Լրահոս
Օրվա լրահոսը

Հրդեհից տուժածներով կզբաղվեն

Դեկտեմբեր 09,2010 00:00

Գագիկ Բեգլարյանի վերջին հրահանգները:  Կկատարվե՞ն դրանք արդյոք

Երեւանի քաղաքապետ (արդեն՝ նախկին) Գագիկ Բեգլարյանի հանձնարարությամբ դեկտեմբերի 8-ին   քաղաքապետի տեղակալ Կամո Արեյանն ընդունել է վերջերս Մաշտոցի պողոտայի թիվ 52 եւ 54 շենքերի եւ Կորյունի փողոցի թիվ 21 եւ 21ա շենքերի միջեւ գտնվող սեփական տներում  բռնկված հրդեհից տուժած 14 ընտանիքների ներկայացուցիչներին:
Ինչպես տեղեկացնում են քաղաքապետարանի լրատվական վարչությունից, հանդիպմանը ներկա էին նաեւ քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը եւ Կենտրոն վարչական շրջանի ղեկավարը: «Երեւանի քաղաքապետը հանձնարարել է ձեզ տեղեկացնել, որ ոչ մի ընտանիք դրսում չի մնալու, այդ ուղղությամբ աշխատանքներն արդեն ընթացքի մեջ են, ամբողջությամբ կուսումնասիրվի եւ անհատական լուծում կտրվի բոլոր ընտանիքների խնդիրներին»,- ասել է Կամո Արեյանը: Բնակիչները նշել են, որ կան առավել ծանր վիճակում գտնվող ընտանիքներ, որոնք կորցրել են ամեն ինչ, անգամ հագուստի հետ կապված խնդիրներ ունեն: Երեւանի քաղաքապետի տեղակալը վստահեցրել է, որ առաջնահերթ լուծում կտրվի առավել կարիքավոր ընտանիքների խնդիրներին:
Իսկ «Ա1+»-ի հետ զրույցում Կենտրոն թաղապետարանի թիվ 18 տեղամասի լիազոր ներկայացուցիչ Ռաֆայել Սաքունցը ասել է. «Ինչ-որ տարբերակներ չառաջարկեցին: Ասացին, որ կարճ ժամանակում բոլորին ապահովելու են տներով: Նրանք, ովքեր անհապաղ օգնության կարիք ունեն եւ ապրում են վրաններում, առաջնահերթ բնակարաններ կստանան»: Բնակիչները ասացին, որ այս լուծումն իրենց բավարարում է, իսկ կիրագործվի այն, թե ոչ՝ հարցին պատասխանեցին, որ հավատում են Կամո Արեյանին եւ քաղաքապետին: «Մենք առաջիկայում նորից գալու եւ հանդիպելու ենք քաղաքապետի հետ»,- ասացին նրանք: «Հանդիպումը մեզ հանգստացրեց եւ հույս տվեց, որ անտուն չենք մնա»,- ասաց բնակիչներից Ալլա Ջինանյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել