Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻՆ ԴԱՏԻ ԿՏԱ՞Ն

Դեկտեմբեր 08,2010 00:00

«Կաէռ-Քոնսթրաքշն» ՍՊԸ-ի տնօրինությունը ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանի կատարածն իրենց սեփականության հանդեպ համարում է բարբարոսություն:

\"\"«Առավոտն» իր 02.12. 10թ. «Ծառատունկ «Վիշապի կոթողներում» հրապարակման մեջ տեղեկացրել էր, որ բնապահպանները ծառատունկ են կատարելու Նոր Նորքի «Վիշապի կոթողներ» այգում, եւ որ բնապահպաններն ու տարածքի բնակիչներն արդեն մեկ ամիս է, ինչ պայքարում են այգում իրականացվելիք շինարարության դեմ: «Առավոտի» խմբագրությանն է դիմել ՍՊԸ-ի գործադիր տնօրեն Վոլոդյա Առաքելյանը, ով ասաց, որ մինչ հոդվածում նշված ծառատունկ կատարելը ակցիայի մասնակիցները՝ Զարուհի Փոստանջյանի հետ միասին, իրենց պատճառել են նյութական մեծ վնաս: «Այդտեղ մենք ունենք սեփականաշնորհված հողատարածք՝ 1800 քմ: Այդ տարածքը դեռեւս 2002թ.-ից եղել է սեփականաշնորհված եւ նախատեսված է եղել գազալցակայան կառուցելու համար: Հետո փոխվել են թե տարածքի սեփականատերերը, քանի որ վերավաճառվել է մի քանի անգամ, թե հողատարածքի օգտագործման նշանակությունը: Այժմ սեփականատերը «Կաէռ- Քոնսթրաքշն» ՍՊԸ-ն է, որն ունի սեփականաշնորհման վկայական, եւ այդ վկայականը ոչ մի կառույցի կողմից անվավեր կամ կեղծ չի համարվել: Մենք ունենք նաեւ այստեղ բազմաբնակարան բարձրահարկ բնակելի շենք կառուցելու Երեւանի քաղաքապետարանի թույլտվությունը: Առայժմ սպասում ենք բնապահպանության նախարարության եզրակացությանը այն մասին, թե տարածքի որ ծառերի հետ ինչպես ենք վարվելու: Մենք կառույցի մեծ պարագծով տարածքում գտնվող ծառերին ձեռք չենք տալու, քանի որ դրանք մեզ ոչ միայն չեն խանգարում, այլեւ հետագայում մենք այդ տարածքում ինքներս ենք ծառեր տնկելու, էլ ինչո՞ւ ենք եղածը կտրում: Ծառերի մի մասը, որը ծեր է, ջարդված՝ կհատվեն, իսկ առողջ մասը քաղաքապետարանի նոր ու հատուկ տեխնիկայով հանվելու եւ տեղափոխվելու են կառույցից մի փոքր հեռու այն տարածքը, որտեղ նախատեսում ենք ստեղծել կանաչ գոտի, հանգստի վայր: Մենք մեր սեփականությունը հանդիսացող տարածքը մոտ մեկ ամիս առաջ ցանկապատել ենք՝ երկաթյա թիթեղներով: Ցանկացած տիպի աշխատանք կատարելու համար դա պարտադիր պահանջ է՝ մարդկանց անվտանգության համար: Ցանկապատումից մեկ ամիս անց Զարուհի Փոստանջյանը կազմակերպեց մի ահավոր սարսափելի բան, որ ոչ ոք չէր սպասում: Մի քանի օր առաջ՝ երեկոյան եկան, բնակիչների հետ սկսեցին քանդել, ջարդել, շուռ տալ երկաթյա թիթեղները: Մեր աշխատակիցները փորձում էին կանխել, բայց Փոստանջյանն ասում էր. «Ես դա պետք ա անեմ, ես ոչ ոքից չեմ վախենում»: Ինքն էր սկսել այդ ջարդարարությունը, բնակիչներն էլ տեսնելով իրեն՝ ոգեւորվեցին եւ միացան այդ «ջարդել» ակցիային: Ամբողջ թիթեղները ջարդեցին, ծալեցին ու գցեցին: Իսկ հետո՝ նույն օրը, թե ովքեր դրանք գողացան- տարան՝ հայտնի չէ: Նույն գիշերը, մոտավորապես ժամը 12-ին, ինձ զանգահարեցին եւ ասացին, որ այրվում է այդ տարածքում գտնվող մեր բուդկան: Երբ ես եկա, հրշեջ մեքենաները հանգցնում էին հրդեհը: Բայց արդեն ամեն ինչ այրվել էր: Այնտեղ մենք ունենինք եռակցման ապարատ, էլեկտրական սղոց, բահ, քլունգ եւ այլ գործիքներ: Մենք նյութական մեծ վնասներ ենք կրել եւ, հավանաբար, հայցով կմտնենք դատարան՝ պատգամավորից պահանջելով մեր վնասի փոխհատուցումը: Իսկ մի քանի օր անց, նույն պատգամավորը իր նույն շքախմբով գալիս է ծառատունկ անելու: Լավ եւ ողջունելի գործ է ծառատունկը, բայց ով է իրեն թույլ տվել ուրիշի սեփականության վրա ծառատունկ անել: Բնապահպանության նախարարությունը ծառատունկի թույլտվություն եւ տնկիներ հատկացրել է հարակից տարածքների համար, ոչ թե մեր սեփականության վրա: Դա նույն բանն է, որ մի մարդ քնից արթնանա եւ տեսնի, որ տիկին Փոստանջյանը ջարդել է իր տան դուռը, տան կահույքը տեղափոխել այստեղ-այնտեղ եւ ուրիշ իրեր բերել տեղադրել, քանի որ այդ տան ներսի կահավորանքն իրեն դուր չի եկել: Ինչպե՞ս կարելի է»,- «Առավոտի» հետ զրույցում պատմում է ընկերության գործադիր տնօրենը:

«Առավոտը» եղավ նշված տարածքում եւ փոքրիկ հարցախույզ անցկացրեց բնակիչների հետ՝ պարզելու թե՛ նրանց տրամադրվածությունը տարածքի ապագայի նկատմամբ, թե՛ բնակիչներից իրազեկվելու կատարվածի մասին: Երկու հարցում էլ կարծիքները հակասական էին: Ոմանք գտնում էին, որ լավ կլինի, որ այդ քարքարոտ ու անմշակ տարածքը բարեկարգվի՝ թեկուզ բազմաբնակարան շենք կառուցելու ճանապարհով: Ոմանք էլ գտնում էին, որ անթույլատրելի է այդ տարածքում բազմաբնակարան շենք կառուցելը: Երեխային զբոսանքի բերած մի երիտասարդ տղամարդ ջարդված ցանկապատի մասին ասաց. «Շինարարության տերերը իրենք իրենց ձեռքով հանեցին, իրենց մեքենաներով տարան, նախարարի հրամանից հետո»: Իսկ մեկ այլ զրուցակից, ով ներկայացավ Քնարիկ Բրուտյան, նույն ցանկապատի մասին ասաց. «Այդ օրը եկան, դեպուտատներից եկան, ապրի Զարուհին, մալադեց ինքը, իրա ներկայությամբ ժողովուրդը եկավ, երեկոյան ցանկապատերը լրիվ վերացրեցին, տարան ամեն մեկը մի ուղղությունով, սյուները հատեցին»:

Կատարվածի առիթով Զարուհի Փոստանջյանն «Առավոտին» ասաց. «Իրենք ապօրինի ցանկապատել էին տարածքը, մենք էլ ապօրինությունը վերացրել ենք: Գերեվարել էին խոյը, վնասել ծառերի արմատները: Իրենց աչքի առջեւ են հանվել ցանկապատերը, իրենք շատ լավ տեղյակ են, թե ինչ է եղել իրենց ցանկապատերի հետ: Անձամբ ինքս եմ քանդողներից մեկը եղել: Քանդել ենք իրենց գործիքներով, որոնք վերադարձրել ենք իրենց աշխատակիցներին: Լավ ենք արել՝ քանդել ենք: Իսկ իրենց բուդկան որ այրվել է, դուռը փակ է եղել, իրենք ներսից այրել՝ դուրս են եկել, ներսից է այրվել: Կամ հատուկ արել էին նրա համար, որ մնացած ծառերը այրվեին, կամ էլ՝ որ գցեին բնակիչների վրա»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել