Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«ՀՐԱՆՏԸ ՄԵՆՔ ԵՆՔ»

Դեկտեմբեր 08,2010 00:00

Հրանտ Մաթեւոսյանի հերոսների նախատիպ ահնիձորցիները նախ նեղացել են գրողից, ապա հաշտվել ու հպարտացել

\"\"
Ավագ Քառյանը:

\"\"
Պավլե Դավթյանն ու գյուղի ամենալավ հնձվորը՝ Ռաֆիկ Մաթեւոսյանը:

Հրանտ Մաթեւոսյանի 75-ամյա միջոցառումների ավարտը Մաթեւոսյանի հայրենի Ահնիձոր գյուղում էր («Առավոտ» 02.12.10՝ «Տուն-թանգարանի հարցը ձգձգվում է»): Մաթեւոսյանական տարին ավարտվում է, սակայն այս անգամ էլ պետական մարմինները բավարարվեցին միայն մշակութային միջոցառումներով: Արդեն 5 տարի է՝ ձգձգվում է գրողի ծննդավայրում տուն-թանգարան ունենալու հարցը: Մաթեւոսյանի՝ մայրաքաղաքում բնակվող ընտանիքի անդամներն առաջակել են 300 քմ տարածք տրամադրել մշակութային կենտրոն ունենալու համար, իսկ ՀՀ կառավարությունը որոշել է գրողի հայրական տան այգում, որն անցած տարի անվանակոչվեց Հրանտ Մաթեւոսյանի այգի, որտեղ գրողն իր անկյունն ուներ, հենց Մաթեւոսյանի սիրած տանձենու մոտ տաղավար եւ հուշարձան տեղադրել: Թե սրանցից որ մեկը եւ երբ խոսքից գործի կվերածվի՝ կախված է ՀՀ բյուջեից, սակայն 2011թ. արդեն հաստատված ֆինանսական փաստաթղթում հատուկ տող չի առանձնացվել: «Դեռեւս կա առաջարկ, ուսումնասիրություն, ֆինանսական հաշվարկներ, համատեղ աշխատանք եւ սպասում»,- ասում է գրողի որդին, ռեժիսոր Դավիթ Մաթեւոսյանը:

Ու մինչ ՀՀ կառավարությունը գումարներ է փնտրում, Լոռու մարզի համար սովորական դարձած աննախադեպ կարկուտն այս տարի օգոստոսին մեծ վնասներ հասցրեց գրողի ծննդավայրին, որից տուժեց նաեւ Մաթեւոսյանի հայրական տունը: Գրողի եղբայրը՝ Համլետ Մաթեւսյանը, գնահատում է ստացած աջակցությունը, սակայն սրտնեղում է՝ կարկուտը բոլորին էր վնասել, բայց միայն իրենց աջակցեցին: «Հնարավորին չափ աջակցել են, այժմ միայն տանիքի խնդիր կա, բայց քանի դեռ տուն-թանգարանի հարցը կա, չի կարելի մի անգամ վերանորոգել, հետո քանդել՝ կրկին նորոգելու համար»,- ասում է Համլետ Մաթեւոսյանը՝ ցույց տալով բակում շարած կղմինդրը:

Հայրենի գյուղում տուն-թանգարան ունենալը կրկնակի ֆինանսներ է պահանջելու: Մաթեւոսյան գրողը հեռատես մարդ էր, կանխորոշել էր, որ կրտսեր եղբայրը՝ Համլետ Մաթեւոսյանը, փոքր հայրենիքի բնակիչ է մնալու, ծխեցնելու հայրական տունը, եղբոր ընտանիքի վերաբնակեցման հարցն էլ կա: Քանի որ տունը 3 ժառանգորդ ունի, Հրանտ Մաթեւոսյանը գյուղում առանձնատուն էր կառուցում, որը չհասցրեց ավարտին հասցնել: Կա առաջարկ եւ ծրագիր՝ կիսակառույցը ավարտին հասցնել եւ եղբոր ընտանիքին հանձնել:

Լոռու մարզպետ Արամ Քոչարյանն էլ նշում է, որ Ահնիձորում տուն-թանգարան ունենալու համար հարկ է ենթակառուցվածքների հարցը լուծել: Առաջնայինը, ըստ մարզի ղեկավարի, բարվոք ճանապարհ ունենալն է, որը կխթանի տուրիզմի զարգացումը, իսկ Ահնիձորում տեսնելու բան շատ կա: «Այստեղ Հրանտ Մաթեւոսյանի տունն է, մի քիչ վերեւ՝ Խաչիկ Ղարաբեկյանի, որը թանգարան է բաց երկնքի տակ, եւ չի բացառվում, որ մի օր էլ այն տուն-թանգարան դառնա»,- ասում է Լոռու մարզպետ Արամ Քոչարյանը:

Հիշեցնենք, որ դեռ այս տարվա փետրվարի 18-ին «Որ Ահնիձորը շենանա» հրապարակմամբ տեղեկացրել ենք, որ Հրանտ Մաթեւոսյանի գյուղում այժմ 40 ընտանիք է ապրում: Գյուղի բնակչությունը ծերանում է, քանզի երիտասարդները չեն դիմանում գյուղական ծանր կյանքին ու դաժան կենցաղին: Դժվար է ոչ միայն ձորից դույլերով ու տարբեր տարաներով ջուր բերելը, այլեւ ժայռապատ ճանապարհները հաղթահարելը: Բնակավայրում օրերով հոսանք չի լինում: Գյուղից հեռացած ահնիձորցիներն էլ «Ահնիձոր» միություն եւ հիմնադրամ են ստեղծել՝ գյուղի խնդիրները լուծելու համար:

Ահնիձորում կարելի է տեսնել ոչ միայն Մաթեւոսյանի տունը, այլ հենց նրա ստեղծագործությունների հերոսների ու կերպարների իրական նախատիպերին, որ Մաթեւոսյանի գրական ժառանգության մասնիկներն են այլեւս: Կենդանության օրոք դասականների շարքում իր տեղը գտած գրողը իր գրականությունը հարստացրել է հարազատ գյուղի բնակիչներով: «Կերպարները իրական մարդիկ են, որ Մաթեւոսյանը բնակեցրել է գրականության իր մեծ կալվածքում՝ գումարած նրա անչափելի մեծ սերը»,- ասում է գրողի եղբայրը՝ Համլետ Մաթեւոսյանը: Փոքր եղբայրը մեծի գործերն առաջին անգամ կարդացել է յոթերորդ դասարանում: Նա էլ է օժտված գրելու շնորհով, բայց իրեն ընթերցող է համարում. «Ես էլ կերպար եմ, ինձ կարելի է տեսնել յուրաքանչյուր գործում, ընդհուպ մինչեւ ամենավերջին հարցազրույցներում»: Սակայն տիպարայինը «Աշնան արեւի» Սերոն է, որ կռիվ է տալիս քաղաք գնալու համար, բայց ուսում ստանալուց հետո վերադառնում է իր հայրենի Ծմակուտը, շենացնում Սիմոնի՝ Իգնատ Մաթեւոսյանի տունը:

Եթե Սերոյի կերպարի հետ կարելի է անմիջական զրույցի բռնվել, ապա «Մենք ենք, մեր սարերի» կերպարներ իրական հերոսների՝ Ավագի, Իշխանի, Զավենի եւ Պավլեի մասին պատկերացում կազմելու համար պետք է գտնել նրանց հարազատներին: Գյուղական առօրյայով ապրող սովորական մարդիկ, որ տարվա մեծ մասը սարերում են անցկացրել, խոտ հնձել ու անասնապահությամբ զբաղվել, չեն էլ պատկերացրել, որ մի օր կհայտնվեն գրքի էջերում, իրենց իրական անուններով, ու Մաթեւոսյանը իրենցով կանմահանա, իրենց կանմահացնի: «Աշխարհով մեկ գող է անվանել մեզ»,- «Մենք ենք, մեր սարերի» հետ առաջին «հանդիպումից» հետո սրտնեղել են հովիվներն ու նեղացել մեծ գրողից: Հաշտության համար հատուկ հանդիպում է կազմակերպվել: Տարիներ անց Անտոնյան Իշխանը, Պավլեն, Ավագը, Զավենը հրճվանքով ու հպարտությամբ էին նայում ֆիլմը, համադրելով իրենց գրական ու էկրանային հերոսի հետ: Յուրաքանչյուր ճիշտ արտացոլված ու ներկայացված գծի համար ուրախանում, իսկ չհամընկած բնավորության համար՝ մտածում, թե կինոյի համար են փոխել: Նույնիսկ ափսոսում էին, որ ֆիլմը հաճախ չի ցուցադրվում: Ի վերջո, ահնիձորցի հովիվներն ընկալեցին Մաթեւոսյանի խոր աշխարհը, հասկացան իրական նպատակը, բայց մինչեւ վերջ էլ չհարմարվեցին ոչխարագողության տարբերակի հետ: «Մենք գողություն չենք արել, ոչխար է եկել, խառնվել հոտին, մենք էլ մորթել ենք ու վճարել, բա դա գողությո՞ւն է»,- զրույցներից մեկում անկեղծացել են Պավլեն ու Զավենը: Նրանք հետագայում զարմանում էին ՍՍՀՄ կարգերից, որ 2 ոչխարի համար 8 տարի ազատազրկվեցին: «Բա որ Ստալինն էր ու չէր մահանում, մենք 8 տարի պիտի նստեի՞նք»,- տարակուսում էին նրանք: Ազատազրկված հովիվները կալանավայրում են մնացել 1,5 տարի: Խորհրդային պետությունն էլ հասկացել է իր արածի անիմաստությունը ու Ստալինի մահից հետո ահնիձորցի հովիվներին ազատ արձակել:

Ավագն ու Իշխանը շուտ են մահացել, համեմատաբար երկար են ապրել Զավենն ու Պավլեն, բայց, ինչպես գյուղացիներն են նշում, գյուղին համ ու հետ տվողը Ավագն էր, կատակասեր, բոլորի հետ հաշտ, համերաշխ ապրող: Պավլեն էլ հարմարվող, խաղաղասեր, հանգիստ բնավորության տեր մարդ էր: Նրանց մեջի «ծուռը» Իշխանն էր, իսկ Զավենը շատ աշխատասեր էր, որ բոլորից նույնն էր պահանջում: Ընկեր հովիվների մեջ հաճախ էին խոտ հնձելու ու ոչխար մորթելու մրցույթներ լինում: Դա լավ արտացոլել է Հրանտ Մաթեւոսյանը: Ֆիլմի նկարահանման ժամանակ դերասաններն ապրել են կերպարների տանը, ծանոթացել նրանց կենցաղին, բնավորության գծերին, նույնիսկ նրանց գյուղական շորերն են հագել: Հետաքրքիր պատահականությամբ, «Մենք ենք, մեր սարերի» գլխավոր կերպարների մահից դեռ 1 տարի չանցած, իրենց երկրային կյանքն ավարտել են նաեւ այդ կերպարները մարմնավորած դերասանները:

Փոքր հայրենիքի բնակիչներից յուրաքանչյուրին կարելի է տեսնել մեծ գրողի գործերում: Ահնիձորի գյուղապետ Վանիկ Քառյանը դժվարանում է խոսել Հրանտ Մաթեւոսյանի մասին. «Հրանտը մենք ենք, Հրանտի մեջ մեր գյուղը կա, այնտեղ ապրող մարդիկ: Խոսել Հրանտի մասին, նույնն է, թե ինքդ քո մասին խոսես, ինքը յուրաքանչյուրիս մեջ է»: Համլետ Մաթեւոսյանը վստահ է, որ քաղաքն էլ Մաթեւոսյան գրողի տեղը չէր, փոքր հայրենիքի գյուտով նա ցույց տվեց, որ յուրաքանչյուր մարդ իր տեղը պետք է ունենա, բովանդակություն տա իր ծննդավայրին ու իմաստավորի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել