Լրահոս
Օրվա լրահոսը

Ինտերնետը կլանում է մարդկանց

Դեկտեմբեր 08,2010 00:00

Բայց դրական ազդեցություն ունի, երբ  մարդը ինքն է ղեկավարում այն

Այսօր ինտերնետն իր ուրույն տեղն է գտել մարդկանց կյանքում: Այն ոչ միայն ծառայում է որպես օպերատիվ ինֆորմացիա ստանալու աղբյուր, այլեւ հանդիսանում է միջանձնային հարաբերությունների միջնորդ, թույլ տալիս հաղթահարել տարածությունը, ժամանակը, ձեռք բերել մտքի ազատություն, գտնվել աշխարհի նորությունների կիզակետում եւ այլն: Ինտերնետում մարդը կարող է իրեն դրսեւորել տարբեր կերպ, լինել միաժամանակ մի քանի անձնավորություն: Ինտերնետի միջոցով մարդիկ գիտելիքներ են ստանում, աշխատանք գտնում, ամուսնանում: Սակայն ինտերնետը ոչ բոլորն են կիրառում անհրաժեշտության դեպքում, արդյունքում՝ ընկնում են կախվածության մեջ: Կախվածությունը ինտերնետից մեծանում է հատկապես այն դեպքում, երբ մարդը կիրառում է այն զվարճանքներ փնտրելու նպատակով՝ կամա թե ակամա կտրվելով իրական կյանքից:

«Ինտերնետը վիրտուալ կյանք է ստեղծում: Իսկ դրանից կախվածության մեջ գտնվող մարդկանց բնորոշ է մենակության վախը, նեղ շրջապատ ունենալը, սիրային հարաբերությունների պակասը: Ինտերնետի միջոցով նրանք գտնվում են կապի մեջտեղում եւ իրենց պաշտպանված են զգում»,- ասում է հոգեբան Նարինե Խաչատրյանը, հավելելով, որ ինտերնետային շփումը առօրյա խնդիրներից ազատագրվելու մի տարբերակ է: «Այս դեպքում մարդը խզում է իր կապերը իրական կյանքի հետ՝ օրվա մեծ մասը ապրելով վիրտուալ կյանքով: Այստեղ երբեմն ի հայտ են գալիս հոգեբանական եւ առողջական խախտումների նշաններ: Հոգեբանական խախտումների նշաններն են՝ համակարգչից հաճույք ստանալը եւ էկրանի առջեւ լավ ինքնազգացողությունը, կանգ առնել չկարողանալը, առանց ինտերնետի ընկճախտային վիճակում հայտնվելը, աշխատանքի կամ ուսման հետ կապված խնդիրների առաջացումը: Իսկ առողջական խախտումների նշաններն են՝ գլխացավերը, աչքերի կարմրությունը, մեջքի ցավերը, ոչ կանոնավոր սնունդը, քնի խանգարումը»,- շեշտում է հոգեբանը:

Ն. Խաչատրյանի խոսքերով՝ ինտերնետը դրական ազդեցություն ունի, երբ մարդը ինքն է ղեկավարում այն, ինքն է ընտրություն կատարում՝ իմանալով, թե ինչ ինֆորմացիա է ուզում ստանալ, իսկ երբ մարդը ինտերնետային ցանց է մտնում միմիայն հետաքրքրության համար, տեղեկատվությունն է ընտրում նրան, եւ մարդը ինքնըստինքյան կախվածության մեջ է ընկնում, խանգարվում է նրա կյանքի ռիթմը: Ինֆորմացիան ինտերնետում կտրատված է, ոչ խորքային, ներկայացված է նկարներով, անսահման է, անընդհատ կրկնվող: Ինտերնետը ինքն է կազմակերպում ընկալման հերթականությունը՝ մարդուն կլանելով իր մեջ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել