Լրահոս
Օրվա լրահոսը

Հղիներից վերցնում՝ բյուջեն են լցնում

Դեկտեմբեր 09,2010 00:00

Օրենքի փոփոխության մասին նման կարծիքի է Զարուհի Փոստանջյանը

«Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» օրենքում կատարված փոփոխությունների արդյունքում տուժում են ոչ միայն բարձր աշխատավարձ ստացող հղի կանայք, այլեւ բոլոր այն քաղաքացիները՝ կին, տղամարդ, որոնք ինչ-որ պատճառով ժամանակավոր անաշխատունակ են ճանաչվել:
Այսինքն՝ օրենքի 22-րդ հոդվածով նախատեսվում է, որ յուրաքանչյուր ոք, ով վաստակում է նվազագույն աշխատավարձից հնգապատիկ ավելի, ապա, ժամանակավոր անաշխատունակ ճանաչվելու դեպքում, պիտի փոխհատուցվի մեր երկրում ֆիքսված նվազագույն աշխատավարձի միայն հնգապատիկի չափով: Սա նշանակում է, եթե որեւէ քաղաքացի ստանում է, ասենք, 200 հազար դրամ աշխատավարձ, ապա ժամանակավոր անաշխատունակության նպաստը ստանալու է մոտ 150 հազար դրամի չափով: «Ժամանակավորապես անաշխատունակ ճանաչված անձանց իրավունքների պաշտպանություն» նախաձեռնող խմբի անդամները երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեցին, որ օրենքի այս փոփոխությունը հակասում է ՀՀ քաղաքացիների իրավունքներին եւ կառավարության կողմից ընդունված ռազմավարական քաղաքականության մի շարք դրույթներին: Նախաձեռնող խմբի անդամ Տաթեւիկ Դավթյանի ներկայացմամբ՝ եթե կառավարությունը այս փոփոխությունները հիմնավորում է իբրեւ պայքար խարդախությունների դեմ եւ աղքատության հաղթահարման համար, ապա դա այնքան էլ տեղին չէ: Այսինքն, գործատուները իրենց ծանոթ-բարեկամ հղիներին բարձր աշխատավարձով ընդունում են աշխատանքի, որպեսզի ֆիզարձակուրդ գնալուց հետո պետությունից բարձր նպաստ ստանան: Եվ կառավարությունը, փոխանակ պայքարի խարդախ գործատուների դեմ, պայքարում է անխտիր բոլորի դեմ. «Մասնավորին պատժելու համար՝ հղիներին են պատժում»: Տ. Դավթյանի խոսքերով, երբ փորձել են օրենքի տրամաբանության մասին պարզաբանումներ ստանալ, նրանց պատասխանել են, իբր, աղքատության դեմ են պայքարում, որոշ գերատեսչություններ էլ արհամարհական պատասխանել են՝ ինչո՞ւ եք մտահոգվում, դա 5 տոկոսին է վերաբերում. «Ընտանիք պահող անձանցից գումարը վերցնում են եւ ասում, որ աղքատությունն են հաղթահարում: Սա աղքատության դեմ պայքար չէ, սա աղքատության համահարթեցում է»:
Բացի այդ, օրենքի փոփոխությամբ նաեւ հարկվելու է բոլոր նրանց նպաստի գումարը, որոնք ժամանակավոր անաշխատունակ են ճանաչվել, ընդ որում՝ աշխատավարձը կլինի 70 հազար, թե 270 հազար, ոչ մի տարբերություն չի դրվելու: Ասուլիսին ներկա «Ժառանգություն» խմբակցության անդամ, ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանի ներկայացմամբ էլ՝ «ՀՀ կառավարությունն այս գումարների հաշվին փորձում է համալրել բյուջեն։ Սա ուրիշ կերպ գնահատել հնարավոր չէ։ Կառավարությունն ինքն է նախաձեռնել այս խարդախությունը, այս օրենքի փոփոխությունների միջոցով խարդախությամբ փորձում է տիրանալ հղի կանանց գումարներին: Այդ կանայք աշխատել են, հարկեր են վճարել եւ իրավունք ունեն օգտվելու վճարովի արձակուրդից»։ Օրենքն ընդունելով, ըստ Զ. Փոստանջյանի, պետությունն ընդհանրապես ոչ թե խրախուսում է մայրությունը, ինչը պարտավոր է անել, այլ անում է ամեն ինչ, որպեսզի Հայաստանում չլինեն բարձր որակավորում ունեցող մասնագետներ, որպեսզի նրանք լքեն երկիրը:
«Ժառանգության» ներկայացուցչի խոսքերով՝ խախտվել է Հայաստանի կողմից ստորագրված Սոցիալական խարտիայի 8-րդ հոդվածը, որով աշխատող կանայք ծննդաբերությունից առաջ եւ հետո ապահովվում են առնվազն 14- շաբաթյա վճարովի արձակուրդով: Պատգամավորի վստահեցմամբ՝ պետք է պայքարեն, որպեսզի օրենքը վերանայվի եւ փոփոխություն կատարվի հօգուտ հղիների:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել