Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՐԲ ՏՆՕՐԵՆՆ Է ԽԱՐԴԱԽ

Դեկտեմբեր 09,2010 00:00

«ՀՀ նախագահի եղբոր մտերիմն»  ու «դատախազի տղան» ազատազրկվեցին

Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Արմեն Խաչատրյանի, մասնակցությամբ մեղադրողներ Հովսեփ Սարգսյանի, Գրիգոր Տիգրանյանի, ավարտել էր քրեական հերթական աղմկահարույց գործի դատաքննությունը: Այս գործը ներկայումս գտնվում է ՀՀ քրեական գործերով վերաքննիչ դատարանի վարույթում: Կենտրոնի դատարանում դատապարտվել են Գեւորգ Սուֆլյանը (աշխատել է «Նորարմ» ՍՊԸ-ի տնօրեն, կալանքի տակ է 2009 թ. հունվարի 22-ից), Վարդան Մելքոնյանը (չի աշխատել, կալանքի տակ է 2009 թ. փետրվարի 4-ից), Մարինե Մկրտչյանը (վարսահարդար, խնամքին ունի հաշմանդամ ամուսին եւ մեկ անչափահաս երեխա), Արթուր Գեւորգյանը (չի աշխատում):

Ինչ մեղադրանք է
առաջադրվել

Դեռ 2008թ. սեպտեմբերին Գեւորգ Սուֆլյանը իր սանիկ՝ ՀՀ քաղաքացի Վարդան Մելքոնյանի հետ, ծանոթանալով Երեւանի բնակիչ Ալեքսանդր Հովհաննիսյանի հետ, նրան ներկայացել է որպես ՀՀ նախագահի եղբոր՝ Լեւոն Սարգսյանի մտերիմ: Վարդան Մելքոնյանը ետ չի մնացել իր քավորից, ինքն էլ ներկայացել է որպես ՀՀ Կոտայքի մարզի դատախազի որդի: Նպատակը, ըստ գործի նյութերի, եղել է ՀՀ զինվորական դատախազության նախկին քննիչ, գործարար կապեր ունեցող Ա.Հովհաննիսյանի որդուն՝ կալանքի տակ գտնվող ամբաստանյալ Կարեն Հովհաննիսյանին, քրեական պատասխանատվությունից եւ կալանքից ազատելը: Ալեքսանդր Հովհաննիսյանից «նախագահի եղբոր մտերիմն» ու «դատախազի որդին» ստացել են առաջին անգամ 5 700 000 ՀՀ դրամին համարժեք $19 000 գումար, ապա՝ 3 300 000 ՀՀ դրամին համարժեք $11000 գումար: Ինչպես ընդունված է նման դեպքերում, նրանք որեւէ գործ չեն արել եւ, ընդհանուր առմամբ, «քցել» են 9 000 000 ՀՀ դրամին համարժեք $30 000 գումար:
Մեկ այլ դրվագ էլ առնչվում է Վարդան Մելքոնյանի բարեկամուհու՝ տուժող Անահիտ Սիմոնյանի բնակարանի հետ: Բնակարանը «Արդշինինվեստբանկի» Էրեբունու մասնաճյուղում գրավ դնելու եւ վարկով գումար վերցնելու նպատակով «դատախազի տղան» պատրաստել եւ բանկին է ներկայացրել կեղծ տեղեկանք այն մասին, որ Ա. Սիմոնյանը աշխատում է «Նորարմ» ՍՊԸ-ում որպես փոխտնօրեն եւ ստանում է 1,4 մլն դրամ աշխատավարձ: Դա նպաստել է, որ Անահիտին տրամադրվի վարկ: Ստացված 11,5 մլն դրամից Վ. Մելքոնյանն Անահիտին տվել է 1,2 մլն դրամ՝  օժանդակելու համար, ըստ էության, հափշտակել է վերջինիս 9,8 մլն դրամը:
Վարդան Մելքոնյանը Մարինե Մկրտչյանի հետ պայմանավորվում է վերջինիս ամուսնու՝ Եփրեմ Մկրտչյանի սեփականությունը հանդիսացող բնակարանը, կեղծ փաստաթղթեր օգտագործելով, վաճառել ՀՀ քաղաքացի Արմեն Հովհաննիսյանին: Մ. Մկրտչյանից վերցնում է բնակարանի սեփականաշնորհման վկայագիրը, վերջինիս եւ նրա ամուսնու՝ Եփրեմ Մկրտչյանի, անձնագրերը, որից հետո ձեռք է բերում Եփրեմի տվյալներով ՌԴ Վոլգոգրադ քաղաքի նոտարի կեղծ լիազորագիր եւ այն ներկայացնում Երեւանի կենտրոնական նոտարական գրասենյակ՝ առուվաճառքի գործընթացը սկսելու համար: Նոտարական գրասենյակը հրաժարվում է նշված լիազորագրով գործարք կատարել եւ պահանջում է բնակարանի սեփականատիրոջ պարտադիր ներկայությունը: Ամենակարող Վարդանն այդ մասին հայտնում է Մ. Մկրտչյանին եւ, փոխհամաձայնության գալով, պայմանավորվում է Մ. Մկրտչյանի ամուսնու անձնագրի նկարը ուրիշ անձի նկարով փոխելու եւ այդ անձի հետ նոտարական գրասենյակ ներկայանալու եղանակով իրականացնել բնակարանի առուվաճառքը Արմեն Հովհաննիսյանի հետ: Ըստ գործի նյութերի, նախնական համաձայնության գալով իր վաղեմի ծանոթ Արթուր Գեւորգյանի հետ, պայմանավորվում են Եփրեմ Մկրտչյանի անձնագրի նկարը փոխարինել վերջինիս լուսանկարով: Այդ կեղծ անձնագիրը օգտագործելով նոտարական գրասենյակում՝ Ա. Գեւորգյանը Մ. Մկրտչյանի հետ պետք է ներկայանար որպես բնակարանի սեփականատեր՝ Ե. Մկրտչյանի փոխարեն: Արթուր Գեւորգյանից Վարդանը վերցնում է նրա լուսանկարները եւ պայմանավորվում «դերի համար» Ա. Գեւորգյանին տալ առուվաճառքից հետո որոշակի գումար:

Թե ինչպես «ֆռռացրին» նոտարականին
Երեւանի կենտրոնական նոտարական գրասենյակի դիմացի ավտոկանգառում, Վարդանն իր «AUDI A6» մակնիշի ավտոմեքենայի մեջ, Մարինե Մկրտչյանի ներկայությամբ, Արթուր Գեւորգյանին է փոխանցում Եփրեմ Մկրտչյանի «կենսորոշիչ տվյալներով» լրացված, սակայն Ա. Գեւորգյանի լուսանկարով կեղծ անձնագիրը: Մ. Մկրտչյանը Ա. Գեւորգյանի եւ գնորդ Արմեն Հովհաննիսյանի հետ մտնում են նոտարական գրասենյակ, որտեղ Ա. Գեւորգյանը ներկայանում է գնորդին եւ նոտարին՝ որպես վաճառվող բնակարանի սեփականատեր «Եփրեմ Մկրտչյան»: Եփրեմ Մկրտչյանի տվյալներով լրացված կեղծ անձնագրով գնորդի հետ կնքում են առուվաճառքի պայմանագիր, որտեղ Ա. Հովհաննիսյանից Մ. Մկրտչյանը ստանում է 23 մլն 250 հազար դրամ գումար՝ բնակարանը վաճառելու համար: Սակայն բնակարանը վաճառելուց հետո Մ. Մկրտչյանը այն չի ազատում եւ, Վարդան Մելքոնյանի հետ, խաբեությամբ հափշտակում է Արմեն Հովհաննիսյանին պատկանող 23,250 մլն ՀՀ դրամ գումարը:
Մեկ այլ դրվագով, Վարդանը Խանջյան-41 հասցեում գտնվող «Նորվիկ» վարկային կազմակերպություն է ներկայացրել տուժողներից մեկի՝ «Գրիգ Իսպիր» ՍՊԸ-ում որպես հասարակական սննդի գծով փոխտնօրեն աշխատելու եւ ամսական 180 000 ՀՀ դրամ գումար աշխատավարձ ստանալու մասին իրավունք վերապահող՝ տնօրեն Սպիրիդոն Համբարձումյանի կողմից լրացված, կնիքի դրոշմը կեղծված եւ հաշվապահի փոխարեն նրա կողմից ստորագրված կեղծ տեղեկանք: 302 750 ՀՀ դրամ գումարի չափով սպառողական վարկի պայմանագիր կնքելով «Նորվիկ» վարկային կազմակերպության հետ՝ «Դերենիկ Բանգոյան» Ա/Ձ-ից Վարդանը գնում է «ՍԵԳ» մոդելի սառնարան, գազօջախ եւ հեռուստացույց, սակայն, վերը նշված գույքի նկատմամբ իրավունք ձեռք բերելուց հետո, վարկի գումարի մարման ուղղությամբ որեւէ գործողություն չի կատարել եւ խաբեությամբ հափշտակել է դրանք՝ «Նորվիկ» վարկային կազմակերպությանը պատճառելով 302750 ՀՀ դրամ վնաս:
Գեւորգ Սուֆլյանը, Վարդան Մելքոնյանը դատապարտվել են ազատազրկման 5 տարի 6 ամիս ժամկետով: Մարինե Մկրտչյանին հանցանքների համակցությամբ պատիժները լրիվ գումարելու միջոցով պատիժ էր նշանակվել ազատազրկում 4 տարի ժամկետով եւ տուգանք նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի՝ 200 000 ՀՀ դրամի չափով:
Մարինե Մկրտչյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված չհեռանալու մասին ստորագրությունը թողնվել է անփոփոխ՝ մինչեւ դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը:
Արթուր Գեւորգյանը դատապարտվեց 6 տարի ժամկետով:
Ի դեպ, քավոր-սանիկի բնակարանների խուզարկությամբ հայտնաբերվել էր նաեւ կապիտանի զինվորական կոչման ուսադիրներով զինվորական համազգեստ: Այդ համազգեստով նախատեսված դերը, սակայն, չեն հասցրել խաղալ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել