Կարծում են Ազգային ժողովի պատգամավորները
Ազգային ժողովի անկախ պատգամավոր Լյովա Խաչատրյանը մի քանի ամիս առաջ մեր թերթի հետ զրույցում, խոսելով ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանի եւ վերջինիս անվան շուրջ մամուլում տարածված որոշ լուրերի մասին՝ ասել էր. «Կարծում եմ՝ կան մարդիկ, որոնց ձեռնտու չէ, որ նախագահի կողքին լինի ազնիվ եւ մաքուր մարդ, ինչպիսին Կարեն Կարապետյանն է: Պարզ է, այս մարդկանց համար Կարապետյանը վտանգ է ներկայացնում, եւ այդ է պատճառը, որ ցանկացած պատվեր հնարավոր է: Նրանք, ովքեր հույս են փայփայում, թե ինչ-որ պատվերներ տալով՝ կարող են վնասել Կարեն Կարապետյանին, չարաչար սխալվում են, որովհետեւ նախ, ժողովուրդն է լավ ճանաչում Կարապետյան եղբայրներին, եւ գլխավորը՝ նախագահը բառացի հայտարարեց՝ ականջներդ տեսնում եմ, կպատժեմ: Կրկնում եմ՝ դրանք այն կաշառակերներն ու այն սրիկաներն են, որոնց ձեռք չի տալիս նախագահի կողքին ազնվագույն մարդ»: Ի դեպ, նույն այդ հարցազրույցում պարոն Խաչատրյանը կանխատեսել էր, որ նման բաներ դեռ էլի կլինեն: Փաստորեն, չսխալվեց: Երեկ պատգամավորը մեզ ասաց. «Սա նույն պատմության շարունակությունն է՝ տարածել սուտ լուրեր: Կարծում եմ, բոլորը լավ հասկանում են, թե դա ում է ձեռնտու եւ ով է պատվիրատուն»: Երկու օր առաջ մամուլից հայտնի դարձավ մի սկանդալային պատմություն, ըստ որի՝ Երեւանի քաղաքապետը ծեծի է ենթարկել ՀՀ նախագահի աշխատակազմի աշխատակիցներից մեկին: Եվ ծեծի փաստն օգտագործելով՝ ոմանք անմիջապես տեղեկություններ տարածեցին, թե ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարը հրաժարականի դիմում է գրել հենց այս ծեծի պատճառով: Երեկ խորհրդարանում այս ամենը բուռն քննարկման առիթ էր դարձել, եւ Կարեն Կարապետյանի գործընկերները, Ազգային ժողովի բազմաթիվ պատգամավորներ պարզապես վրդովված էին, որ «որոշ ուժեր փորձում են վարկաբեկել ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարին»: ՀՀԿ խմբակցության պատգամավոր, սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը, «Առավոտին» հայտնելով իր դիրքորոշումը, ասաց. «Ի վերջո գալիս է մի պահ, երբ հարկավոր է իրերը կոչել իրենց իսկական անուններով եւ պարզապես փակել ոմանց բերանը: Կարեն Կարապետյանի հետ անցել ենք պառլամենտական ճանապարհ, եւ այդ ճանապարհին հստակ ընդգծվել են Կարապետյանի պետական մտածողությունը, մարդկային առաքինությունը: Ցավոք, այսօր որոշ ուժերի համար ամեն լավ բանը սեւացնելու փորձերը դարձել են քաղաքական գիծ: Ճանաչելով Կարապետյանին՝ համոզված եմ, որ նրա աշխատանքային գործունեությունը իրականացվում է հանուն Հայաստանի Հանրապետության, հանուն հայ ժողովրդի, եւ դա խանդ է առաջացնում ոմանց մոտ, եւ փորձում են սեւ PR-ով զբաղվել»:
Արծրունի Աղաջանյանը եւս հարկ համարեց իր վրդովմունքը ներկայացնել. «Մեզանում, ցավոք, կարծես վատ ավանդույթ է դառնում հասարակության եւ իշխանության մեջ որոշակի հաստատուն եւ արժանապատիվ դիրքի հասած մարդուն վատաբանել եւ ինչ-որ չեղած դեպքեր կապել այդ մարդկանց հետ: Վերջերս էլ փորձում են չեղած բաներ կապել ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանի հետ: Ինքս իրեն ճանաչում եմ մի քանի տասնյակ տարի եւ համոզված եմ՝ իրոք պետական գործիչ է, եւ երեւի հենց սա դուր չի գալիս որոշ մարդկանց եւ լրատվամիջոցների»:
Մկրտիչ Մինասյանը նույնի մասին ասաց. «Ցավում եմ, որ բամբասանքին այդքան մեծ նշանակություն են տալիս, ըստ երեւույթին՝ պետք է մտածել, որ մեր պետականության նվիրյալների նկատմամբ կա սեւ PR-ի ռեալ իրականացում, որը ոչ միայն վտանգավոր է կոնկրետ մարդու, անձի համար, այլ նաեւ մեր պետականության կայացման ընդհանուր գործի համար: Կարծում եմ՝ մենք բոլորս միասին պետք է լինենք եւ այսպիսի դեպքում ասենք՝ «Ոչ»: ԱԺ անկախ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանի կարծիքով. «Կարեն Կարապետյանը հրաժարական չի ներկայացրել: Շուրջ 15 տարի անձամբ ճանաչելով նրան՝ համարում եմ կայացած գործիչ, որը իրեն հնարավորինս հեռու է պահում քաղաքական խարդավանքներից, ամբողջովին ընկալելի անձնավորություն է հանրության համար»: Ի դեպ, Համլետ Հարությունյանը եւս չի հավատում հրաժարականի այդ պատմությանը. «Ոչ, դա հեքիաթների շարան է, դա որոշակի ուժերի կողմից պետականության հիմքերի խարխլման փորձ է, նկատի ունեմ՝ նպատակն է լարվածություն ստեղծել նախագահի եւ իր աշխատակազմի ղեկավարի միջեւ: Դա ոչ մեկին չի հաջողվի, որովհետեւ Կարեն Կարապետյանը այն պետական եւ քաղաքական գործիչն է, որը կանգնած է մեր պետականության հիմքում»: Մեր հարցին՝ իսկ ովքե՞ր են այս որոշակի ուժերը, պարոն Հարությունյանն ասաց. «Նրանք, ովքեր չեն ուզում հանրապետության նախագահն ունենա միասնական ուժեղ թիմ, թիմ, որն աշխատում է ի շահ մեր պետության եւ ոչ թե պատեհապաշտ է: Բնական է, այսօր իշխանությունը, ինչպես եւ ցանկացած իշխանություն, ունի ընդդիմություն: Իհարկե, սա մտացածին հնարքներ է բանեցնում իշխանությունների դեմ, եւ այդ սլաքը ուղղված է լինում ամենահզոր ֆիգուրներին, որոնք իրենցից ուժ են ներկայացնում եւ անսասան կանգնած են ՀՀ նախագահի կողքին»: Տարածված լուրը հերքեց նաեւ ՀՀԿ խոսնակ, ԱԺ պատգամավոր Էդուարդ Շարմազանովը. «Նախ, ՀՀ նախագահի մամուլի խոսնակն արդեն հերքել է այդ հրաժարականի մասին լուրերը: Ինքս էլ եմ տեղեկացնում, որ այդ լուրերը իրականության հետ կապ չունեն եւ պատկանում են սեւ PR-ի ժանրին»: