Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՊԱՐՏ ՈՒՍՈՒՑԻՉ՝ ՀԱՂԹՈՂ ՍԵՐՈՒՆԴ

Դեկտեմբեր 08,2010 00:00

Հայաստանում ե՞րբ է գործելու այս բանաձեւը

Վերջին շրջանում դպրոցը վարկաբեկելու միտում է նկատվում. սոցիալական ցանցերում եւ ընդհանրապես համացանցում դպրոցական «դետեկտիվներ» են հայտնվում, որոնց հետեւում է այս կամ այն ուսուցչի աշխատանքից հեռացվելը, հետո էլ՝ բուռն քննարկումները: Թվում է, թե ամեն ինչ հատուկ է արվում մանկավարժի առանց այն էլ ընկած վարկը էլ ավելի գցելու համար: Հիմա էլ «Աննա» հեռուստասերիալում է վայրենի ֆիզիկայի ուսուցչի կերպար ներմուծվել: Առաջին իսկ օրվանից նա ցույց է տալիս, որ առանց պատճառի ատում է երեխաներին, անգամ անառիթ ապտակում աշակերտուհուն:

Չեմ կարծում, թե դպրոցները լեփ-լեցուն են նման ուսուցիչներով, իսկ եթե, այնուամենայնիվ, տնօրենի կամ ավելի «վերեւի» հովանավորությունը վայելող մեկ-երկուսը կան, ապա չի կարելի մասնավոր օրինակը ընդհանրացնել եւ սերիալի նյութ դարձնել: Խորհրդային ժամանակների հանդեպ կարոտախտ չունեմ, բայց ուզում եմ մի քանի օրինակ բերել. ժամանակին որոշ մասնագիտությունների ու դրանց տերերի վերաբերյալ երգեր, պատմվածքներ, ֆիլմեր էին ծնվում: Դա հստակ պետական քաղաքականություն էր: Անգամ բարի միլիցիոների կերպար էր ստեղծվել՝ ըստ Սերգեյ Միխալկովի «Քեռի Ստյոպա» պատմվածքի: Միլիցիոներն էլ համանուն մուլտֆիլմում ոչ միայն գեղեցկադեմ ու բարձրահասակ էր, այլեւ ամենահաս, օգնող, ուժեղ:

Դառնալով «Աննա» հեռուստասերիալի անտաշ ուսուցչին, փաստենք, որ վերջինիս կարգի հրավիրող երիտասարդն էլ ոչ այլ ոք է, քան օլիգարխի որդի, կիսաքրեական տարր… Ստացվում է՝ էլի նման տարրերն են իդեալականացվում, սխալ արժեքներ են ներմուծվում ու պարտադրվում: Կամ մի ուրիշ բան՝ նույն սերիալում դպրոցի տնօրենը թույլ է, խեղճուկրակի մեկը, այնքան անզոր, որ չի կարողանում իր դպրոցի հետ կապված սկանդալը հարթել եւ աշակերտուհուն՝ անչափահաս աղջկան, ոչ ավելի, ոչ պակաս՝ «քաղմաս» է ուղարկում՝ բացատրագիր գրելու: Նման բան էլ չկա այսօր: Բոլորը գիտեն, որ մեր օրերում «ղզիկ» տնօրեններ չեն լինում, հենց այnպես այդ պաշտոնը չեն զբաղեցնում՝ մանավանդ ընտրություն կա, բան կա…

Եթե ուսուցիչը դպրոց է գալիս, ուրեմն սիրում է երեխաներին, եւ հետո, ոչ բոլորն են այդ «գծով» բուհեր ընդունվում, որովհետեւ օլիգարխի երեխաները ավելի շահութաբեր մասնագիտություններ են ընտրում: Եթե աշակերտը զգում է ուսուցչի սերը, հավանում է նրա կերպարը, հաստատ աշակերտին վայել է դպրոց ներկայանում: Այնպես որ, ապտակ «վաստակելու» առիթ չի տալիս:

Իսկ եթե ուսուցիչն այնքան անզոր է, որ այնուհանդերձ ձեռք է բարձրացրել աշակերտի վրա, հակված եմ մտածելու, որ դա պարտադրված անզորություն է եւ յուրատեսակ բողոք՝ կլանաօլիգարխիկ համակարգի դեմ: Նույն անզորությունից մարդիկ միտինգ են անում երթուղային տաքսու մեջ, հացի խանութում, հարեւանի հետ սուրճ խմելիս կամ նարդի խաղալիս…

Ի տարբերություն մյուս «հասարակ մահկանացուների», այնուամենայնիվ, ուսուցիչը պետք է վեր լինի նման ճղճիմ բաներից եւ արտոնյալ՝ պետական հոգածության իմաստով: Ի վերջո, հաղթող եւ ուժեղ սերունդ ունենալու համար պետք է չնսեմացնել մանկավարժի հպարտությունը: Պատահական չէ, որ Բիսմարկը հերթական հաղթանակը տոնելիս ոչ թե գեներալների կենացն է խմել, այլ հենց գերմանացի մանկավարժների, որ հաղթող սերունդ են կրթել ու դաստիարակել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել