Լրահոս
Օրվա լրահոսը

Տերմինախեղդ եւ լիքը կրկնաբանություններով

Դեկտեմբեր 08,2010 00:00

ՈԱԱԿ-ը «նեղ մասնագիտական» է ներկայանում, շատերին՝ անհասկանալի

Մասնագիտական կրթության համակարգի բարեփոխումների շրջանակում՝ 2008-ի նոյեմբերին, ՀՀ կառավարության որոշմամբ հիմնադրվել է Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնը՝ երկարաշունչ անվանում, որը ընդունված է հապավված ներկայացնել որպես ՈԱԱԿ։ Բարեհունչ չէ, բայց հիմա մեր ունեցածն էլ սա է:

Ամբողջ աշխարհը մտահոգ է կրթության որակով, լավ է, որ Հայաստանը նույնպես մյուսների օրինակին է հետեւում: Ավելին, McKinsey&Company հեղինակավոր խորհրդատվական միջազգային կազմակերպությունը հրապարակել է «Ինչպես են աշխարհի դպրոցական համակարգերը շարունակում բարելավվել» վերնագրով հետազոտության արդյունքները, ըստ որի Հայաստանն այն երկրներից է, որի կրթական համակարգը լավագույնս է բարեփոխվում: Դառնալով մեր երկրի կրթության որակով զբաղվող կենտրոնին, փաստենք՝ բացի նրանից, որ վերջինի անունը «չինովնիկական» է, նրա պաշտոնական anqa.am կայքում տեղադրված տեքստերն էլ խրթին են, տերմինախեղդ կամ անհաջող թարգմանությունների արդյունք:

Օրինակ՝ «Մասնագիտական կրթության որակի ապահովումը Հայաստանում» վերնագրի ներքո կարդում ենք. «Գլոբալացման արդյունքում մասնագիտական կրթությունը կորցրել է իր էլիտար բնույթը՝ հասանելի դառնալով ավելի լայն զանգվածների։ Մասնագիտական կրթության համակարգն այսօր կոչված է պատրաստելու փոխանցելի գիտելիքով, հմտություններով եւ կարողություններով օժտված մասնագետներ, ովքեր ի վիճակի կլինեն գործունեություն ծավալել հարափոփոխ միջավայրում: Երկրի տնտեսության զարգացման գործում որակյալ կրթության դերը երբեւէ այսքան չի կարեւորվել:

Կրթական գործընթացի որակի հիմնական պատասխանատուն եւ ապահովողը ուսումնական հաստատություններն են: ՈԱԱԿ հիմնադրամն իր հերթին, կիրառելով որակի հավաստման տարբեր մոտեցումներ, պատասխանատվության իր մասն է ստանձնել ՀՀ-ում մասնագիտական կրթության որակն ապահովելու եւ բարելավելու գործում: Կենտրոնի մշակած որակի ապահովման նոր շրջանակի առանցքն է հանդիսանում մասնագիտական կրթական հաստատությունների որակի ներքին ապահովման համակարգը: Որակի արտաքին ապահովման ընթացակարգերը հենվում են որակի ներքին ապահովման գործընթացների վրա եւ պարբերաբար իրականացվելու շնորհիվ զարգացնում դրանք: Մասնագիտական կրթության որակի ապահովմանն ուղղված ընթացակարգերն իրականացնելու հետ մեկտեղ՝ Որակի կենտրոնը պատասխանատվություն է կրում նաեւ համապատասխան եւ պարբերաբար նորացվող տեղեկատվություն տրամադրելու եւ որակի ապահովման գործընթացները խթանող ռեսուրսներ ապահովելու համար»: Ընդամենը նախաբանում 5 անգամ կրթություն, 9 անգամ որակ բառն է օգտագործված, տեքստը պաթետիկ է, ճոռոմ նախադասություններով:

Մի կտոր էլ «Ինքնագնահատման ուղեցույցից». «Ուսումնական հաստատությունների կողմից ինստիտուցիոնալ եւ մասնագիտական կրթական ծրագրերի ինքնավերլուծությունների իրականացումը որակի ապահովման գործընթացին մասնակցության առաջին քայլն է: Որակի ապահովման շրջանակներում ինքնավերլուծությունները որակի բարելավմանն ուղղված գործընթացների հիմնական, եթե ոչ ամենակարեւոր մասն են։

Ընդհանուր առմամբ, ինքնավերլուծության մեջ կարեւորվում է որակի մասին հավաստի եւ վստահելի դատողություններ կատարելը՝ օգտագործելով այն փաստերը, որոնք հասանելի են, եւ որոնց մասին հղում է կատարվում ինքնավերլուծության զեկույցում: Ինքնավերլուծության հիմնական նպատակը ուսումնառության փորձի եւ ուսումնառության արդյունքների որակի բարելավումն է»:

Մեկ ուրիշ կտոր եւս. «Բենչմարքինգը հաստատության ներսում կատարվող գործընթաց է, որի նպատակն է նախնական կամ աջակցության կարիք ունեցող գործընթացների համար ուսումնասիրել այլ կազմակերպությունների լավագույն փորձը եւ, հիմնվելով գնահատման արդյունքների վրա (հնարավորության դեպքում այդ գնահատումը իրականացնել կատարողականի հիմնական ցուցիչների միջոցով)՝ սեփական հաստատությունում ներդնել այդ գործընթացները»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել