Լրահոս
Օրվա լրահոսը

«ԼԱՎԱԳՈՒՅՆ ՏԱՍՆՅԱԿ». ԻՆՉՊԵՍ ԷԼ ԸՆՏՐԵՍ, ԴԺԳՈՀՈՂՆԵՐ ԼԻՆՈՒՄ ԵՆ

Դեկտեմբեր 08,2010 00:00

\"\"Ավանդույթի համաձայն, ամեն տարվա դեկտեմբերին մարզական լրագրողները որոշում են անցնող մրցաշրջանի Հայաստանի 10 լավագույն մարզիկներին:

Ինչ խոսք, լավ է, որ տարեցտարի մեր մարզիկների արդյունքները աշխարհի, Եվրոպայի առաջնություններում, միջազգային խոշորագույն մրցաշարերում այնքան են շատանում, որ լրագրողներն արդեն դժվարանում են տասը լավագույնների ցուցակում նրանց արժանի տեղը որոշել: Սակայն խնդիրը նաեւ երկրորդ կողմն ունի, ինչի մասին «Առավոտը» մեկ անգամ չէ, որ գրել է: Ամեն մի մարզական լրագրող իր պատկերացումներն ունի մարզաձեւերի, այսպես կոչված, առաջնահերթության, այս կամ այն մարզիկի ցուցանիշն ավելի կարեւորելու հարցում եւ ազատ է ընտրություն կատարելիս: Բայց, որպես կանոն, միշտ դժգոհողներ լինում են՝ ինչ էլ անես, բոլորին չես գոհացնի: Եվ դա իր պատճառներն ունի՝ հիմնավոր, կամ անհիմն: Նախ, հստակեցված չէ, թե ընտրություն կատարելիս ի՞նչ սկզբունքով պետք է առաջնորդվել: Նախապատվությունն առաջին հերթին տալ օլիմպիական մարզաձեւերի՞ն, հետո՞ միայն, եթե թափուր տեղ մնա, ոչ օլիմպիականներին: Իսկ այդ դեպքում ո՞ւր է մնում, ասենք, պրոֆեսիոնալ բռնցքամարտը, որտեղ, ինչպես գիտենք, միայն երկու վարկածներով աշխարհի չեմպիոն Վախթանգ Դարչինյանն է պաշտպանում Հայաստանի մարզական դրոշի պատիվը: Եթե հավասարության սկզբունքն ընդունենք, միայն արեւելյան մարտարվեստների տարբեր «դպրոցների» մեր մարզիկները տարեկան աշխարհի, Եվրոպայի առաջնություններում տասնյակ չեմպիոնական ոսկիներ են նվաճում: Հետեւաբար, եթե բոլորին դնենք միեւնույն հարթության վրա, ապա մեզանում ոչ թե լավագույն տասնյակին պետք է որոշել, այլ առնվազն քսան-քսանհինգին: Այս ամենից բացի, կարեւոր դերակատարություն են ունենում թեկնածուների ցուցակը կազմողների վրիպումները, բացթողումները: Որպես օրինակ բերեմ ծանրորդներին, որպեսզի մյուս մարզաձեւերի ներկայացուցիչները չնեղանան: Այս տարվա՝ մեզ ներկայացված ցուցակում Սմբատ Մարգարյանի անվան դիմաց գրված է. Եվրոպայի արծաթե մեդալակիր եւ պատանիների չեմպիոն (մոռացվել է Սինգապուրի պատանեկան անդրանիկ օլիմպիական խաղերի բրոնզը): Բայց եթե տասնյակի իմ տարբերակն առաջարկելու լինեմ, ո՞ւմ անունը գրեմ, նրա՞, թե՞ Արա Խաչատրյանի, որը ներկայացված է որպես միայն Եվրոպայի արծաթե մեդալակիր: Իսկ ո՞ւր մնաց Անթալիայում անցկացված աշխարհի առաջնությունում Արայի՝ պոկում վարժությունում նվաճած աշխարհի չեմպիոնական ոսկին, որն իմ ու գործընկերներիս համար կարող էր որոշիչ դեր կատարել այս երկու ծանրորդների միջեւ ճիշտ ընտրություն կատարելու ժամանակ:

Ինչ վերաբերում է «Լավագույն թիմ» անվանակարգին, թեկնածուների մեջ նշված են ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը, որը պատմության մեջ առաջին անգամ ՖԻՖԱ-ի վարկանիշային դասակարգման ցուցակում բարձրացել է 59-րդ հորիզոնական, հունահռոմեական ըմբշամարտի հավաքականը, որն աշխարհի գավաթի երեւանյան խաղարկության 3-րդ մրցանակակիրն է, բասկետբոլի կանանց հավաքականը, որը Եվրոպայի գավաթի առաջնությունում 3-րդից անցել է երկրորդ խումբ, Եվրոպայի ակումբային առաջնության երրորդ մրցանակը նվաճած շախմատի կանանց «Միկա» ակումբը եւ ծանրամարտի հավաքականը, որը Եվրոպայի թիմային առաջնությունում գրավել է 4-րդ տեղը: Փառք ու պատիվ բոլորին էլ: Սակայն լավագույնների ցուցակը կազմելուց հետո մեր մինչեւ 16 տարեկան շախմատիստները Թուրքիայում նվաճեցին այդ տարիքային խմբի համաշխարհային օլիմպիադայի հաղթողի տիտղոսը: Նրանց հե՞տ ինչպես վարվենք: Չէ՞ որ մրցաշրջան 2010-ը դեռ չի ավարտվել, ու այս վերջին նվաճումը նույնպես այս տարվանն է:

Ասվածին կարող են հակադարձել, թե ներկայացված ցուցակն ընդամենը կողմնորոշիչ է, եւ յուրաքանչյուր մարզական լրագրող ազատ է ընտրել դրանից դուրս հայտնված ցանկացած մարզաձեւի՝ իր պատկերացումով ավելի արժանի ներկայացուցչի: Բայց եկեք ընդունենք, որ ոչ բոլոր լրատվամիջոցներում են սպորտի բաժինը վարում սպորտի հետ շատ թե քիչ կապված ու այդ ոլորտում եփված մասնագետներ: Այդպիսիք հաճախ ընդամենը հընթացս սպասարկում են տվյալ լրատվամիջոցի նաեւ սպորտի բաժինը ու բացառված չէ, որ առաջնորդվեն հենց իրենց ձեռքը տրված ցուցակով: Իսկ այդ դեպքում ձայների քանակը կարող է վճռորոշ լինել:

Մեր առաջարկը հետեւյալն է: Պետք է սպորտի պետական կառույցի, օլիմպիական կոմիտեի, ֆեդերացիաների եւ մարզական լրագրողների հանդիպում կազմակերպել եւ որոշել, թե այսուհետեւ ի՞նչ սկզբունքով են կազմվելու լավագույն անվանակարգերի ցուցակները, եւ ընտրությունը կատարելիս առաջնահերթության ի՞նչ սկզբունքներ են կիրառվելու: Այդպես ընտրությունը, կարծում ենք, կլինի ավելի արդար ու ոչ ոք մյուսներից չի նեղանա:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել