Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Գնահատվում է նրանց աշխատանքը, ովքեր պրոֆեսիոնալ են մոտենում գործին»

Դեկտեմբեր 08,2010 00:00

Ասում է ՀՖՖ մրցավարական եւ տեսչական բաժնի պետ Կարեն Նալբանդյանը

\"\"Կարեն Նալբանդյանը դեռ մեկ տարի առաջ սպասարկում էր ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի հանդիպումները: Այսօր փորձառու մրցավարն արդեն թողել է մրցավարական գործունեությունը, անցել տեսչական աշխատանքի, իսկ վերջերս էլ՝ ստանձնել ՀՖՖ մրցավարական եւ տեսչական բաժնի պետի պաշտոնը:

Կարեն Նալբանդյանի հետ «Առավոտի» զրույցը հայկական ֆուտբոլի կարեւորագույն ու ցավոտ խնդիրներից մեկի՝ մրցավարության մասին է:

– Ինչպե՞ս կգնահատեք երիտասարդ մրցավարների աշխատանքը առաջնության վերջնամասում:

– Վատ չեմ գնահատի: Առաջնության չորրորդ շրջանը համարյա ամբողջապես վարեցին երիտասարդ մրցավարները, ովքեր մինչ այդ միայն առաջին խմբի հանդիպումները սպասարկելու փորձ ունեին, ու կյանքն էլ ցույց տվեց, որ իրենց նախորդներից վատ չդատեցին՝ այդ լարված, վճռորոշ փուլում կոպիտ սխալներ գրեթե թույլ չտվեցին:

– Մրցավարների հետ կապված այդ աննախադեպ որոշումը հրապարակելիս որակազրկման որեւէ հստակ ժամկետ չնշվեց: Այժմ արդեն պա՞րզ է, թե հաջորդ մրցաշրջանում ովքեր են սպասարկելու բարձրագույն խմբի հանդիպումները:

– Այդ հարցը դեռ վերջնական լուծում չի ստացել, սակայն, կարծում եմ, մոտ ժամանակներում հստակություն կմտնի:

– ՀՖՖ նախագահը վերջին ասուլիսում հպանցիկ անդրադարձավ մրցավարների աշխատանքում որոշակի նորամուծություններին: Կմանրամասնե՞ք, թե ինչ փոփոխություններ են սպասվում գալիք մրցաշրջանում մրցավարական-տեսչական ասպարեզում:

– Կարծել, թե կարող ենք գտնել մի մեթոդ, որի կիրառումով վերջ կդրվեն մրցավարական սխալներին, անմտություն կլինի: Եթե այդպիսի մեթոդ լիներ, այն շատ վաղուց արդեն իր կիրառումը ստացած կլիներ: Սակայն կան ծրագրված բազմաթիվ աշխատանքներ, որոնց իրագործումը կնպաստի մրցավարության զարգացմանը Հայաստանում, երիտասարդ մրցավարների աճին: Վերջին ասուլիսում ՀՖՖ նախագահը խոսեց մրցավարների՝ Իտալիայում եւ Իսպանիայում փորձի փոխանակման ծրագրի մասին: Դրան անդրադառնալը դեռ վաղ է: Ինչ վերաբերում է հենց մեր աշխատանքներին, ապա դրանք ծրագրում ենք սկսել արդեն դեկտեմբերի կեսերին, նախ՝ օրական երկու պարապմունքով, ապա՝ նաեւ երեք: Խոսքը ֆիզպատրաստվածության եւ տեսության պարապմունքների մասին է: Դրանից հետո պլանավորում ենք անցկացնել 5-7 օր տեւող մրցավարական հավաք, որը կեզրափակվի մրցավարական թեստերի հանձնումով: Այն մենք ուզում ենք համապատասխանեցնել ՈՒԵՖԱ-ի եւ ՖԻՖԱ-ի չափանիշներին: Շատ կուզենայինք, որ այդ թեստերի անցկացմանը ներկա լինեին ՈՒԵՖԱ-ի մրցավարական կոմիտեի ներկայացուցիչները: Փոփոխություններ են նախատեսված նաեւ խաղերի վերլուծության գործընթացում՝ մրցավարական յուրաքանչյուր բրիգադի համար:

Բացի այդ, երիտասարդ ու խոստումնալից մրցավարներին կկցվեն երեք փորձառու մրցավարներ՝ Սլավա Ղազարյանը, Գեւորգ Հովհաննիսյանը եւ ես, հսկողության տակ կպահենք ու մեկ-երկու մրցաշրջանում կաշխատենք նպաստել այդ երիտասարդների աճին: Այս բոլոր աշխատանքների ճիշտ կազմակերպումը, հաստատ, դրական արդյունք կտա: Իսկ առհասարակ, գնահատվում է նրանց աշխատանքը, ովքեր պրոֆեսիոնալ են մոտենում գործին, ովքեր աշխատում են:

– Ովքե՞ր են մասնակցելու ձեր նշած մրցավարական հավաքներին՝ երտասարդնե՞րը, թե՞ նաեւ որակազրկման ենթարկված մրցավարները:

– Ինչպես արդեն ասացի, վերջինների հետ կապված որեւէ հստակություն դեռ չկա: Հստակ չէ նաեւ մրցավարական հավաքի մասնակիցների կազմը: Ավելի կոնկրետ կարող եմ ասել միայն այն, որ այդ հավաքին կմասնակցեն բոլոր նրանք, ովքեր պիտի սպասարկեն հաջորդ մրցաշրջանի հանդիպումները: Չի բացառվում նաեւ մի քանի երիտասարդ մրցավարի մասնակցություն՝ փորձ ձեռք բերելու ու պրոֆեսիոնալ մոտեցումներին ծանոթանալու համար:

– ՀՖՖ ղեկավարությո՞ւնն է որոշում հավաքների կազմը:

– Նախնական ծրագրերը պիտի հաստատեն մրցավարական կոմիտեն, ապա՝ գործկոմն ու ՀՖՖ նախագահը:

– Պարոն Նալբանդյան, իսկ ի՞նչ կասեք Հայաստանի մրցավարական դպրոցի ընդհանուր վիճակի մասին. ովքե՞ր են այսօր դառնում մրցավար:

– Մրցավարներ դառնում են այն մարդիկ, ովքեր ցանկություն ունեն զբաղվել այդ գործով: Սակայն մեկամյա մրցավարական դպրոցը չի տալիս այն ամենն, ինչ անհրաժեշտ է գործնականում լավ մրցավար լինելու համար: Կարելի է զուգահեռներ անցկացնել հանրակրթական դպրոցի տարրական փուլի հետ: Մրցավարական դպրոցը տալիս է միայն նախնական գիտելիքներ: Միջին դպրոցը մեզ մոտ համապատասխանում է պրակտիկ գործունեությանը՝ մրցավարական կոմիտեի հսկողության ներքո: Որակյալ մրցավար դառնալու համար տարիներ են պահանջվում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել