Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԻՑ ՍՓՌՎԵԼ ԵՆ ՍՓՅՈՒՌՔ–2

Դեկտեմբեր 09,2010 00:00

\"\"«Սարդարապատ» շարժումը լրացնում է «Առավոտի»  հինգ տարի առաջվա ահազանգը

«Իշխող ռեժիմի այլ կառույցների նման, ԱԳՆ-ն նույնպես ակոսված է ներկա իշխանությունների բնածին արատներով՝ ստրկամտությամբ, մասնագիտական տկարությամբ եւ ամենակարեւորը՝ անբարո կեցվածքով»,- ԱԳՆ-ի հասցեին այս քննադատությունը երեկ հնչեցրեց «Սարդարապատ» նախաձեռնության անդամ Տիգրան Խզմալյանը՝ նախաձեռնության կազմակերպած «ՀՀ արտաքին գործերի նախարարության պերճանքն ու թշվառությունը» թեմայով քննարկման ժամանակ: Իբրեւ ասվածի վկայություն՝ նա մատնանշեց այն փաստը, որ անկախության 19 տարիների ընթացքում ՀՀ տասը բարձրաստիճան դիվանագետներ, այդ թվում՝ դեսպաններ ու հյուպատոսներ, բնակություն են հաստատել արտերկրներում՝ անգամ քաղաքական ապաստան խնդրելով. «Այդպես վարվեցին Ռուսաստանում ՀՀ նախկին դեսպաններ Գագիկ Շահբազյանն ու Սուրեն Սահակյանը, Գերմանիայում՝ ՀՀ նախկին դեսպան Ֆելիքս Մամիկոնյանը, ԱԳՆ վարչության նախկին պետ Արմեն Խարազյանը»:
Հիշեցնենք, որ «Առավոտը» դեռեւս 2005 թվականի հունվարի 27-ին «Դիվանագիտությունից սփռվել են սփյուռք» հրապարակմամբ տեղեկացրել է, որ ՀՀ շատ դեսպաններ եւ դեսպանատների աշխատակիցներ դիվանագիտական առաքելության ավարտին հայրենիք չեն վերադարձել:
Խզմալյանը չի նշում մարտի 1-ի ողբերգությունից հետո իրապես քաղաքական շարժառիթներով աշխատանքից հեռացված եւ Հայաստանը լքած նախկին փոխարտգործնախարար, Իտալիայում ՀՀ դեսպան Ռուբեն Շուգարյանին, Վրաստանում ՀՀ նախկին դեսպան Լեւոն Խաչատրյանին, ԱԳՆ վարչության ու բաժնի նախկին պետեր Կարինե Աֆրիկյանին ու Էլեն Պետեյանին: «Որեւէ քաղաքացիական պոռթկման մեջ դժվար է կասկածել 2008 թվականից շատ ավելի վաղ Կանադայում ընտանիքով հաստատված նույն երկրում ՀՀ նախկին դեսպան Գառնիկ Նանագուլյանին, ԱՄՆ-ում ՀՀ դեսպանատան նախկին առաջին քարտուղար Մարինե Դավթյանին, ՄԱԿ-ում ՀՀ ներկայացուցչության երկրորդ քարտուղար Նունե Աղասարյանին: Իր ղեկավարների օրինակին հետեւեց նաեւ ՄԱԿ-ում ՀՀ ներկայացուցչության մեկ այլ աշխատակից՝ Արմեն Հովհաննիսյանը, ինչպես նաեւ մի ողջ շարասյուն շարքային ծառայողների, ովքեր օգտագործել են դիվանագիտական կարգավիճակը ոչ թե հայրենիքին, այլ անձնական շահերին ու նպատակներին ծառայեցնելու համար»,- ասաց Խզմալյանը: Քանի որ ՀՀ ԱԳ նախարարությունը, ինչպես եւ կառավարությունն ու խորհրդարանը գոյատեւում ու գործում են բացարձակապես ՀՀ քաղաքացիների հաշվին, բանախոսը գտնում է, որ մենք՝ շարքային հարկատուներս, իրավունք ունենք հաշվետվություն պահանջելու մեր համեստ միջոցներից հարկված գումարների օգտագործման արդյունավետության ու նպատակահարմարության համար. «Միեւնույն ժամանակ դիվանագիտական աշխատանքը պարունակում է երկրի ազգային շահերին ու պետական գաղտնիքներին առնչվող տեղեկությունների իմացություն: Հետեւաբար, բարձրաստիճան դիվանագիտական աշխատակիցների ու նրանց մերձավորների արտագաղթը, որպես կանոն, անխուսափելիորեն հակասում է ազգային ու պետական շահերին՝ ստանալով դասալքության ու դավաճանության եզրեր: Ավելին՝ նման գաղտնիքներ կրող եւ քաղաքական ապաստան հայցող կամ ուղղակի արտերկրում մշտապես հաստատվող դիվանագետները հաճախ օգտագործում են սեփական երկրի կամ նրա դաշնակիցների մասին իրենց հայտնի տեղեկությունները որպես առեւտրի առարկա՝ ապաստան ստանալու համար»:
«Սարդարապատը» նաեւ մի շարք հարցեր է ուղղում նախարար Էդվարդ Նալբանդյանին՝ ակնկալելով արձագանք. «Համապատասխանո՞ւմ է, արդյոք, իրականությանը այն, որ որոշ պաշտոնանկ արված կամ անգամ գործող դիվանագետներ համատեղում են պետական աշխատանքը արտերկրում իրենց կամ ընտանիքների անհատական ձեռներեցություն իրականացնելու հետ: Արդյո՞ք փոխարտգործնախարար Սերգեյ Մանասարյանի ընտանիքի անդամները մշտական բնակություն են հաստատել Բուլղարիայում ու Եգիպտոսում, ԱԳՆ բաժնի պետ Եղիշե Սարգսյանի երկու դուստրերն ապրում են Գերմանիայում, Մեծ Բրիտանիայում դեսպանատան աշխատող Վահրամ Աբաջյանի ընտանիքը մնաց Անգլիայում, Հնդկաստանում ՀՀ նախկին դեսպանի՝ Վահե Գեւորգյանի գերդաստանը գերադասեց բնակվել Մոսկվայում, իսկ Ղազախստանում ՀՀ նախկին դեսպան Էդուարդ Խուրշուդյանի հարազատները որոշեցին մնալ նույն տեղո՞ւմ՝ Ղազախստանո՞ւմ: Ճի՞շտ է արդյոք, որ ԱԳՆ փոխնախարար Կարինե Ղազինյանի երեխաները մշտապես բնակվում են Ռուսաստանում: Ճի՞շտ է արդյոք, որ Ձեր, պարոն նախարար, կինը բնակվում է Ռուսաստանում, իսկ դուստրը՝ Ֆրանսիայում, ընդ որում՝ ՀՀ ԱԳՆ-ի կողմից Փարիզում ամիսը 5000 եվրո արժողությամբ վարձակալվող բնակարանում: Ի՞նչ ասել դեսպանների ու նախարարների մասին, երբ Միավորված Թագավորությունում տարիներ շարունակ բնակվում է ՀՀ նախկին վարչապետ եւ նույն Մեծ Բրիտանիայում նախկին դեսպան, ներկայումս որպես ազգային բարերար ներկայացող Արմեն Սարգսյանը, ում դիվանագիտական պաշտոնը իր երկարատեւ հիվանդության ամիսներին կատարում էր նրա կինը»: «Սարդարապատը» խնդրում է հաստատել կամ հերքել ՀՀ տարբեր դեսպանությունների կողմից ոչ պարկեշտ կամ քրեական ծագում ունեցող անձանց ավտոմեքենաների համար դիվանագիտական «կարմիր համարանիշների» վաճառքի մասին լուրերը, որոնք պարբերաբար հայտնվում են ռուսաստանյան մամուլում: Նախարարին խնդրում են պարզաբանել նաեւ, թե ինչո՞ւ տարիներ ու տասնամյակներ շարունակ ՀՀ ԱԳՆ-ն վարձակալում է օտար երկրների մայրաքաղաքներում թանկարժեք բնակարաններ դիվանագետների եւ նրանց ընտանիքների համար: Այնինչ կարելի էր գնել այդ նույն տարածքները հիփոթեքային վարկով, ինչպես անում են այլ երկրների արտաքին գերատեսչությունները: Արդյունքում, Հայաստանը տվյալ երկրում կունենար անշարժ գույք՝ որպես պետական սեփականություն: Այնինչ առ այսօր ՀՀ ԱԳՆ-ն շարունակում է հսկայական գումարներ վատնել՝ Լոնդոնում եւ Փարիզում, Վաշինգտոնում եւ Ժնեւում եւ այլ վայրերում՝ բնակարաններ վարձելով դեսպանների ու հյուպատոսների համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել