Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Երեւանի շենքերի 80%-ը երկրաշարժի դեպքում կփլվի»

Դեկտեմբեր 08,2010 00:00

Քաղաքաշինության նախարարությունը կոչ է անում չհավատալ նման հայտարարություններին

1988-ի Սպիտակի երկրաշարժը Հայաստանին շատ դասեր տվեց: Բայց այդ դասերը, ավելի շատ, յուրացրին մասնագետները, քան պետական այրերը: Երեկ լրագրողների հետ զրույցում ասում էր Սեյսմակայուն շինարարության հայկական ասոցիացիայի նախագահ Միքայել Մելքումյանը: Ըստ նրա, ապրում ենք չափազանց սեյսմավտանգ գոտում, ունենք ԽՍՀՄ-ի ծանր ժառանգությունը՝ սեյսմավտանգ շենքեր, որտեղ ապրում ու աշխատում ենք. «ԽՍՀՄ կառավարությունը շահագրգռված չէր մեծ ծախսեր անել, ինչ է, թե Հայաստանում սեյսմակայուն շենքեր կառուցվեին, բայց ներկայումս իրավունք չունենք այդ մտածողությունն ունենալ: Նորակառույց շենքերի մեծամասնությունը խորհրդային մտածողությամբ են կառուցվում ու չեն համապատասխանում սեյսմիկ անվտանգության նորմերին: Մեր նորմերն այսօր շատ լավն են, եթե նախագծենք ու կառուցենք ըստ համապատասխան սեյսմիկ նորմերի, կունենանք ապահով շենքեր, եթե ոչ, ապա կունենանք մեր ազգի համար կործանարար նոր աղետ»: Թե ինչու է կառավարությունը թույլ տալիս, որ սեյսմիկ անվտանգության նորմերին չհամապատասխանող շենքերը սնկի պես աճեն, պարոն Մելքումյանի մեկնաբանմամբ. «Կոռուպցիան հսկայական մակարդակ ունի մեր երկրում, սա նշանակում է՝ էդպիսի բաներ կշարունակվեն անընդհատ, շինարարությունն էլ կընթանա. լավ բիզնեսի ձեւ է… ապրում ենք վայրի կապիտալիզմի մեջ, երբ բնակչության մի մասը անընդհատ հարստանում է, մյուս մասը՝ աղքատանում»:

Պարոն Մելքումյանը բնակիչներին նաեւ կոչ արեց՝ դուրս գալ մայրաքաղաքի Կենտրոն համայնքից. «Այն ամենավտանգավոր հատվածն է՝ խիտ բնակեցված ու կառուցապատված, էլ տեղ չմնաց, որ շենք չկառուցեն»: Նրա տեղեկացմամբ, մասնագետների վերջին ուսումնասիրությունների համաձայն, եթե 1988-ի երկրաշարժի ուժգնությամբ երկրաշարժ նորից լինի, ապա Երեւանի շենքերի 80%-ը կփլուզվի. «Սա գիտականորեն ապացուցված է, մնացած շենքներն էլ կստանան այնպիսի վնասներ, որ հետագայում շահագործվելու համար պիտանի չեն լինի: Կունենանք 300 000 զոհ, էլ չեմ ասում հաշմանդամների ու վիրավորների, անտունների թիվը ինչքան կկազմի»: Նրա խոսքով, վերջին շրջանում միայն ճանապարհներ, ջրագծեր ու տարբեր ինֆրաստրուկտուրաներ են, որ կառուցվում են, մինչդեռ 1988-ից հետո չնչին քանակությամբ դպրոցներ, հիվանդանոցներ ու կառավարական շենքեր էլ նույնիսկ չեն ամրացվել. «Արտակարգ իրավիճակների նախարարությունը նստած է մի շենքում, որը այսօրվա սեյսմիկ վտանգի տեսակետից Նաֆ-Նաֆի տունն է, ոչ ոք չգիտի, եթե հանկարծ երկրաշարժ լինի, ո՞ւմ է կառավարելու այդ նախարարությունը»: ՀՀ քաղաքաշինության նախարարի խորհրդական Ալեքսանդր Մովսիսյանն «Առավոտին» վստահեցրեց, թե պարոն Մելքումյանի պնդումը, որ երկրաշարժի դեպքում Երեւանի շենքերի 80%-ը կփլվի, իրականությանը չի համապատասխանում. «Որպեսզի ինչ-որ մեկը կարողանա ասել, թե Երեւանում քանի շենք կփլվի կամ չի փլվի, պետք է ամբողջ բնակֆոնդի, հասարակական շենքերի տեխնիկական անձնագրերն ունենա, որտեղ հստակ գրված պիտի լինի՝ սեյսմիկ նորմատիվներին համապատասխանո՞ւմ է, թե՞՝ ոչ: Երեւանում 7-9 հազար բարձրահարկ շենք կա, բայց դրանցից մեկ-երկուսն էլ գուցե այդ անձնագիրը չունենա, որովհետեւ այն ձեռք բերելու համար պետք է 300-400 հազար դրամ, ինչը հսկայական գումար է, հիմա նախատեսվում է հարցը լուծել համաֆինանսավորման եղանակով, տեսնենք…»:

Ինչ վերաբերում է պարոն Մելքումյանի այն պնդմանը, թե Կենտրոն համայնքն ամենավտանգավորն է սեյսմիկ տեսանկյունից, իսկ նորակառույցները բացարձակապես սեյսմիկ նորմատիվներին չեն համապատասխանում, պարոն Մովսիսյանը մեկնաբանեց, «Դեկտեմբերի 7-ին քաղաքում ինչքան մարդ կա՝ աշխուժանում է ու սկսում մեր ժողովրդին վախեցնել, թե շենքերը 100% կամ 80%-ով կփլվեն: Նորմատիվները, հիմնականում, պահպանվում են, չնայած կան որոշակի շեղումներ, շենքերը բավականին մոտ են կառուցվում: Բայց իրավիճակն այդքան էլ ահավոր չէ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել