Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀԱՅ ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐՆ ԱԳԱՀ ԵՆ»

Դեկտեմբեր 08,2010 00:00

Հնարավոր է, որ անորակ կոնֆետների եւ հրուշակեղենի պատճառով է հայ մանուկների մոտ աճում տուբերկուլյոզը: Երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց Սպառողների ազգային ասոցիացիայի նախագահ Մելիտա Հակոբյանը: Նրա ներկայացմամբ՝ շոկոլադե եւ, այսպես ասած, «շուշա» կոնֆետներին ներկեր են խառնում, ինչի հետեւանքով սպառողները տարեկան 50-60 կգ ներկ են ուտում կոնֆետների միջոցով:

Իրավիճակն էլ ավելի վտանգավոր է ալյուրից պատրաստված հրուշակեղենի շուկայում: Այս սեզոնին դրանց պահանջարկն ավելանում է, իսկ որակը պատշաճ չի վերահսկվում: Մանրածախ շուկայում իրացվող հրուշակեղենի 40-45%-ը սերտիֆիկացված չէ, ուստի ունի կասկածելի ծագում, լրագրողներին ասաց Սպառողների ազգային ասոցիացիայի մարկետոլոգ Ֆրունզե Հայտյանը: Սուպերմարկետներում եւս վաճառվում է մեծ քանակությամբ չսերտիֆիկացված հրուշակեղեն, եւ որպեսզի սպառողները գնեն նորմալ ապրանք, մասնագետը հորդորեց հրուշակեղեն գնելիս վաճառողից պահանջել տվյալ ապրանքի սերտիֆիկատը:

Ֆ. Հայտյանը վստահեցրեց, որ կասկածելի արտադրանք են տալիս «Նրբիկ թրեյդ» խանութը՝ Հարավ-Արեւմտյան թաղամասում, «Նիկոլայ Մելիքյան» ձեռնարկությունը, որը տորթեր է վաճառում Արգավանդի դպրոցի հարեւանությամբ, «Արմեն Հովսեփյան» խանութը եւ այլն։

Նախատոնական գներն արդեն բարձրացել են 10-15%-ով, հատկապես պարենի գինը: Իսկ շինանյութերն ու կենցաղային տեխնիկան չեն թանկանում, քանի որ խանութների տերերը չգիտեն՝ ինչպես ազատվել դրանցից: Մ. Հակոբյանի կարծիքով, գների նման աճի պատճառը հայ գործարարների ագահությունն է, որոնք փորձում են Ամանորի նախօրեին պահանջարկի աճի հաշվին հարստանալ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել