Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Տուրք՝ մարզային TV-ների եկամտի 30%-ի չափով

Դեկտեմբեր 09,2010 00:00

Մարզային հեռուստաընկերությունները սա համարում են անհավասար, խտրական ու հակամրցակցային քաղաքականության դրսեւորում:

Մամուլի աջակցության «Ինտերնյուս» հասարակական կազմակերպությունը մշակել է նախագիծ՝ «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին: Նախագիծն ուղարկվել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ղեկավարությամբ գործող «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքը լրամշակող աշխատանքային խմբին, ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովին եւ «Ժառանգություն» խմբակցությանը:
Նախագծի նպատակն է, ինչպես նշված է հիմնավորման մեջ՝ «արձագանքել մարզային հեռուստաընկերությունների արդարացի բողոքին եւ չեղյալ համարել տարածքային/մարզային հեռարձակում իրականացնող հեռուստաընկերություններից գանձվող պետական տուրքի անհիմն բարձրացումը: Խոսքը մեկ մարզի տարածքում սփռում ապահովող հեռուստաընկերությունների մասին է, որոնք մեծ մասամբ սահմանափակված են մարզային մեկ քաղաքի տարածքով»: Սակայն 2010թ. սեպտեմբերի 16-ին ընդունված «Պետական տուրքի մասին» օրենքում կատարված փոփոխություններով անտեսվել են մեկ մարզի առանձին համայնքում եւ մեկ մարզի ամբողջ տարածքում, ինչպես նաեւ մեկից ավելի մարզերի տարածքում հեռարձակվող հեռուստաընկերությունների տարբերությունները: Ըստ «Ինտերնյուսի»՝ անտեսվել են մի քանի կարեւոր հանգամանքներ. «Մարզերի առանձին տարածքներում գործող հեռուստաընկերությունների՝ առաջիկա արտոնագրման մրցույթին չմասնակցելը եւ հետեւաբար իրենց գործող արտոնագրերի երկարացումը մինչեւ 2015 թվական պահպանում է անալոգային հեռարձակման համար տրված արտոնագրերի թե՛ իրավունքները, թե՛ պարտավորությունները, այդ թվում՝ ֆինանսական»: Անտեսվել է նաեւ սփռման գոտիների գովազդային շուկաների տարբերությունը եւ հետեւաբար՝ եկամուտների ստացման էական տարբերությունը. «Այսպիսով, հավասար մրցակցության համար ստեղծվել են անբարենպաստ պայմաններ, որոնք իրականում վտանգել են մարզերում գործող տեղական հեռարձակողների գոյությունը»:
Նշենք, որ նույն հանգամանքը շեշտադրված է նաեւ ՀՀ նախագահին, ՀՀ վարչապետին, ՄԻՊ-ին, ՀՌԱՀ նախագահին եւ այլ պաշտոնյաների մարզային 13 հեռուստաընկերությունների ղեկավարների կողմից դեկտեմբերի 6-ին ուղարկված նամակում, որտեղ տարեկան բազային տուրքերի չափի հավասարեցումը գնահատվում է այսպես. «Մենք, լինելով մարզային փոքր քաղաքներում գործող հեռուստաընկերություններ, այս քայլը դիտում ենք որպես անհավասար, խտրական ու հակամրցակցային քաղաքականության դրսեւորում»: Մարզային հեռուստաընկերությունների ղեկավարները նամակում նաեւ նշել են, թե ենթադրվում էր, որ այս փոփոխությունները պետք է վերաբերեն միայն թվային հեռարձակման համար նոր տեսակի արտոնագրեր ստացող հեռուստաընկերություններին. «Սակայն այն տարածվել է առաջին հերթին մեր՝ մարզերի տարբեր քաղաքներում գործող փոքր հեռուստաընկերությունների վրա, որոնցից շատերը նույնիսկ արտոնագրի գործողության ժամկետը երկարաձգելու համար հանձնաժողով չեն դիմել։
Այսուհանդերձ, հայտնում ենք, որ թույլ օղակ հանդիսացող եւ ֆինանսապես անհամեմատ անկայուն մարզային հեռուստառադիոընկերությունները (մեկ մարզում գործող) ի վիճակի չեն հաղթահարել այն պահանջը, որը դրված է մեզ վրա պետական տուրքի տեսքով։ Համեմատության կարգով տեղեկացնում ենք, որ մարզային որոշ հեռուստաընկերությունների համար տուրքի չափը մեկ տարվա եկամտի 30%-ն է կազմում, եւ հետեւապես հարց է ծագում, թե ինչպես է հաշվարկվել պետական տուրքի այդ չափը եւ, ի վերջո, ինչն է հաշվի առնվել այն սահմանելիս»:
Սեպտեմբերի 16-ի փոփոխությամբ տարեկան բազային տուրքի չափի 20 անգամ աճը գնահատելով իբրեւ ոչ ողջամիտ՝ «Ինտերնյուսն» իր նախագծով փորձել է ապահովել մրցակցության հավասար պայմաններ, ինչպես նաեւ սահմանել «բազային տուրքի ողջամիտ չափը»: Ըստ այդմ՝ առաջարկվում է մեկ մարզի տարածքում սփռման համար տարեկան բազային տուրքի 100-ապատիկի չափը, մայրաքաղաքից դուրս մեկ մարզի առանձին քաղաքների եւ գյուղերի տարածքում սփռման համար՝ տարեկան բազային տուրքի 50-ապատիկի չափը, իսկ մեկից ավելի մարզերի ամբողջ տարածքում սփռման համար՝ տարեկան բազային տուրքի 150-ապատիկի չափը:
Ե՛վ «Ինտերնյուսը», ե՛ւ մարզային հեռուստաընկերություններն ընդգծել են, որ պետտուրքերի չափերի վերանայումը հրատապ լուծում պահանջող հարց է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել