Պատմում է երեք զավակների հայրը, ում սեփական մայրը զրկել է տնից
Արդեն երեք տարի է՝ Արագածոտնի մարզի Ապարան քաղաքի Բաղրամյան 30 հասցեում գտնվող տունը երկու եղբայրների համար դարձել է իսկական կռվախնձոր: Բանն այն է, որ այս նույն հասցեում ծնված, մեծացած ու մինչ օրս բնակվող Համլետ Գրիգորյանը այդպես էլ չի կարողանում հասկանալ, թե այդ ինչպես մայրը հասցրեց իրենից խլել տունը, եղբոր ընտանիքին գրանցել այդ հասցեում, նրանց դարձնել համասեփականատեր ու դեռ ավելին՝ տունն էլ նվիրատվությամբ հանձնել մյուս թոռանը: Պարոն Գրիգորյանի պատմելով, ամեն ինչ սկսվեց դեռ տասը տարի առաջ, երբ մահացավ հայրը: Վերոնշյալ հասցեում, բացի պարոն Գրիգորյանից, հաշվառված էին նրա կինն ու երեք երեխաները: Պարոն Գրիգորյանի խոսքով, մինչեւ 2007 թվականը իրենք չեն ունեցել տան սեփականաշնորհման փաստաթուղթ ու, չգիտես ինչու, չեն էլ մտածել այն ձեռք բերելու մասին. «Դե, էդտեղ ծնվել, մեծացել եմ, բոլորն էլ գիտեին, որ դա իմ հորական տունն է»: Բայց արի ու տես, որ նրա մայրն ավելի հեռատես է գտնվել. «Երեք տարի առաջ կադաստրից մեզ ծանուցում ուղարկեցին, որ մայրս դարձել է տան սեփականատերը, սեփականաշնորհման գրքույկում էլ, չգիտեմ ինչպես, հայտնվել են եղբորս ընտանիքի անդամների անունները, ու, որ ամենացավալին է, տունն էլ նվիրատվություն է արվել եղբորս տղային»:
Առեղծվածի բանալին գտնելու նպատակով պարոն Գրիգորյանը նախ դիմել է Ապարանի տարածքային նոտարական գրասենյակ ու պարզել, որ հայրը մահից առաջ կռվախնձոր դարձած այդ տունը ոչ ոքի չի կտակել, իսկ իր հորը պատկանող այդ տունը Ապարանի տարածքային նոտարական գրասենյակում որպես ժառանգություն ոչ ոքի չի տրվել: «Սա չի՞ նշանակում, որ այդ տան սեփականատեր են մեխանիկորեն համարվում բոլոր նրանք, ովքեր այդ հասցեում գրանցված են՝ ես ու իմ ընտանիքի անդամները»,- «Առավոտի» հետ զրույցում ասում էր պարոն Գրիգորյանը: Համոզվելու համար, թե մոր խարդավանքների արդյունքում ինքն ու ընտանիքի անդամները պատահաբար հո դուրս չե՞ն թռել հաշվառումից, պարոն Գրիգորյանը Ապարանի անձնագրային բաժին է դիմել. «Մեզ ծանուցեցին, որ այդ տանը հաշվառված ենք միայն ես ու իմ ընտանիքի անդամները: Հետաքրքրականն այն է, որ այս ամբողջ ապօրինի գործընթացն իրականացնելու համար մայրս անձնագրային գրասենյակից մեր՝ Բաղրամյան 30 հասցեում գտնվող տան անվան տակ փաստաթղթեր է հանել, որտեղ մեր տունը ներկայացված է Բաղրամյանի 65 բնակարան, մինչդեռ ես Ապարանի քաղաքապետարանից տեղեկանք եմ վերցրել, որտեղ նշված է, որ թիվ 30 բնակարանը այս տարվա ապրիլին վերահասցեավորվել է Մարշալ Բաղրամյանի փողոց, տուն 69, իսկ թե ինչպե՞ս է մորս հաջողվել 65 տան անվան տակ սեփականատեր դառնալ ու դեռ նվիրատվություն էլ անել, մեզ համար հանելուկ է դարձել»:
Էլ գերատեսչություն չի մնացել, որ պարոն Գրիգորյանը դիմած չլինի, վերջին ատյանն էլ Վարչական դատարանն էր: «Բայց, ինչպես ասում են, շունը շան թաթ չի կծում, փողով-մողով սաղին առան, ինձ էլ ոչ ոք բանի տեղ չի դնում: Դատարանն էլ վճիռ է կայացրել իրենց օգտին, հիմնավորելով, որ այդ տունը երբեք էլ մերը չի եղել, այդտեղ գրանցված չենք, հլը տես ինչ կեղծություն են արել»,- պատմում է մեզ դիմած քաղաքացին: Նրան ամենից շատ զարմացրել է մոր՝ դատարան ներկայացրած մեկ այլ փաստաթուղթ. «Մի տեղեկանք էր, որտեղ նշված է, թե իբր մայրս՝ Աստղիկ Ղեւոնդի Գրիգորյանը, Բաղրամյան 65 հասցեում գրանցված միակ անձն է, ընդ որում՝ փաստաթղթում նշված է, որ, իբրեւ թե, նա այդ հասցեում հաշվառված է 1971 թվականից: Իր խարդավանքներով մեզ հաղթեց ու դատարանին ստիպեց մեզ մեր տունն ազատելու մասին վճիռ կայացնել»:
Հիմա արդեն Գրիգորյանի եղբայրն ու մայրը ամեն օր նրանց բնակարանը ազատելու կոչերով ու սպառնալիքներով են այցելում. «Հա, դուրս գամ, ո՞ւր գնամ, ի վերջո, մինչեւ ե՞րբ ենք անարդար մարդկանց ձեռքից տուժելու, բա էլ ո՞ւր կորավ էն գաղափարը, թե արդարությունն է հաղթում»: Թե ինչու է սեփական մայրը այդպես վարվում որդու հետ, պարոն Գրիգորյանը դժվարացավ մեկնաբանել, միայն ասաց, որ եղբայրը կնոջ հետ մորը ստիպել են դա անել. «Փողը գիտես ինչեր է անում»: