Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ջուլիան Ասսանջը Լոնդոնում ձերբակալվել է

Դեկտեմբեր 08,2010 00:00

\"\"Wikileaks կայքի հիմնադիր Ջուլիան Ասսանջը Լոնդոնում ձերբակալվել է: Երեքշաբթի առավոտյան նա ինքն է սեփական կամքով ներկայացել ոստիկանություն, որից հետո ձերբակալվել է: Այդ մասին, BBC-ի փոխանցմամբ, հայտարարել է Սքոթլանդ-Յարդի ներկայացուցիչը:

Նրա ձերբակալման համար հիմք է հանդիսացել Շվեդիայի դատախազության կողմից տրված թույլտվությունը: Հիշեցնենք, որ Ասսանջն այդ երկրում կասկածվում է սեռական բնույթի հանցագործությունների, այդ թվում՝ երկու շվեդուհիների բռնաբարության մեջ: Շվեդիան նրա նկատմամբ միջազգային հետախուզում էր հայտարարել: Ասսանջն ինքը հերքում է իրեն առաջադրված մեղադրանքը՝ համարելով, որ դրանք շինծու են եւ քաղաքական շարժառիթ ունեն:

Հիշեցնենք, որ Wikileaks-ը բազմիցս է իր կայքում հրապարակել գաղտնի փաստաթղթեր, ինչը առաջացրել է աշխարհի բազմաթիվ երկրների իշխանությունների վրդովմունքը: Ամենալուրջ ճնշումը կայքի նկատմամբ գործադրում է Միացյալ Նահանգները, որի կողմից Wikileaks-ի եւ նրա հիմնադիր Ասսանջի նկատմամբ արշավն ավելի է սաստկացել կայքի կողմից աշխարհը ցնցած ամերիկյան դիվանագիտական գրագրությունները հրապարակելուց հետո: Ինտերնետ-ռեսուրսի ներկայացուցիչը հայտարարել է, թե Ասսանջի ձերբակալությունը ազատ խոսքին ուղղված հարված է, բայց այդ գործողությունները կայքի աշխատակազմին չեն կանգնեցնի, եւ կոնֆիդենցիալ նյութերի հրապարակումը կշարունակվի:

Դեռ երկուշաբթի օրը շվեյցարական Post Finance բանկը հաղորդել էր Ասսանջի հաշվեհամարի սառեցման մասին: Ինչպես տեղեկացնում է Wikileaks-ն իր տարածած մամուլի հաղորդագրության մեջ, շվեյցարական այդ բանկում են եղել Ասսանջի անձնական փողերն ու նրա փաստաբանների ծառայությունների վճարման համար գումարը՝ ընդհանուր առմամբ 31 հազար եվրո:

ԱՄՆ գլխավոր դատախազն արդեն հասկացնել է տվել, որ այդ երկրի իշխանությունները փորձում են գտնել օրենսդրական այն համապատասխան ակտը, որի ոտնահարման համար կարող են Ասսանջին մեղադրանք առաջադրել նաեւ Միացյալ Նահանգներում:

Երեկ լոնդոնյան դատարանը պետք է որոշում կայացներ, թե հնարավո՞ր է արդյոք Ասսանջին հանձնել Շվեդիային: Եթե դատարանը նրան Շվեդիա էքստրադիցիայի ենթարկելու որոշում կայացնի, ապա կայքի հիմնադիրը կարող է այդ որոշումը բողոքարկել ավելի բարձր ատյանի դատարանում: Sky News-ի տեղեկություններով, Ասսանջը կարող է ազատ արձակվել 100-200 հազար ֆունտ գրավի դիմաց: Ըստ որոշ տվյալների, այդ նպատակով երաշխավորված գումարներ են տրամադրելու վեց տարբեր անձինք: Ընդհանուր առմամբ, դիտորդները կարծում են, որ Wikileaks-ի հիմնադիրը գրավի համար միջոցներ հայթայթելու հարցում դժվար թե դժվարություններ ունենա:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել