Լրահոս
Օրվա լրահոսը

Սանահինի դեպոյի փակման դեմ

Դեկտեմբեր 08,2010 00:00

Երեկ Սանահինի լոկոմոտիվային դեպոյի փակման դեմ հանդես է եկել «Սարդարապատ» շարժումը:

Նրանք փաստում են, որ դեպոն սահմանամերձ է եւ Հայաստանի համար ունի ռազմավարական նշանակություն. «90-ականներին Ադրբեջանի հետ չհայտարարված պատերազմի ժամանակ Վրաստանի երկաթուղայինները հրաժարվում էին Հայաստանի բեռները տեղափոխել ադրբեջանցիներով բնակեցված Մառնեուլի, Շուլավերի եւ Սադախլոյի ուղեմասերով՝ պատճառաբանելով այդ տարածքներում ադրբեջանցիների ներկայությամբ եւ նրանց նկատմամբ անհսկելիությամբ, որի հետեւանքով երկաթուղում պարբերաբար կատարվել են ահաբեկչական գործողություններ: Հայաստանի բեռնափոխադրումները այդ իրավիճակում կատարվում էին բացառապես Սանահինի լոկոմոտիվային բրիգադների եւ դեպոյի աշխատակիցների ջանքերով: Միայն 1994թ. Վրաստանի տարածքով Հայաստան բեռնափոխադրումների ընթացքում տեղի է ունեցել 23 ահաբեկչական գործողություն, որից 13-ը՝ Ադրբեջանի հետ զինադադարի ստորագրումից հետո։ Ահաբեկչական գործողությունների ժամանակ պայթեցվել են ջերմաքարշներ, վագոններ, վառելիքով լի ցիստեռններ, ուղեմասերի գծահատվածներ, կամուրջներ, եւ բոլոր պայթեցումների հետեւանքները արագ արձագանքման շնորհիվ վերացվել են Սանահինի դեպոյի աշխատակիցների ջանքերով»,- վերլուծություն է կատարել «Սարդարապատը»: Շարժման անդամները գտնում են, որ վերացնելով Սանահինի դեպոն եւ նրա որոշակի գործառույթները տալով Գյումրիի դեպոյին՝ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ ղեկավարությունը, տնտեսական նպատակահարմարությունից ելնելով, փաստորեն նվազագույնը զրկում է Հայաստանին՝ Վրաստանի տարածքով Հայաստան մտնող բեռնափոխադրումների խափանումները շտկելու եւ կանխարգելելու օպերատիվ միջամտությունից։ «Դեպոյի աշխատակիցներին առ այսօր «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ ղեկավարությունը կերակրում է սին խոստումներով, թե, իբր, այդ տարածքում ինչ-որ արտադրամասի հիմնումը կապահովի անհրաժեշտ քանակի աշխատատեղեր։ Իրականությունն այն է, որ այսօր չկա այդ արտադրամասը, եւ չկան համապատասխան աշխատատեղերը։

Ի՞նչ արձագանք են տվել եւ գործնական ի՞նչ քայլեր են ձեռնարկել Հայաստանի պատկան մարմինները «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ ղեկավարության գործողությունների նկատմամբ։ Առ այսօր ՀՀ իշխանությունների մարտավարությունը եղել եւ մնում է լռությունը եւ իրավիճակին համակերպվելը։ Այնինչ, իրապես, կրկին անգամ վտանգվում է ՀՀ ազգային անվտանգությունը»,- ասված է հայտարարության մեջ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել