Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԽՏՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՀԸ

Դեկտեմբեր 08,2010 00:00

\"\"Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի (ՄԻԵԿ) 14-րդ հոդվածը նախատեսում է խտրականության արգելումը. այնտեղ շարադրված իրավունքներից եւ ազատություններից օգտվելը պետք է ապահովվի առանց որեւէ տարբերակման՝ անկախ սեռից, ռասայից, մաշկի գույնից, լեզվից, կրոնից, քաղաքական կամ այլ համոզմունքներից, ազգային կամ սոցիալական ծագումից կամ պատկանելությունից, գույքային վիճակից, ծնունդից կամ այլ հանգամանքներից: Կոնվենցիայի այս հոդվածը երաշխավորում է մասնակից որեւէ պետության իրավազորության ներքո գտնվող յուրաքանչյուր անձի՝ կոնվենցիայով ամրագրված իրավունքների եւ ազատությունների ոչ խտրական իրականացումը: Հոդվածը մասնակից պետությունների վրա, ի լրումն կոնվենցիայով պաշտպանվող յուրաքանչյուր անձի իրավունքների եւ ազատությունների ապահովման պարտականության, լրացուցիչ պարտավորություն է դնում. հոդվածն ունի ինքնուրույն նշանակություն:

ՄԻԵԿ-ն ունի 18 հոդված, որոնց կեսից ավելին իմ պարագայում բացահայտորեն խախտվել է, սակայն խտրականությանը վերաբերող հոդվածն իմ պարագայում հատկապես է առանձնանում մյուսներից՝ աղաղակող փաստերի շարանով, ինչի մասին էլ ուզում եմ հայ հասարակությանը տեղեկացնել՝ հայցելով իր բարոյական աջակցությունը:

Ֆրանսիայի քաղաքացի եմ, սակայն 20 տարուց ավելի է՝ ապրում եմ Հայաստանում, որից մոտ 4 տարին գտնվել եմ Արցախում՝ մասնակցելով սրբազան ազատամարտին նախ իբրեւ կամավոր, ապա եւ՝ ԼՂՀ պաշտպանական բանակի սպա: Պատերազմում ազգին մատուցած ծառայություններիս համար Արցախի բանակի գլխավոր հրամանատար– պաշտպանության նախարարի կողմից պարգեւատրվել եմ:

2008թ. նախագահական ընտրությունների ժամանակ սատարել եմ Լեւոն Տեր-Պետրոսյանի քարոզարշավը եւ փետրվարի 20-ից մինչեւ մարտի 1-ի առավոտյան մասնակցել Ազատության հրապարակի շուրջօրյա հանրահավաքներին, որից 4 օրը հացադուլ եմ արել եւ բազմաթիվ հրապարակային ելույթներ ունեցել: Մարտի 1-ից անմիջապես հետո ՀՀ ոստիկանությունը 19 անձանց դեմ ՀՀ վարչական դատարան հայց էր ներկայացրել, որոնցից դատապարտված միակ անձն եմ: Մնացածի դեմ ներկայացված հայցերից ոստիկանությունն ինքն է հրաժարվել, իսկ իմ դեմ կայացված դատական վճիռն ուժի մեջ է թողնվել եւ առ այսօր անփոփոխ մնացել: Սա եղել է առաջին խտրական վերաբերմունքն իմ հանդեպ, որից տուժել եմ:

ՀՀ վարչական դատարանի այդ որոշման կնիքի թանաքը դեռ չչորացած՝ հաջորդել է երկրորդ անարդարությունը. ՀՀ ոստիկանապետի կողմից Ռ. Քոչարյանին ներկայացված ինչ-որ թղթապանակում «առկա» տեղեկության հիման վրա «ՀՀ պետական անվտանգությանը սպառնացող տարր» հանդիսացող անձիս Հայաստանից արտաքսման մասին հատուկ նախագահական հրաման էր տրվել: Մոտ կես միլիոն մասնակից ունեցող հանրահավաքներին ակտիվորեն ներկա գտնված միակ հայ մարդն եմ, ում իր հայրենիքից արտաքսելու մասին նախագահական հրաման է արձակվել: Սա էլ երկրորդ խտրական վերաբերմունքն է իմ հանդեպ:

Արտաքսման հրամանը չի իրականացվել բացառապես իմ՝ բանտում գտնվելու պատճառով: Այդ ընթացքում ՀՀ կացության հատուկ կարգավիճակի մինչեւ 2016թ. ուժի մեջ գտնվող հայկական անձնագիրս ՀՀ ոստիկանության ԱՎ վարչության կողմից անվավեր է ճանաչվել: Այդ անձնագիրը պետական վճարովի փաստաթուղթ է, ինչը ես, ոչ թե մեկ, այլ երկու անգամ համապատասխան գումար վճարելով՝ պարզապես գնել էի: Այդ ետ վերցված վճարովի փաստաթղթիս հիման վրա էր, որ երկու անչափահաս զավակներս ապրում են Հայաստանում: Ահա՛, եւ ձեզ երրորդ խտրական վերաբերմունքը:

2008թ. հոկտեմբեր ամսվա վերջերին հայկական տպագիր եւ էլեկտրոնային մամուլում ինձ հետ կայացած բազմաթիվ հարցազրույցներ են լույս տեսել, ուր ես բառացիորեն արտահայտվել եմ մեր զույգ բանակների՝ մարտի 1-ի ողբերգական դեպքերին մասնակցելուն անձամբ ականատես լինելու փաստի մասին, ինչպես նաեւ հասարակությանն եմ փոխանցել ազատագրված հայկական տարածքների շուրջ տեղի ունեցող դավադիր ծրագրերի իրականացման հետ կապված՝ ինձ հասած մտահոգիչ տեղեկությունները: Մեր ազգի «անվտանգության» հարցերով զբաղվող «հայրենի» ԿԳԲ-ն իրեն իջեցված հրամանը կատարելու նպատակով ինձ ձերբակալեց եւ հորինովի հանցանք մեղսագրելով՝ կալանավորեց: Նույն ոգով վարվեցին նաեւ ՀՀ դատախազությունն ու նրան հլու-հնազանդ ենթարկվող առաջին, երկրորդ եւ երրորդ ատյանների դատարանները եւ, հանցակազմի նշույլ անգամ չլինելու պարագայում, երեք ու կես տարվա բանտարկության դատապարտեցին: Այստեղ ամենից աղաղակողն այն էր, որ ինձ առաջադրված «մեղադրանքի» բոլոր հատկանիշների առկայությամբ արարք թույլ տված՝ հանրությանը քաջ հայտնի ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանի, ԱՄԿ նախագահ Արտաշես Գեղամյանի, ինչպես նաեւ Սերժ Սարգսյանի փեսայի կողմից ղեկավարվող «Միասին» երիտասարդական շարժման նկատմամբ ՀՀ պետական ոչ մի մարմին եւ ոչ մեկ քրեական գործ չհարուցեց, ընդհակառակը՝ նրանց պաշտոններ տրվեցին: Սա էլ, ահա՛, չորրորդ խտրական մոտեցումը, որի զոհն եմ դարձել:

Հաջորդ՝ հինգերորդ խտրականությունը վերաբերում է 2009թ. հունիսի 19-ին ՀՀ ԱԺ ընդունած համաներման մասին օրենքի կիրառմանը, ինչը պարզապես զռռացող է: Պետք է հիշեցնեմ, որ, ըստ այդ համաներման 2-րդ հոդվածի 4-րդ ենթակետի՝ 1-ից մինչեւ 5 տարի դատապարտված անձինք, եթե հայրենիքի պաշտպանության համար մղված մարտական գործողությունների մասնակից են եղել, պետք է անհապաղ ազատ արձակվեին, ինչը ամեն տառով, կետով ու ստորակետով համընկնում էր իմ պարագային: Այսինքն՝ ես եւս 2009թ. հունիսի 22-ին պետք է մյուս նախկին քաղբանտարկյալների հետ ազատության մեջ հայտնվեի, սակայն, քանի որ ինձ ամեն գնով պատժելու հրահանգը շատ «վերեւներից» էր տրված, եւ մեկի տեղ երկու չընտրված «նախագահների» վրեժխնդրության թիրախ էի հանդիսանում, շարունակեցի բանտում մնալ, որտեղից եւ այժմ գրում եմ այս տողերը:

Արցախյան պատերազմին իմ մասնակից լինելու փաստը որեւէ պետական մարմնից ձեռք բերելու խնդիր ինքնին գոյություն չուներ, քանի որ իմ ձերբակալման հաջորդ շաբաթն իսկ այդ հաստատող տեղեկանքը «ԼՂՀ ՊԲ արխիվային տվյալների համաձայն» ՀՀ ԱԱԾ-ին արդեն հասցվել էր, ուր մանրամասնորեն նշված էին պատերազմի տարիներին իմ ծառայած կոնկրետ զորամասի կոնկրետ ստորաբաժանման սպա հանդիսանալս, ինձ ամրացված եւ կրածս զենքերի տեսակի, սերիայի համարներն իսկ: Ավելին՝ այս տեղեկանքը հենց ՀՀ ԱԱԾ իմ գործը քննող նախաքննության մարմնի կողմից (երեւի անզգուշությամբ) իմ քրեական՝ 351 էջից բաղկացած գործի մեջ էր գտնվում եւ ցանկության դեպքում իսկ այդտեղից չէր կարող անհետանալ: Այսինքն՝ 2008թ. նոյեմբեր ամսվա սկզբին այդ տեղեկությունները տրամադրողները եթե իմանային, որ հետագայում կարող է համաներում հայտարարվել, ու ոմանք էլ դրանից օգտվելու համար նման տեղեկանքի կարիքն ունենային, համոզված եմ, որ իմ պարագայում ո՛չ գրված, ո՛չ էլ պետական կնիքով կնքված եւ տրված կլինեին: Այս ամենով հանդերձ՝ 2009թ. հունիսի 19-ից հետո էլ դեռ բանտում եմ, եւ առ այսօր ոչ մեկ պետական մարմին չի կարողանում իմ այս պարագայի վերաբերյալ որեւէ հոդաբաշխ բացատրություն տալ:

Չիմացողների համար ուզում եմ անպայման հայտնել մի իրողության մասին եւս: Հայաստանի պետական ծանր ապարատում կա մի կառույց, որ երեւի թե իր անվամբ ամենաերկարն է, բայց զրո՝ գործառույթն իրականացնելու հնարավորությամբ կամ ազատությամբ: Դա ՀՀ գլխավոր դատախազության պատիժների եւ հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող վարչություն է կոչվում: Երբ Արցախյան պատերազմին իմ մասնակցությունն ապացուցող հաստափոր մի թղթապանակը, ՀՀ պաշտպանության նախարարության «Զինուժ» ծրագրի՝ իմ մասին պատմող եւ բազմիցս հեռարձակված տեսաֆիլմերն ու «Ա1+»-ի կողմից պատրաստված բազմաթիվ տեսանյութները, որ 1991թ.-ից մինչեւ 1994թ. գարնան վերջին ամիսները նկարահանված վավերագրական տեսաժապավեններ են, «Վարդաշենի» բանտ եկած՝ այդ երկար-բարակ անունով պետական հիմնարկի զույգ դատախազներին ամենայն մանրամասնությամբ ներկայացրեցի, խեղճերի աչքերը շլդիկացան, եւ նրանք ամենայն անկեղծությամբ խոստովանեցին՝ «Այդքան փաստերից հետո էլ դեռ պիտի բանտում մնաք, քանի որ վերեւից այդպես են հրամայել»:

Այժմ հուրախություն ինձ եւ բոլորիս՝ ազատ են արձակվում իրենց անարդարացիորեն տրված պատժի 1/2-ը կրած մեր քաղբանտարկյալները, մինչդեռ ես ոչ թե 1/2 եմ «նստել», այլ ավելի քան 2/3: Սա էլ իմ նկատմամբ խտրականության 6-րդ խայտառակ դրսեւորումը:

Ահավասիկ, ճչացող խտրականությունների երկար մի շարան, որ ՀՀ-ում իշխանությունը բռնազավթողներն առանց անհարմար զգալու, «հանուն Հայաստանի Հանրապետության» ասելով՝ իրագործել են: Դույզն-ինչ չեմ կասկածում, որ իմ կողմից Եվրոպայի մարդու իրավունքների դատարան ներկայացված դատական հայցի արդար վճռի արդյունքում հաստատվելու է իմ անմեղությունն ու, ցավոք, «ընդդեմ Հայաստանի Հանրապետության» որոշումն է կայացվելու: Ցանկացած բանական արարածի համար անհասկանալի պիտի մնա, թե ինչպես օրը 24 ժամ շարունակ Հայաստան պետության անունն անպատեհ հոլովողներից եւ ոչ մեկն այս տխուր փաստից ցավ չի ապրում:

Մարդու իրավունքների պաշտպանության օրը՝ դեկտեմբերի 10-ը, երրորդ տարին անընդմեջ բանտային պայմաններում նշելու ստիպողության ենթարկված լինելու ծանր, բայց պատասխանատու բեռը սեփական ուսերի վրա կրելու գիտակցությամբ էլ ցանկանում եմ յուրաքանչյուր ՀՀ քաղաքացու հորդորել իր յուրաքանչյուր խախտված իրավունքը պաշտպանելու համար անել իրենից կախված ամեն ինչ, որպեսզի վաղը-մյուս օրը մեր երեխաները ստիպված չլինեն մեր չարածների պատճառով տուժած ապրել եւ հանդուրժել անհանդուրժելին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել