Լրահոս
Օրվա լրահոսը

ԲԱՔՎՈՒՄ ԱՐԳԵԼՎԵԼ Է ԹՈՒՐՔ ԴԻՎԱՆԱԳԵՏԻ ԳՐԱԾ ԳԻՐՔԸ

Դեկտեմբեր 08,2010 00:00

«Ազատությունից բռնապետություն». այսպես է կոչվում Բաքվում Թուրքիայի դեսպանատան նախկին աշխատակից Թուրգութ Էրի գիրքը, որն ամբողջությամբ նվիրված է Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիեւի քաղաքական կենսագրությանը: Գրքում բավականին մանրամասնորեն լուսաբանված է Ալիեւի գործունեությունը Խորհրդային Ադրբեջանի պետանվտանգության կոմիտեի նախագահի պաշտոնում, ինչպես նաեւ կոռուպցիոն բնույթի այն մեղադրանքները, որ ներկայացվել էին նրան 80-ականների վերջին:

«Ազատություն» ռ/կ-ի փոխանցմամբ, գրքի լույսընծայումից անմիջապես հետո թուրք հեղինակի դեմ Ադրբեջանում իսկական քարոզչական արշավ է սկսվել: Թուրգութ Էրին նույնիսկ մեղադրում են հայերի քաղաքական պատվերը կատարելու մեջ: Ինքը՝ պաշտոնաթող թուրք դիվանագետը, ով 1994-2000 թվականներին Բաքվում Թուրքիայի դեսպանատանն աշխատել է որպես մամուլի հարցերով խորհրդական, «Ազատություն» ռ/կ-ի ադրբեջանական ծառայությանը տված հարցազրույցում ասել է, թե այդ մեղադրանքները «ծիծաղ են առաջացնում»: «Պարզապես իմ գրքի ի հայտ գալով ադրբեջանական իշխանությունները զրկվում են պատմությունը խեղաթյուրելու հնարավորությունից»,- ասել է թուրք գրողը: Նրա խոսքով, Ադրբեջանի իշխանությունները ցանկանում են հանրությանը ներկայացնել ոչ միայն խորհրդային շրջանի, այլեւ 90-ականների պատմության խմբագրված տարբերակը: Թուրք դիվանագետի գրքի ի հայտ գալը ստիպել է ադրբեջանցի պատգամավորներին լրջորեն մտածել «Ազգային առաջնորդ Հեյդար Ալիեւի մասին» օրենքի մշակման անհրաժեշտության մասին: Եթե նման օրենք ընդունվի, ապա Ադրբեջանի նախկին նախագահի կարգավիճակը հավասարազոր կլինի այն դիրքին, որն այսօր Թուրքիայում ունի Քեմալ Աթաթուրքը: «Նման քայլը գրեթե անհնարին կդարձնի քննադատությունը Ալիեւի հասցեին»,- նշում են Բաքվում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել