Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեռնելու է՞լ իրավունք չունեմ»

Դեկտեմբեր 08,2010 00:00

Պրեմիերա Պարոնյանի անվան թատրոնում

\"\"«Ժիրայր Անանյանը ափը դնում էր մարդու ցավերի վրա»,- ասել է բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանը: Օրերս Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում կայացավ դրամատուրգ Ժիրայր Անանյանի պիեսի հիման վրա բեմադրված «Մեռնելու է՞լ իրավունք չունեմ» ներկայացման պրեմիերան: Բեմադրող ռեժիսորն է Երվանդ Ղազանչյանը, դերերում՝ Հովակ Գալոյան, Տիգրանուհի Տեր-Մարկոսյան, Ռուզաննա Գասպարյան, Սամվել Բաղինյան եւ այլք:

2 գործողությունից բաղկացած ներկայացումը պատմում է հայ թատերագրի ցավի, մտածումների մասին: Գլխավոր հերոսը՝ Արամը, որոշում է իրեն նետել պատուհանից գիշերվա կեսին: Նա այլեւս ապրելու իմաստ չի տեսնում, քանի որ չի կարողանում մի կտոր հաց վաստակել ընտանիքի համար, ամեն ինչ շուրջը կեղծ է ու դատարկ: Կնոջ լացից ու ամուսնու գոռգոռոցներից արթնանում են շենքի հարեւանները եւ հերթով գալիս տեղեկանալու՝ ինչո՞ւ է Արամը գիշերվա կեսին բղավում շենքով մեկ: Մեկը գալիս է համոզի, որ երիտասարդը ցած չնետվի, մյուսը մեկ այլ բան է առաջարկում, իսկ Արամը անգամ չի էլ ճանաչում հետաքրքրասեր հարեւաններին: Արամը մտածում է՝ եթե անգամ մեռնի էլ, նույնիսկ Հայաստանի գրողների միությունը պատշաճ կարգով չի հոգա իր անդամի թաղման արարողությունը. «Մի խղճուկ դագաղ կտան, կասեն պառկի, սա քեզ բավական է: Լավը չեն տան, լավը կպահեն իրենց…»: Արամի ձայներից վերջապես արթնանում է մայրը եւ քմծիծաղով ասում, որ իր որդին երբեք էլ պատուհանից չի նետվի, որովհետեւ վախկոտ է: Մոր խոսքից հետո Արամը իջնում է պատուհանից եւ գնում քնելու՝ քթի տակ խոսելով, թե «ապրելու իրավունք չունեմ, մեռնելու է՞լ իրավունք չունեմ…»:

Ե. Ղազանչյանի խոսքով. «Արամի ցավն այսօր շատերն են կրում իրենց սրտում: Բեմադրությունը կոչ է, որ մարդիկ չշարունակեն լռել: Արամի նման իրականությունը ցավով ընդունող մարդիկ շատ կան: Գուցե չեն երեւում հասարակության մեջ, բայց նրանք կան ու մտածում են, գուցեեւ լռում են»:

Ե. Ղազանչյանի փոխանցմամբ, Ժիրայր Անանյանի գործերը շատ թատրոններում են խաղացվել՝ Մայր թատրոնից մինչեւ օվկիանոսից այն կողմ. «Սեւերն էլ են խաղացել այս պիեսը: Անանյանի պիեսները «կերակրել» են հայ թատրոնը վերջին 2 տասնամյակների ընթացքում: Ողջ ներկայացման ընթացքում քանի տեղ հանդիսատեսը շունչը պահած լսում էր… Մենք խոսեցինք հանդիսատեսի հետ իր ցավի մասին, իր հարեւանի, ծանոթի, ընկերոջ, բարեկամի մասին: Եվ այս ամենը պիտի հետաքրքրեր մարդկանց: Հանդիսատեսն արդեն հոգնել է Օլգաներից, Զոյաներից, Ժակլիններից… Հայ մարդու հետ պետք է խոսենք հայի լեզվով, հայի մասին»:

Հարցին, չի՞ վիրավորվի արդյոք ՀՀ գրողների միությունը իր բեմադրության մեջ արված ակնարկից, ռեժիսորը պատասխանեց. «Այս գործը Ժիրայրը գրել է իր եւ մեր ընկերոջ՝ Ազատ Շահինյանի մասին: Չեմ կարծում, թե որեւէ վիրավորական բան կա նրանում, թե Գրողների միությունը ինչպիսի վերաբերմունք կցուցաբերի իր անդամի հանդեպ, եթե որեւէ դեպք պատահի վերջինիս հետ»:

Ե. Ղազանչյանը հավելեց նաեւ, որ պատահական չէ հայ դրամատուրգի՝ Ժիրայր Անանյանի այս գործի ընտրությունը. «Ապրած տարիների ինչ-որ մի հանրագումար գալիս է հուշելու, որ պետք է պարբերաբար զբաղվես հայ ժամանակակից հեղինակներով: Ես էլ չեմ կարողանում պատկերացնել հայ թատրոնն առանց հայ ժամանակակից, դասական, ազգային դրամատուրգի: Այդ բոլորը ոչ ուզբեկը պետք է խաղա, ոչ մոլդովացին: Կարծում եմ՝ քամահրանքով ենք վերաբերվում մեր արժեքներին: Ես հատկապես իմ երիտասարդ գործընկերներին կխնդրեի, որ ուրիշ տեղեր չփնտրեն իրենց հաստատվելու իրավունքն ու հնարավորությունը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել