Լրահոս
Օրվա լրահոսը

ԲՐԱԶԻԼԱԿԱՆ «ՄԱՐԳԱՐԻՏ»՝ ՀԱՅ ՀԱՆԴԻՍԱՏԵՍԻՆ

Դեկտեմբեր 08,2010 00:00

\"\"Հայաստանում է ճանաչված դաշնակահարուհի Մարիա Ժոզե Կարրասկեիրան

Գերմանիայում եւ Սլովակիայում հյուրախաղերից հետո, «Արամ Խաչատրյան» համերգասրահում դեկտեմբերի 10-ին Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը (ՀՊՖՆ) այս տարի հանդես կգա վերջին անգամ: Մենակատարն է բրազիլացի ճանաչված դաշնակահարուհի Մարիա Ժոզե Կարրասկեիրան: Դիրիժոր Ռուբեն Ասատրյանի ղեկավարությամբ, այլ ստեղծագործությունների թվում, Հայաստանում առաջին անգամ կհնչի բրազիլացի անվանի կոմպոզիտոր Էդմունդո Վիլլանի-Կորտեսի 3-րդ դաշնամուրային կոնցերտը:

Մ. Ժոզե Կարրասկեիրայի հետ զրույցը «Առավոտը» սկսեց հայ եւ բրազիլացի երաժիշտների ոչ հաճախ փոխայցելությունների մասին հարցով: Դաշնակահարուհին, հավանաբար, չցանկանալով խորանալ դրա պատճառների մեջ, միայն հայտնեց, որ իր համերգային այցը նախաձեռնել է Հայաստանում Բրազիլիայի դեսպանատունը: Արեւմուտքի արվեստագետներին բնորոշ ձեւով էլ Մարիան իր խոսքը սկսեց շնորհակալությունների տարափով, նշելով երաժշտության իր առաջին ուսուցիչ, հոր՝ Ժոան Դիաս Կարրասկեիրայի, ապա Լինա Պիերես դե Կամպոսի, Կամարգո Գարնիերիի, Ժակ Կլեյնի, եվրոպացի դասախոսներ Սեյդլհոֆֆերի, Ռիշեպի, Դեմուսի եւ այլոց անունները:

Դաշնակահարուհին համերգներով հանդես է եկել ԱՄՆ-ում, եվրոպական մի շարք երկրներում, Բրազիլիայում արժանացել «Լավագույն մենակատար», «Լավագույն դասական CD» մրցանակներին: Իսկ թե ինչու է երեւանյան ծրագրում որոշել հնչեցնել հատկապես իր հայրենակցի երկը, Մարիան ասաց. «Այս դաշնամուրային կոնցերտի հիմքում ազգային երաժշտությունն է՝ համեմված բրազիլական պարային ռիթմերով: Մի խոսքով, սա մոդեռն աշխատանք է, որի հեղինակ Վիլլանի-Կորտեսը հայտնի անուն է աշխարհում, եւ, որ ամենակարեւորն է, «կենդանի» երաժշտություն է, բարդ չէ լսելը… Հայ հանդիսատեսին կփոխանցեմ բրազիլական ժամանակակից երաժշտության մարգարիտներից մեկը: Վստահորեն եմ ասում, որովհետեւ Հայաստանի նվագախմբի երաժիշտներն ու դիրիժորը ընդամենը մեկ փորձից հետո կարողացան «յուրացնել» այն»:

Դաշնակահարուհին հայտնեց, որ հայ արվեստագետները իրենց մեծ լուման ունեն բրազիլական մշակույթում. «Իմ երկրում կա հայկական մեծ համայնք, որտեղ մեծ թիվ են կազմում երաժիշտները: Կուզեի հատկապես առանձնացնել կոլեգայիս՝ Լիդիա Բազարյանին, հռչակ վայելող կոմպոզիտոր Ռիկարդո Թաքուշյանին, որի ստեղծագործությունները պահանջարկ ունեն աշխարհում: Մեզ մոտ հաճախ է հնչում Կոմիտաս, Խաչատրյան… Գիտեք, որ ունեք բարձրագույն երաժշտական հիանալի դպրոց: Նպատակ ունեմ 2011թ. Բրազիլիայում կազմակերպել հայկական երաժշտության փառատոն՝ հայ երաժիշտների մասնակցությամբ: Բարձր ենք գնահատում Կոմիտասի անվան կվարտետի, դաշնակահարուհի Սվետլանա Նավասարդյանի եւ մյուսների արվեստը: Փառատոնի կազմակերպչական աշխատանքներում համախոհներ ունեմ եւ վստահ եմ, որ նրանք ինձ կօգնեն»:

Մեր զրուցակիցը, արտերկրից ժամանած շատ արվեստագետների նման, չնսեմացնելով ահռելի լսարան ու պահանջարկ վայելող «թեթեւ» ժանրի երաժշտությունը, փաստեց, որ իր երկրում էլ TV-ներն ու ռադիոները մեծ տեղ են տալիս շոուներին, բայց, այդ ամենին զուգահեռ, Բրազիլիայի կառավարությունը աջակցություն է ցուցաբերում ու խթանում դասական արվեստը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել