Լրահոս
Օրվա լրահոսը

ԲՐԻՏԱՆԱՑԻՆԵՐԸ ԿԼՔԵՆ ԱՖՂԱՆՍՏԱՆԸ

Դեկտեմբեր 08,2010 00:00

\"\"Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնը Աֆղանստան կատարած այցի ժամանակ հայտարարել է, թե այդ երկրում առաքելություն իրականացնող բրիտանական զորքերը կարող են սկսել տուն վերադառնալ արդեն հաջորդ տարի: Բրիտանացի վարչապետը Աֆղանստան էր այցելել՝ այդ երկրում առկա իրավիճակն անձամբ գնահատելու համար: Նա շեշտել է, թե թալիբների դեմ պայքարում դրական առաջխաղացումն ու աֆղանցի ոստիկանների ուսուցման հարցում արձանագրված հաջողություններն իրեն ստիպում են հավատալ բրիտանական զորքերի դուրսբերման հեռանկարին:

«Մենք դեռ պետք է կատարենք այն, ինչ պետք է, բայց այսօր այն, ինչ տեսա, ինձ զգուշավոր լավատեսություն է ներշնչում: Աֆղանական ազգային բանակի մարտունակությանն ուղղված ուսումնական վարժանքները մենք իրականացնում ենք նախատեսված գրաֆիկից ավելի արագ տեմպերով: Ես հենց նոր տեսա, թե բրիտանացիների ղեկավարած ակադեմիան, որն ամեն ութ ամիսը մեկ 500 շրջանավարտ է տալիս, աֆղանցի ոստիկաններին ինչպես է կրթում: Լավատեսության հիմքեր կան»,- BBC-ի մատուցմամբ, հայտարարել է Դեւիդ Քեմերոնը:

Այդ տարվա նոյեմբերին Քեմերոնը Մեծ Բրիտանիայի խորհրդարանի պատգամավորներին խոստացել է, որ բրիտանացի զինվորականները Աֆղանստանը կլքեն մինչեւ 2015 թվականը:

Հիշեցնենք, որ Մեծ Բրիտանիայի վարչապետների կողմից Ծննդյան տոների նախաշեմին Աֆղանստան կատարվող այցելություններն արդեն ավանդական են դարձել: Աֆղանստանում ներկա դրությամբ տեղակայված է ավելի քան 10 հազար բրիտանացի զինծառայող:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել