Լրահոս
Օրվա լրահոսը

Դավիթ Հարությունյանը հակազդել է

Դեկտեմբեր 08,2010 00:00

\"\"Նա իսկապես զանգել է Գերասիմ Ալավերդյանին՝ տեղեկացնելու, որ նրա ղեկավարած ոլորտում «ուշադրություն» են պահանջում:

Մոտ 1 ամիս առաջ աշխատանքից ազատված գյուղատնտեսության նախարարության Բուսասանիտարիայի պետական տեսչության նախկին պետ Վռամ Գյուլզադյանը օրերս հայտարարել էր, որ իրեն աշխատանքից ազատել են ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, պատգամավոր Դավիթ Հարությունյանի դստեր պատճառով: Նշենք, որ Դ. Հարությունյանի դուստրը՝ Անի Հարությունյանը, զբաղվում է նվերների պայուսակների ներկրմամբ, եւ այդ ապրանքը ստուգվում է Բուսասանիտարիայի պետական տեսչության կողմից: Վ. Գյուլզադյանի ներկայացմամբ, պարոն Հարությունյանը զանգել է վարչապետին եւ գյուղատնտեսության նախարարին այն բանից հետո, երբ իր աղջկա կողմից ներկրված ապրանքների համար Բուսասանիտարիայի տեսչության աշխատակիցներից մեկը՝ չիմանալով որ Անին Դ. Հարությունյանի աղջիկն է, «շնորհակալություն» հայտնելու «ակնարկներ է» արել:

Երեկ «Առավոտի» հետ զրույցում պարոն Հարությունյանը հաստատեց, որ ինքն իսկապես դիմել է գյուղատնտեսության նախարար Գերասիմ Ալավերդյանին, երբ աղջկանից տեղեկացել է, որ տեսուչը փորձել է արհեստական արգելքներ ստեղծել այն բանի համար, որ իր դուստրը նրա նկատմամբ «բավարար ուշադրություն» չի ցուցաբերել: Ըստ Դ. Հարությունյանի. «Ես չգիտեմ իմ աղջիկն է եղել պատճառը, թե ոչ, սակայն փաստ է, որ տեսուչը փորձ է արել բարդացնել խնդիրը որոշակի ակնարկներով, եւ, ինչպես ցանկացած անձ, այնպես էլ ես, կարծում եմ, ճիշտ քայլ եմ արել եւ տեղեկացրել եմ համապատասխան մարմնի ղեկավարությանը, որ այսպիսի իրավիճակ է տիրում այնտեղ, ինչը անթույլատրելի է: Եթե իմ դուստրը գիտի իր իրավունքները եւ կարող է հակազդել այդ ամենին, դա չի նշանակում, որ յուրաքանչյուր քաղաքացի պատրաստ է հակազդելու, եւ նման դեպքերն ուղղակի անթույլատրելի եմ համարում: Ես լսել եմ, որ դա եզակի բողոքը չէ այդ ոլորտից: Էականն այն փաստն է, որ խոստացել են արհեստական արգելքներ ստեղծել, եթե բավարար ուշադրություն իրենց նկատմամբ չլինի, ինչը համարում եմ անթույլատրելի յուրաքանչյուր պետական պաշտոնյայի պարագայում»:

Հիշեցնենք, որ Քաղաքացիական ծառայության խորհուրդը, քննարկելով Վռամ Գյուլզադյանի պաշտոնանկության հարցը, եկել էր այն եզրակացության, որ տեսչության պետը չի կատարել օրենքով սահմանված պարտականությունները, ինչի համար էլ պետք է ազատվի աշխատանքից: Չնայած այն բանին, որ Վ. Գյուլզադյանը գտնում է, որ իրավաբանորեն Քաղծառայության խորհուրդը ճիշտ է, սակայն համոզված է, որ Դ. Հարությունյանի դստեր հետ կապված պատմությունը նախարար Գերասիմ Ալավերդյանի համար պարզապես փայլուն առիթ է եղել վարչապետին Գյուլզադյանից բողոքելու եւ նրանից ազատվելու համար:

Պաշտոնանկությունից հետո պարոն Գյուլզադյանը զբաղված է ֆերմերությամբ, սակայն, ինչպես ինքն է վստահեցրել, «զենքերը վայր չի դնելու» եւ կրկին մասնակցելու է Քաղծառայության խորհրդի կազմակերպած մրցույթին՝ նույն պաշտոնին վերականգնվելու համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել