Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՀՀ-Ն ՓՈՐՁՈՒՄ Է ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼ ԱՆՕՐԻՆԱԿԱՆԸ

Դեկտեմբեր 09,2010 00:00

\"\"ԱԳՆ-ի առաջարկած փոփոխությունները մեկնաբանում է ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը

– Պարոն Մելիքյան, երեկ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանն Ազգային ժողովի նիստում ներկայացրեց «ՀՀ միջազգային պայմանագրերի մասին» օրենքի մեջ առաջարկվող փոփոխությունների նախագիծը, որոնց էությունն այն է, որ Հայաստանը կարող է իրավապայմանագրային հարաբերությունների մեջ մտնել նաեւ միջազգայնորեն չճանաչված սուբյեկտների՝ միավորումների ու կազմավորումների հետ: Ի՞նչ դեր կարող են խաղալ այդ փոփոխությունները ԼՂՀ միջազգային ճանաչման տեսանկյունից:
– Ցավոք, Ձեր նշած օրենքը առաջին անգամ չէ, որ դառնում է ՀՀ իշխանությունների քաղաքական պատեհապաշտության զոհը՝ հայ-թուրքական արձանագրությունները այսօրվա մեր պետական քաղաքականության անսկզբունքայնության անկյունաքարն են եւ ճանապարհ բացեցին  այս փոփոխությունների համար: Հարցի էությունը հետեւյալն է՝ Աստանայում պարոն Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ եթե Ադրբեջանը փորձի ռազմական ճանապարհով լուծել ԼՂ հիմնախնդիրը, ապա ՀՀ-ն կճանաչի ԼՂՀ անկախությունը: Առաջարկվող փոփոխությունները  թույլ են տալիս, որ Հայաստանը խաղաղ պայմաններում ԼՂՀ պետական անկախությունը չճանաչի, չձգտի այդպիսի ճանաչման եւ ասի, որ առանց ճանաչելու էլ ամեն ինչ լավ է:  Ստացվում է, որ Արցախը Հայաստանի կողմից ճանաչելու դրդապատճառը կարող է լինել միայն պատերազմը, բայց  խնդիրը միայն այսքանով չի սահմանափակվում, այն պարունակում է ՀՀ միջազգային հեղինակության անկման լրացուցիչ ռիսկեր:
– Ի՞նչ ռիսկերի մասին է խոսքը:
– Ինձ թվում է, որ այս փոփոխությունները վերջին հերթին են վերաբերում Արցախին: Դրանք, ավելի շուտ, միտված են կարգավորելու Հայաստանի հարաբերությունները, օրինակ, Հարավային Օսիայի ու Աբխազիայի հետ: Երեւի թե օրենսդրական այս նախաձեռնության հեղինակները փորձում են այս ձեւով մի կողմից՝ գոհացնել Ռուսաստանին, իսկ մյուս կողմից՝ արդարանալ Վրաստանի առջեւ՝ ասելով, թե չեն ճանաչում Հարավային Օսիայի եւ Աբխազիայի պետական անկախությունը: Սա իսկական աչքակապություն է, որը հանուն  օտարների կարծեցյալ բարեհաճությունը շահելու նպատակի՝ ոտնակոխ է անում մեր իսկ պետական, ազգային շահերը:
 Կա նաեւ մեկ այլ վտանգ: Այս փոփոխությունների ընդունումը, փաստորեն, Հայաստանի համար դուռ է բացում ամեն տեսակի չճանաչված, օրենքից դուրս գտնվող կազմավորումների հետ հարաբերությունների օրինականացման համար: Այդպիսիք կարող են լինել տարատեսակ անջատողական շարժումները, ահաբեկչական եւ ագրեսիվ  աղանդավորական  կազմակերպությունները եւ այլն, եւ այլն: Արցախի ճանաչումը Հայաստանի կողմից կարեւոր է առաջին հերթին այն պատճառով, որ վերջ կտա ԼՂՀ-ի միջազգային իրավական դաշտից դուրս  գտնվելու իրողությանը: Մեր իշխանությունների բռնած ուղին այլ է՝ ՀՀ-ն փորձում է իր համար օրինականացնել անօրինականը, մինչդեռ շատ ավելի արդյունավետ ու կարճ է անօրինականից սահմանազատվելու  ճանապարհը: Ինչեւէ, ստիպված ենք ընդունել, որ Հայաստանում որոշումներ կայացնելիս նախապատվությունը տրվում է սովորաբար առաջին տարբերակին: 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել