Լրահոս
Օրվա լրահոսը

Վահանակներ՝ «Էրեբունի» արգելոց-թանգարանում

Դեկտեմբեր 08,2010 00:00

Դեկտեմբերի 14-ին «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանում տեղի կունենա «Ճանաչենք Հայաստանի հուշարձանները» հասարակական կազմակերպության տարեվերջյան միջոցառումը՝ նվիրված հնավայրի տարածքում տեղադրված բազմալեզու տեղեկատվական վահանակների բացմանը, ինչպես նաեւ այցելուներին հնարավորություն ընձեռելով այսուհետ թանգարանի մշտական ցուցադրությանը ծանոթանալու փաստավավերագրական նորացված նյութերով ու մեկնաբանման նոր հնարքներով համալրված ցուցափեղկերից:

Էրեբունին ինչպես տարածաշրջանի, այնպես էլ հայկական հնագիտական ժառանգության նշանավոր հուշարձաններից է, մեկը Ուրարտու պետության հյուսիսային սահմանի երկայնքով կառուցված ուրարտական հզոր բերդաքաղաքներից, կարեւորագույն տնտեսական, քաղաքական ու մշակութային կենտրոն:

Ինչ վերաբերում է «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանին, ապա վերջինի գլխավոր գործառույթը ստեղծման օրվանից ( 1968թ.) Երեւանի վարչական սահմաններում գտնվող 3 կարեւորագույն հնագիտական հուշարձանների (Էրեբունի, Թեյշեբաինի քաղաքատեղիներ եւ Շենգավիթ բնակատեղի) պահպանությունը, գիտական ուսումնասիրությունը եւ դրա արդյունքները հանրությանը ներկայացնելն է՝ ապահովելով ոչ միայն հուշարձանների մեկնաբանություն գիտական հանրության, այլ նաեւ՝ դյուրըմբռնում հասարակության լայն շրջանակի համար՝ ներառյալ դպրոցահասակ եւ ուսանող երիտասարդությունը: Հնավայրի հանրահռչակմանն ուղղված բարելավումների շրջանակում, ԱՄԱՓ-ի եւ արգելոց-թանգարանի գործակցության շնորհիվ, այսուհետեւ հնավայրի տարածքում տեղադրված բազմալեզու տեղեկատվությունը կշեշտի Էրեբունիի պահպանության եւ այն սերունդներին փոխանցելու կարեւորությունը: Բացօթյա վահանակները ազատ շրջայց նախընտրողներին հետայսու հնարավորություն կընձեռեն տեղաշարժվել ուղեցույց նշանների օգնությամբ, առանց էքսկուրսավարի միջնորդության ընկալել հուշարձանն ու վայրի նշանակությունը: Իսկ մշտական ցուցադրությունը դիտողներին կներկայանա թանգարանի ֆոնդերում պահվող փաստավավերագրական նոր լուսանկարներով, ինչպես նաեւ կինովավերագրող Աշոտ Մովսիսյանի՝ Արեւմտյան Հայաստանում արված եւ Սանկտ Պետերբուրգի Պետական էրմիտաժից համագործակցության արդյունքում ձեռք բերված լուսանկարներով: ԱՄԱՓ- ի ծրագրերն իրականացվում են հովանավորների՝ «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի՝ Հայաստանում եւ տարածաշրջանում բջջային կապի առաջատար օպերատորի, Գյումրիում Իտալիայի պատվո հյուպատոսի, Հայաստանում ԱՄՆ դեսպանների մշակութային հիմնադրամի, USAID/ CAPS-ի, Նորվեգիայի ԱԳՆ-ի աջակցության շնորհիվ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել