Լրահոս
Օրվա լրահոսը

«ՄԵՐՍԵԴԵՍԸ» «ԺԻԳՈՒԼԻԻ» ԳՆՈՎ ՉԵՔ ԳՆԻ

Դեկտեմբեր 08,2010 00:00

Շուկայում պանրի գնի կտրուկ բարձրացումը  մեկնաբանում է պանրագործը

\"\"Թե ինչու պանրի շուկայում մոտ մեկ ամիս առաջ կտրուկ թանկացումներ եղան՝ կառավարության տարբեր անդամներ տարբեր կերպ մեկնաբանեցին: Ըստ գյուղատնտեսության նախարար Գերասիմ Ալավերդյանի՝ գյուղացիներն են սկսել հանկարծ կաթն ավելի թանկ գնով վաճառել, քան նախկինում՝ հաշվի առնելով տարբեր շուկաների գնաճը: Շրջանառվում էր նաեւ այն տարբերակը, որ արտադրողները պանիրն արհեստականորեն թանկացրել են այն օրվանից, երբ վարչապետը հայտարարեց, որ պանիրը պետք է արտահանվի: Սակայն «Առավոտի» հետ զրույցում «Բիոկաթ պլյուս» ընկերության եւ Թալինի պանրագործարանի հիմնադիր Գարիկ Սարուխանյանը վստահեցրեց, որ նախարարի բացատրություններն այնքան էլ հիմնավոր չեն, իսկ վարչապետին պանրի գործին պետք չէ խառնել. «Նա ընդամենը ուզում էր, որ տեղական արտադրանքն արտահանվի, հո չէ՞ր ասում՝ արտահանեք, ու տեղական շուկան մնա բաց: Այստեղ մի խնդիր կա, որը մարդիկ այլ ուղղությամբ են բացատրում, որ չհասկացվի, թե որտեղ է թաղված շան գլուխը: Միջազգային շուկայում կաթի փոշու գինը $1,5-2 էր: Տարիներ շարունակ կաթի փոշին ներմուծվում էր ու կաթնամթերք էր ապահովում ամբողջ տարվա համար, սակայն եղավ պահ, որ միջազգային գները միանգամից թանկացան: Այն կաթը, որ միշտ պանիր էր դարձել ու մտել էր շուկա, սկսեց ծառայել կաթի փոշու տեղ, որ մարդկանց կաթնամթերքի պահանջարկը բավարարվի, իսկ պանիրը դեֆիցիտի պատճառով թանկացավ՝ սա է խնդիրը: Այն ընկերությունները, որոնք կաթ ու կաթնամթերք էին մատակարարում սպառողներին, իրականում ոչ թե անարատ կաթից, այլ ներկրված կաթի փոշուց արտադրանք էին մատակարարում: Իսկ քանի որ պանիրը կաթի փոշուց չեն կարող ստանալ, այն կաթը, որը պետք է դառնար պանիր, դարձավ այդ սեզոնին ավելի պահանջարկային ապրանք՝ պաղպաղակ ու այլ ապրանքներ»: Նշենք, որ Թալինի պանրագործարանի արտադրած պանրի գներն էլ են վերջին շրջանում բարձրացել, ուստի կարելի է ենթադրել, որ նրանք էլ են կաթի փոշի օգտագործել: Սակայն Գ. Սարուխանյանն այդ թանկացումն այլ կերպ մեկնաբանեց. «Մեր ընկերությունն իր պատմության մեջ արտադրած կաթնամթերքում կաթի փոշի չի օգտագործել: Մեզ համար ծանր է, ահռելի գումարներ են ներդրվում, բայց չի օգտագործվում կաթի փոշի: Բայց կան սեզոնային խնդիրներ, որոնք չեն կարող չազդել արտադրանքի գնի վրա: Եթե հունիսին կովը տալիս է 10-15 լիտր կաթ, նոյեմբերին նույն կովը տալիս է 2.5-3 լիտր կաթ, ուստի կաթի պահանջարկը մեծանում է: Քանի որ մենք միայն անարատ կաթից ենք կաթնամթերք արտադրում, գիտակցում ենք, որ եթե կաթը հանկարծակի վերանա՝ ընկերությունը կփակվի: Դրա համար էլ, որպեսզի գյուղացին կաթ տա մեզ ու ապահովի մեր հումքը, ավելի բարձր գներով ենք գնում նրանցից, քան ամռան ամիսներին: Նոյեմբերից Ապարանում կաթը ընդունում ենք 170 դրամով, դեկտեմբերի 1-ից՝ ավելի բարձր՝ 200 դրամով, եթե գումարենք յուղի գումարը՝ 170-ի փոխարեն վճարում ենք ուղիղ 200 դրամ: Ես նախագահի հետ զրույցի ընթացքում էլ ասել եմ, որ կաթի գինը դառնալու է բենզինի գին: Ո՞վ է ասել, որ ջուրն ու կաթը նույն գինը պետք է ունենան: Եթե մարզերում ջրի 1 խմ-ն արժե 250 դրամ, ինչո՞ւ կաթը, որն այնքան օգտակար ու պիտանի է մարդուն, պետք է այդքան էժան լինի»: Հարցին՝ ստացվում է, որ մինչեւ հիմա վնասո՞վ եք աշխատել ու նոր գտել եք, որ պետք է գները բարձրացնե՞ք, գործարար Գ. Սարուխանյանը պատասխանեց՝ «Ոչ, մեր ընկերությունը վնասով չի աշխատել, բայց գյուղացի՛ն է վնասով կով պահել: Եթե մտածենք այդ մասին՝ գյուղատնտեսությունն էլ կզարգանա: Այն գյուղացին, որը 1-2 կով է պահում, բնականաբար չի կարող 170-200 դրամով հանձնել իր կաթը, որովհետեւ 10 լիտր կաթի համար ոչ մեկը չի գնա հասնի ինչ-որ գյուղ: Բայց եթե քիչ-քիչ մենք սկսենք ավելի շատ վճարել գյուղացուն, նա կշահագրգռվի, շատ կովեր կպահի ու նորմալ եկամուտ կունենա, գյուղատնտեսությունն էլ կզարգանա: Պարզ է, որ դա կբերի գյուղմթերքների գնաճին, կովի գինն էլ կթանկանա, տնտեսության մեջ ցնցումներ էլ կլինեն: Ես չեմ ասում, որ մենք հրեշտակ ենք եւ, պանրի գինը բարձրացնելով՝ միայն գյուղացու մասին ենք մտածում, ո՛չ, մենք ուզում ենք, որ շուկան մաքրվի, եւ սպառողը հասկանա, թե ինչ է գնում»:

Նշենք, որ, օրինակ, Ապարանի Ափնա գյուղում գյուղացիները մի քանի ամիս առաջ կաթը հանձնում էին 80-100 դրամով, բայց էլի շուկայում կաթնամթերքի գինը չէր իջնում: Գ. Սարուխանյանի խոսքերով՝ «Ես չեմ ժխտում, որ կարող է գյուղացիները այդ գնով ստիպված հանձնեն կաթը, այստեղ միջնորդներն են շատ գումար վաստակում: Ես վստահեցնում եմ, որ մենք Ստեփանավանից, Կալինինոյից, Թալինի շրջանից, Ապարանից կաթը գնում ենք 200 դրամով»: Պանրագործը նաեւ ասում էր, որ պանիր էլ կա՝ պանիր էլ. «Մենք այսօր «Լոռի» պանրի մի տեսակի 1 կգ-ը վաճառում ենք 2100 դրամով, մյուս տեսակը՝ 1820 դրամով: Մինչ թանկացումն այն եղել է 1700 դրամ: Մենք թանկացրել ենք մեր արտադրանքը, որովհետեւ այն որակ ունի ու պետք է գնահատվի: Ընդհանրապես, մեր ընկերության մթերքը թանկ է, եւ այդպես էլ պետք է լիներ: Դուք, ինչ է, պահանջում էիք, որ «Մերսեդեսն» ունենար «Ժիգուլու» գի՞նը: Դա բացառվում է: Քաղաքում կան տարբեր տեսակի, տարբեր գնի պանիրներ: Ցանկության դեպքում կես կգ պանիր գնելով՝ 1 օրվա մեջ կարելի է հասկանալ, թե ինչ է կատարվում պանրի շուկայում: ԳՕՍՏ ստանդարտում հեշտությամբ պարզում են, թե քանի լիտր կաթից է այն ստացված: Կան շատ «միամիտ» վարպետներ, որոնք պանիրը ստանում են 7 լիտրից, կան՝ 11 լիտրից: Կա պանիր, որ պահպանվել է 15 օր եւ կաթնաշոռի տեսք ունի, կա պանիր, որ դժվար է ծամվում եւ պահպանվել է 4 ամիս: Իսկ գումարը, երբ 4 ամիս քնում է, որ որակ տա՝ գործարարին քիչ է ձեռնտու»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել