Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՀՅԴ-Ն ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ՍԿՍԵԼ ՆՈՐ ՇԱՐԺՈՒՄ

Դեկտեմբեր 09,2010 00:00

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը երեկ ասուլիսում հայտարարեց, թե մինչեւ ընտրությունները պետք է նախաձեռնել ընտրական իրավունքների պաշտպանության ընդհանուր շարժում՝ համոզվածություն արտահայտելով, որ հնարավոր է ժողովրդին համախմբել այս գաղափարի շուրջ: «Առավոտի» հարցերին, թե իր կարծիքով՝ ո՞ր կազմակերպությունները պետք է ներգրավված լինեն այդ շարժման մեջ, եւ ինչպե՞ս է այն դրսեւորվելու՝ հանրահավաքներո՞վ, թե՞ այլ ձեւերով՝ պրն Ռուստամյանը պատասխանեց. «Չեմ ուզում հատուկ դետալացնել՝ ալգորիթմի նման, թե այս քայլը կանենք, հետո այն քայլը կանենք: Այդ գաղափարը ես հիմա արծարծում եմ, եւ այն դեռ պիտի քննարկվի՝ մյուս քաղաքական ուժերն էլ այս խնդրի հետ կապված արտահայտեն իրենց տեսակետները: Եթե հիշում եք՝ մենք ունեցել ենք այսպիսի մոտեցում. ընտրությունների նախաշեմին միշտ առաջարկել ենք միասնական շտաբ ձեւավորել ու միշտ մերժվել ենք: Հիմա եթե նորից կմերժվենք… Բայց հիմա չենք ասում, չէ՞, ընտրությունների շտաբ ձեւավորենք: Ասում ենք՝ պաշտպանենք մեր ժողովրդի ընտրական իրավունքը եւ դա իրականացնենք ժողովրդի միջոցով: Քաղաքական ուժերը կազմակերպեն ժողովրդին, որպեսզի ինքը պաշտպանի իր իրավունքները: Հիմա դա ինչպես կլինի՝ զուտ կառուցվածքի առումով, տարբեր առաջարկներ կարող են քննարկվել: Այո՛, չեմ բացառում, որ լինեն ընտրական իրավունքի պաշտպանության բազմակուսակցական կենտրոններ, որտեղ մարդիկ կկարողանան գալ ու իրենց մասնակցությունը բերել այս կարեւոր գործին: Ի դեպ, մեր ժողովրդին թվում է, թե ինչ-որ մեկը պետք է գա ու իր համար ժողովրդավարություն հաստատի այստեղ: Այդպես չի՛ լինում: Մե՛նք պիտի հաստատենք. եթե մենք չենք մասնակցելու այդ գործընթացին՝ չի էլ հաստատվելու ժողովրդավարություն: Ձեւերը կարելի է քննարկել՝ ես գաղափարն եմ ասում: Եվ կարծում եմ՝ սա այն գաղափարն է, որը հնարավորություն է տալիս առավելագույնս մերձեցնելու կողմերին՝ բոլոր նրանց, ովքեր իսկապես շահագրգիռ են մեր ընտրողի ընտրական իրավունքի անձեռնմխելիությունն ապահովելով, քանի որ սա հարցերի հարցն է»:
Արմեն Ռուստամյանը նաեւ հայտնեց, որ Բրյուսելում կայացած Հայաստան-Եվրամիություն խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի 11-րդ նիստում խնդրել է հստակ փորձագիտական գնահատական տալ, թե այդ ինչպե՞ս են որոշել, թե ընտրություններին մասնակցության ցուցակները հրապարակելը մասնավոր կյանքի գաղտնիության խախտում է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել