագործություններին վերաբերող հոդվածները, որոնք ամենամեծ թիվն են կազմում քրեական աշխարհում:
Մենք դեմ չենք, սակայն անհրաժեշտ է փոփոխել մի շարք հոդվածներ, որոնցով նախատեսվող պատժաչափերն ընդհանրապես չեն համապատասխանում կատարված հանցագործությանը:
Մասնավորապես, խոսքը վերաբերում է ազատազրկվածների շրջանում հայտնի «մարդակուլ» անվամբ՝ 266 հոդվածին՝ թմրանյութերին վերաբերող, որի պատժաչափը ամենադաժանն է գործող քրեական օրենսգրքում: Այդպիսի հոդված, այդպիսի պատժաչափ կարելի է սահմանել միայն այն դեպքում, երբ տեղի է ունեցել խոշոր չափերի իրացում, եւ որի արդյունքում անձը գերշահույթ է ստացել: Ներկայումս, հայաստանյան կալանավայրերում Քրօրի 266 հոդվածով ազատազրկված դատապարտյալների 90 եւ ավելի տոկոսը չի իրացրել, այլ փոխանցել է ընկերոջը, մտերիմին կամ գնել է իր կամ ընկերոջ համար՝ պարտքի դիմաց, նույն արժեքով տալով ընկերոջը: Իսկ դրա համար դատապարտվել է 5-10 կամ 7-15 տարվա ազատազրկման:
Միայն մեր երկրում է, որ թմրամիջոցի քանակները եւ տեսակները ճշգրտված չեն: Նախկին ԽՍՀՄ-ի ժամանակ կանեփը, որը բնության ստեղծածն է եւ դեղ, որակավորում էին Քրօրի տարբեր մասերով եւ պատժաչափերով: Հիմա մեզ մոտ թացը չորից չեն զանազանում, եւ այդ ամենն իրենց հեշտության համար: Անհրաժեշտ է այդ հոդվածը (266) մանրակրկիտ մշակել, փոփոխության ենթարկել, հաշվի առնելով թմրանյութերի տեսակները, քանակը, հաշվի առնելով, որ նման հոդվածով գրեթե բոլոր դատապարտյալները օգտագործողներ են, այլ ոչ թե՝ իրացնողներ: Իրական նարկոբարոնները արդեն դուրս են եկել միջազգային ասպարեզ, որոնք սերտորեն կապված են իշխանության վերնախավի հետ, նրանց նույնիսկ հնարավոր չէ մոտենալ, ուր մնաց թե հոդված առաջադրել: Նրանք հիմա օդային ճանապարհներով են կատարում իրենց՝ այս դեպքում արդեն շահութաբեր գործը, իսկ սովորական մահկանացուն, որը բացի օգտագործելուց ոչինչ չի արել, ճգնում է տարիների բեռից:
Վերջիվերջո, պիտի հասկանալ, որ տվյալ անձը չի թալանել, չի կողոպտել, չի սպանել, բայց արժանացել է նման պատժաչափի: Սա Քրեական օրենսգրքի չարիքներից է, եւ պետք է սահմանել գոնե մեղմացնող պատժաչափ: Հենց այդ մարդակուլ հոդվածն էլ պատճառ դարձավ, որ 23-ամյա Վարուժանն այս տարվա ամռանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ում կախվելու միջոցով վերջ տա իր կյանքին:
Պետք է կիրառվի համատեղելիության սկզբունքը հանցանքի եւ պատժաչափի միջեւ: