Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՊՐՈՒՄ ԵՆ ԱՂԵՏԱԼԻ ՎԻՃԱԿՈՒՄ

Դեկտեմբեր 08,2010 00:00

Տուն, հագուստ ու ուտելիք չունեն

\"\"Կոնդ թաղամասի 213 հասցեում է գտնվում այս կիսախարխուլ 1-սենյականոց տնակը, որտեղ հաշմանդամ Նելլի Գալստյանն ապրում է իր 3 անչափահաս երեխաների հետ: Նրանք իրենց սեփական տունը չունեն, բանտում գտնվող ամուսնու ընկերն է այս սենյակը ժամանակավորապես հատկացրել նրանց: Այստեղ կենցաղային նվազագույն պայմանները նույնիսկ ապահովված չեն՝ բաղնիք, զուգարան չկա, պատուհանները կոտրտված են, միայն 4 պատն է եւ ստվարաթղթով ամրացրած կտուրը: Բացի այդ, տնակ մտնելու համար իսկական լեռնագնաց պետք է լինես, որովհետեւ սենյակ բարձրացող աստիճանները քանդված են, ճոճվում են ու չափազանց անհարմար են, դրանց անմիջապես վերեւում գտնվող ծածկն էլ շատ ցածր է տեղադրված:

Այս աղետալի վիճակում ապրող երեխաները, սակայն, մեր այցելության պահին բավականին բարձր տրամադրություն ունեին, քանի որ հարեւանները նոր էին հումանիտար օգնություն՝ սնունդ, բերել նրանց համար: 2-ամյա Սերոժիկը հարեւանների բերած կաթի տուփը գրկել էր ու երգում էր: 4-րդ դասարանում սովորող Մարիաննան էլ դասերն էր սովորում: Մոր ներկայացմամբ, նրա դուստրը գերազանցիկ է առաջին դասարանից սկսած: 12 -ամյա Ռոբերտն էլ հիվանդ պառկած էր, նա մրսել էր ու ջերմություն ուներ, որովհետեւ դրսում հագնելու այս եղանակին հարմար հագուստ չունի:

\"\"Նրանք իրենց «տունը» ջեռուցում են վառարանով: Վառում են ինչ պատահի՝ թուղթ, կենցաղային աղբ եւ դրսից հավաքած փայտի կտորներ: «Մեր տան էլեկտրական լույսն էլ ամուսնուս ծնողների տանից ենք քաշել, այստեղ հասցրել: Նրանք մոտերքում են ապրում, բայց ոչնչով մեզ չեն կարող օգնել, իրենք էլ լավ օրի չեն, միայն այս լույսի գումարն են վճարում: Ամուսնուս հայրն էլ է հիվանդ: Այն օրը մտածում էի՝ դուրս գամ ամբողջ Կոնդի բնակիչներից 100-ական դրամ հավաքեմ, որ մի քանի օրվա ուտելիք գնեմ երեխաներիս համար, բայց ամաչեցի»,- «Առավոտի» հետ զրույցում պատմեց Նելլի Գալստյանը:

Նա 2-րդ կարգի հաշմանդամ է, այդ պատճառով ոչ մի տեղ չի կարողանում աշխատանք գտնել: Բացի այդ էլ, չի կարող աշխատել, մանկական պարալիչ է տարել, վերջերս էլ մի անգամ ուղեղի արյան զեղում է ունեցել: Ասում է, որ շատ կուզեր հաշվապահ աշխատել, բայց երեխաներին պահող չկա. «Մի քիչ նպաստ ենք ստանում, մեկ էլ իմ հաշմանդամության թոշակն է, իրար հետ 40 հազար դրամ գումար է անում, ոչնչի համար չի հերիքում՝ ոչ ուտելիքի, ոչ էլ հագուստի ու կոշիկների: Երեխաներս սապոգ էլ չունեն: Ոչ մի տեսակի օգնություն չենք ստանում: Հենց մի տեղից իմանում եմ, որ օգնություն կա, դիմում եմ, բայց ինձ մերժում են: Անգամ տան համար ենք ուզել հերթագրվել, մերժել են: Չգիտեմ, թե ինչու»:

Կինը իր սոցիալական վիճակը մի քիչ թեթեւացնելու հույսով դիմել է տարբեր գերատեսչությունների, սակայն դեռ ոչ մի պատասխան չի ստացել: «Նախագահական եմ նամակ գրել, քաղաքապետարան եմ գրել, ոչ օգնում են, ոչ էլ պատասխանում»,- պատմում է նա:

Հարեւաններից մեկը՝ Անահիտը, որը հաճախ է այս ընտանիքի որպիսությամբ հետաքրքրվում, մեզ հետ զրույցում նշեց. «Նրանց վիճակը աղետի գոտուց ավելի վատ է: Գոնե Նոր տարվա առթիվ օգնեն: Ամեն օր ասում եմ, որ Աստված նրան կօգնի, եւ Նոր տարուն Ձմեռ պապը այցի կգա: Այս ընտանիքին նվեր ենք տալիս մեր ղեկավարներին, նրանց երեխաները այս երեխաներից լավը չեն: Մի օր էլ Նելլիին մի բան կլինի, այս երեխաներին ո՞վ պետք է պահի»:

Նելլիի խոսքերով, իրենք ժամանակին Աջափնյակում տուն ունեցել են, պարտքերի պատճառով եւ սոցիալական պայմաններից ելնելով՝ վաճառել են. «Դա հորս տունն էր, վաճառեցինք, որ կարողանանք ապրել, երեխաների համար ուտելիք առնենք: Մի քիչ էլ բավականացրեց, որ վարձով ապրեինք, բայց այդ գումարն ի վերջո վերջացավ: Մնալու էինք դրսում: Լավ է, ամուսնուս ընկերը այս տեղը տվեց: Ամուսինս տաքսի էր վարում, մի փոքր գումար էր աշխատում, գոնե հաց էինք կարողանում առնել, երբ արդեն նստած է, հիմա ապրում ենք հարեւանների տված սնունդով»: Կինը հավատում է, որ իր ամուսինն իրականում մեղավոր չէ. «Տաքսու մեջ թմրամոլներ են նստել, իրենց թմրանյութը թողել են մեքենայի մեջ, ոստիկաններն էլ բռնել են: Դատը դեռ չի եղել, սակայն արդեն գիտենք, որ կնստի երկար տարիներ: Նա նախկինում դատվածություն ունի, բայց մանր-մունր գողություններ է արել, հիմնականում սնունդ է գողացել, որ ապրենք, հաստատ թմրանյութ չէր լինի նրա մոտ: Ամբողջ Կոնդը կարող է ասել, որ իմ ամուսինը այդպիսի բան չէր անի, ես բազմիցս նամակներ եմ գրել ոստիկանություն, բայց ոչինչ չի փոխվել»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել