Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Առավոտից իրիկուն ջուր են գնում՝ սառը ջուր

Դեկտեմբեր 08,2010 00:00

Արմավիրի մարզի Քարակերտ գյուղը զրկված է ջրից եւ  պետական հոգածությունից, բայց իր լուման է բերել Արցախի գյուղերի ջրի հարցի լուծմանը:

Նոյեմբերի 26-ին «Հայրենիքը միայն Երեւանը չէ» հրապարակմամբ ներկայացրել ենք Արմավիրի մարզի Քարակերտ գյուղում սոցիալական ծանր վիճակում գտնվող բազմաթիվ ընտանիքներից մեկի՝ Արտավազդ եւ Եղսիկ Աղաբաբյանների ու նրանց 10 անչափահաս երեխաների վիճակը: Գրել ենք, որ արդեն 45 տարի Շվեյցարիայում բնակվող բարերար Հարություն (Ժորժ) Միքայելյանը որոշել է օգնել այս ընտանիքին: Բայց սրանով Քարակերտում առկա խնդիրները չեն վերջանա: Արմավիրի մարզի Բաղրամյանի տարածաշրջանի մի շարք համայնքներում, նաեւ Քարակերտում, բոլորի համար մեծ խնդիր է խմելու ջրի հարցը: Օրեր առաջ ավարտվեց համահայկական հերթական դրամահավաքը: Ավելի քան 20 միլիոն ԱՄՆ դոլարի օգնություն խոստացվեց: Հայտնի է, որ այդ գումարով Ղարաբաղի գյուղերում խմելու եւ ոռոգման ջրի խնդիրը պետք է լուծվի: Դրամահավաքին մասնակցել են նաեւ արմավիրցիները, նաեւ Բաղրամյանի շրջանում եւ Քարակերտում բնակվողները: «Հայփոստի» հարեւանությամբ հավաքվածները թեեւ կարեւորեցին Արցախի ու սահմանապահ գյուղերի ջրամատակարարման անհրաժեշտությունը, բայց ներքին խռովքը թաքցնել չկարողացան: Իրենք էլ ջուր չունեն, բայց ոչ մեկին դա չի հուզում: Իրենց նկատմամբ պետության անտարբերությունը մեծացրել է գյուղից արտագաղթը, հերթական գյուղն է դատարկվում, ու ջրի խնդրի նման այս հարցն էլ պետության ուշադրությանը չի արժանանում:

Քարակերտցիները թեեւ չեն ուզում մտածել պետության տարբերակված վերաբերմունքի մասին, բայց չի ստացվում: «Մեզ սխալ չհասկանաք. չենք ասում, թե Արցախը չպետք է ոտքի կանգնեցնել, պարզապես ասում ենք՝ մի քիչ էլ մեր կողմը նայեք: Մենք էլ ենք հայ, մենք էլ ենք սահմանապահ: Մենք էլ ենք արյուն ու հոգի տվել էս երկրի ամեն մի թիզ հողի համար: Ինչքա՞ն կարելի է գրամ-գրամ ջուր գնել»,- ասաց Հովհաննես ներկայացած տղամարդը:

Քարակերտը 1950-ականներին հիմնված գյուղ է՝ 1419 տնտեսությամբ: Հիմնադրման օրից մինչ օրս բնակիչները ջուրը գնում են շրջիկ ջրավաճառից: 40 լիտր տարողությամբ 1 բաք ջուրը՝ այսօր 200 դրամ է: Ջրի բիզնեսն իրենցով արածներն այն սպառողին են հասցնում Թալինից: Թե ի՞նչ հաճախականությամբ է ջուր բերող մեքենայի ջրաբաքը մաքրվում, ի՞նչ նյութերով, քանի՞ օր են ջուրը պահեստավորված թողնում մեքենայի մեջ, ջուրը լցնելիս պահպանո՞ւմ են արդյոք սանիտարական նորմերը՝ քարակերտցիներին հայտնի չէ: Նրանք գիտեն միայն, որ իրենց սպառողական զամբյուղում գոյացած ճեղքվածքն օր օրի մեծանում է: Ջրի սակավությամբ պայմանավորված՝ Քարակերտը աչքի չի ընկնում գյուղատնտեսական մշակաբույսերի բազմազանությամբ, Բաղրամյանի տարածաշրջանի հողերը նպաստավոր են հիմնականում խաղողի եւ ձմերուկի աճեցման համար: Սակայն, հարյուրավոր հեկտարներով հողեր գնելով, խաղողագործության առյուծի բաժինն իրենով է արել արգենտինահայ Էդուարդո Էռնեկյանը, տարածաշրջանի գյուղացիներին թողնելով ձմերուկի հույսին: Իսկ ձմերուկից ստացած եկամուտն այնքան չէ, որ գյուղացին կարողանա ապահովել ընտանեկան բյուջեի կայուն աճ: «Առանձնապես եկամուտ չունենք, եւ, ի տարբերություն այլ բնակավայրերի, մեր ծախսերն օրական 200 դրամով ավելի են: Ինչ առնենք-չառնենք՝ ջուրն առաջնահերթ է»,- ասաց Վահան Խոսրովյանը:

Քարակերտցիների ասելով՝ համայնքը ջրատար ներքին համակարգ ունի դեռ խորհրդային տարիներից: Բայց հենց այն ժամանակներից սկսած էլ չի շահագործվել: Հիմա էլ՝ հաստատ շարքից դուրս եկած կլինի: Մնում է՝ կամ պետությունը հիշի Քարակերտի մասին, կամ որեւէ բարերար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել