Լրահոս
Օրվա լրահոսը

Այդպես էլ Գյումրի չեկավ

Դեկտեմբեր 08,2010 00:00

Մինչդեռ պրոբլեմների մեջ թաղված մարդկանց  մի հսկա խումբ սրտատրոփ սպասում էր նախագահին

Երկրաշարժի 22-րդ տարին Գյումրիում նշվեց ոչ ավանդական ձեւով. ի տարբերություն նախորդ տարիների, այս անգամ երկրի ոչ մի բարձրաստիճան պաշտոնյա, կառավարության որեւէ ներկայացուցիչ հարկ չէր համարել անձամբ գալ ու հարգանքի տուրք մատուցել երկրաշարժի զոհերի հիշատակին: Նախագահը եւս չէր եկել, թեեւ նրա ու Ռոբերտ Քոչարյանի անունից վաղ առավոտյան ծաղկեպսակներ էին տեղադրվել Ֆրիդ Սողոյանի՝ երկրաշարժի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանին:

Գյումրեցիների մի հսկա խումբ, բողոք-նամակները ձեռքին, սպասում էր Սերժ Սարգսյանին, սակայն, տեսնելով, որ նախագահը չի գալիս, անխնա քննադատությունների տարափ տեղաց նրա հասցեին: «Մի՞թե մի քանի տուն կառուցելով՝ աղետի գոտին դրախտավայր դարձրին, հիմա էլ մեզ անտեսում են, հարկ չեն համարում Գյումրի գալ: Գոնե նախագահը գար, մոտենայի, նամակս տայի, գիտենար, թե հարցերս ինչպես լուծեր, էսպես ապրել այլեւս չի լինի: Երկրաշարժից հետո կիսափուլ մի տուն եմ տեղափոխվել՝ 99 տարվա կառույց, էդ էլ վաղը մյուս օր գլխիս կփլվի: Գար, տնետուն ման գար, տեսներ՝ ով ինչ վիճակում է՝ սովա՞ծ են, կո՞ւշտ են, մեռա՞ծ են, թե՞՝ կենդանի…»,- ասաց բողոքավորներից մեկը՝ Քնարիկ Հովհաննիսյանը: Սեդա Գրիգորյանն էլ բորբոքվել էր այն փաստից, որ իր ամուսնու մահից հետո նրա ավանդը չեն վերադարձնում: «Գնացի սոցապ, ինձ ասացին՝ ամուսինդ մեռավ, ավանդը հետը գերեզման տարավ, ամոթ չէ՞, սաղ կյանքներս աշխատել ենք, մեզ ամեն ինչից զրկել ենք, որ էդ փողը հավաքենք, էդ ի՞նչ պատասխան է»:

ԱԺ տարբեր խմբակցությունների ներկայացուցիչներից հետաքրքրվեցինք, թե ծավալվող բնակարանաշինությամբ արդյո՞ք Գյումրին կձերբազատվի տնակներից, եւ մի՞թե դա բավարար է Շիրակի մարզը այլեւս աղետի գոտի չանվանելու համար: «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանի կարծիքով, «22 տարի անց մեր հայրենակիցները տակավին ապրում են դոմիկներում, անարժանապատիվ, անիրավաց կյանքում»: Ըստ նրա, պետությունը մինչ օրս իր պարտքը չի կատարել, ու թեեւ երկրաշարժից հետո բազմաթիվ միջազգային, մարդասիրական նախաձեռնություններ են ծավալվել, պետական ծրագրեր են իրականացվել, սակայն. «Մեր քաղաքացիական եւ պետական պարտքը աղոթքներից, քարոզներից, պետական ելույթներից, հարցազրույցներից այն կողմ պետք է նաեւ գործով երեւա: Խոսքի ու գործի համապատասխանությամբ պետք է մեր ժողովրդի արժանապատվությունը վերադարձնենք: Այո, կատարվում են բնակարանաշինական աշխատանքներ, բայց դրանք անհրաժեշտ թափով եւ որակով չեն կատարվում, եւ մեր պարտավորությունն է ոչ միայն կերտել ժողովրդավարական ազգային պետություն, այլ հասկանալ, որ այդ պետության հիմքը քաղաքացին է, ընտանիքը: Քանի դեռ մեր պետությունը թույլ է տալիս, որ մեր երկրի մեջ ապրի թեկուզ մի անօթեւան, դա մեր խարանն է, եւ մեր կիսավարտ աշխատանքն է»,- եզրափակեց պարոն Հովհաննիսյանը:

Ի տարբերություն Ր.Հովհաննիսյանի՝ ՕԵԿ-ական Հովհաննես Մարգարյանը գոհ էր բնակարանաշինության ծավալներից ու տեմպերից: «Ես իմ նախկին ելույթներում անդրադարձել եմ «Զարգացման գոտի» անվանը, որը որդեգրվել էր տարիներ առաջ, եւ գյումրեցիներն արդարացիորեն ասում էին՝ ոչ թե զարգացման, այլ ուրացման գոտի է դարձել: Սակայն եկեք արդար լինենք: Երկրաշարժից 22 տարի է անցել, ես՝ որպես ԱԺ պատգամավոր, չեմ հիշում, որ այսքան տարիների ընթացքում մեր պետբյուջեից միլիարդներ տրամադրվեին սոցիալական բնակարանաշինության ծրագրերի համար, խոսքը վերաբերում է շուրջ 1030 անօթեւան ընտանիքներին: Շուրջ 26,5 միլիարդ նորից տրամադրվել է գալիք տարվա բյուջեով եւ շուրջ 4000 ընտանիք, որ միայն Գյումրիում է (աղետի գոտում ընդհանուր առմամբ հաշվառված է մոտ 6800 անօթեւան), պետք է տնավորել: Այս տեմպերով մինչեւ 2013 թվականը մենք կկարողանանք անօթեւանության խնդիրը լուծել»,- համոզված էր Հովհաննես Մարգարյանը: ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Սուքիաս Ավետիսյանից հետաքրքրվեցինք, թե ի՞նչ է լինելու մյուս անօթեւանների վիճակը, եթե Գյումրիում կառուցվում է 3030 բնակարան, մինչդեռ անօթեւանները փաստացի 4200-ն են: Պատգամավորի ասելով, մնացած 1200-ի հարցը կլուծվի այն ժամանակ, երբ հանձնվեն 3030 բնակարանները: «Դրանից հետո պարզ կլինի, թե ինչ ընտանիքներ են դուրս մնացել, քանի սենյակի կարիքավորներ են… եւ դրանից հետո կորոշվի՝ կամ նորից բնակարանների կառուցման խնդիր կդրվի, կամ գուցե էլի օգտագործենք ԲԳՎ-ները: Հիմա էսքան բնակարաններ են հանձնվում, բայց դրանց մի մասը հաստատ շուկա է դուրս գալու, դրա համար, կարծում եմ, սա ամենաճիշտ տարբերակն է. էսքան անօթեւանի բավարարենք, հետո տեսնենք, թե ինչ կլինի, որովհետեւ շատ դեպքերում անօթեւան ընտանիքը չի բնակվում, հանրապետությունում չէ, բայց բնակարան ստանալու ժամանակ հայտնվում են էստեղ, բնակարանները ստանում, դռները փակում, գնում են»,- ասաց պատգամավորը՝ հիշեցնելով, որ պետությունը պարտավորություն չի կրում այն ընտանիքների նկատմամբ, ովքեր անօթեւան են դարձել ոչ երկրաշարժի պատճառով: Պատգամավորի այս խոսքերից կարելի է ենթադրել, որ Գյումրին հուր-հավիտյան տնակներից չի ազատվելու:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել