Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀԻՄՆԱՀԱՐՑԸ ՄՏՆՈՒՄ Է ԱԳՐԵՍԻՎ ՓՈՒԼ»

Դեկտեմբեր 08,2010 00:00

\"\"«Նոր ժամանակներ» կուսակցության առաջնորդ Արամ Կարապետյանը ԼՂ ճակատում պատերազմի վերսկսում է կանխատեսում:

«Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը առաջիկայում Հայաստանի համար դժվար օրեր է կանխատեսում: Նրա ասելով, եթե դեռ մի 15 օր առաջ հարցրած լինեինք՝ ՀՀ քաղաքական ուժերն արդեն քարոզարշա՞վ են սկսել, կպատասխաներ՝ այո: Բայց 15 օրն ամեն ինչ փոխել է: Հիմա Հայաստանի եւ հայրենի քաղաքական ուժերի առջեւ այլ մարտահրավերներ են ծառացել՝ առաջին հերթին ԼՂ հակամարտության կարգավորման համատեքստում: Աստանայում տեղի ունեցած ԵԱՀԿ գագաթաժողովը, Ա. Կարապետյանի դիտարկմամբ, շատ բան է փոխել: «Ինձ համար միանշանակ է, որ Աստանայից հետո Ղարաբաղի հիմնահարցը մտնում է բավականաչափ ագրեսիվ փուլ, եւ իմ տպավորությամբ՝ ամեն ինչ տանում է դեպի պատերազմ»,- կարծիք հայտնեց ՆԺԿ առաջնորդը: Ինչո՞վ է հիմնավորում իր այս տպավորությունը Ա. Կարապետյանը. Աստանայի գագաթաժողովի արձանագրած արդյունքներով. «Բանն այն է, որ ԼՂ հիմնախնդրի լուծման որեւէ եզր գոյություն չունի: 1975թ.-ին Գերմանիայի եւ Ֆրանսիայի, նաեւ ռուսների օգնությամբ կառուցած՝ Եվրոպայի անվտանգության միջավայր կոչվող համակարգը Աստանայում վերջնականապես փլուզվեց: Հակամարտությունների կարգավորման այլեւս որեւէ սկզբունք չի աշխատում. դրանք իրարամերժ են: Հասկանալի չէ, թե 1975թ.-ին գրված տարածքային ամբողջականության սկզբունքը ինչպե՞ս պետք է համատեղվի ազգերի ինքնորոշման իրավունքի հետ: Այսինքն՝ այն սկզբունքները, որոնց շրջանակներում փորձ էր արվում լուծել հակամարտությունները՝ արդեն հնացած են, իսկ նորերը որեւէ կերպ կամ որեւէ տեսքով նորմալ քննարկել Աստանայում նույնիսկ չհաջողվեց»:

Այս դիտարկումը էապես տարբերվում է այլ վերլուծաբանների այն դիրքորոշումից, թե՝ Աստանայի գագաթաժողովը ցույց տվեց, որ այսօր չկա որեւէ երկիր, որը շահագրգիռ լինի մասնավորապես ԼՂ հիմնախնդրի համատեքստում առկա ստատուս քվոյի փոփոխությամբ: Այլ կերպ ասած՝ միջազգային հանրությանը գոնե այս պահին ձեռնտու է ստատուս քվոյի պահպանումը: Իսկ այդ դեպքում ԼՂ ճակատում պատերազմի ի՞նչ վերսկսման մասին կարող է խոսք լինել: «Ես դժվար եմ հասկանում դա: Դուք համարում եք, որ Ադրբեջանը Թուրքիայի հետ միասին համաձայնե՞լ է ստատուս քվոյի պահպանմանը»,- մեր հարցադրմանը հակադարձեց Ա. Կարապետյանը: Նա չհամաձայնեց մեր այն դիտարկմանը, թե՝ գուցե չի համաձայնել, բայց այլ ելք էլ, թերեւս, չունի: «Շատ քայլեր ունի անելու, եւ ես հենց դրա մասին եմ խոսում: Մինչեւ հիմա կար բավականաչափ հստակ տեսակետ, թե՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների ճնշման, պայմանավորվածությունների արդյունքում կհաջողվի լուծել ԼՂ խնդիրը: Ադրբեջանն այդպես էր մտածում: Իսկ Աստանան ցույց տվեց, որ լուծում չկա, որովհետեւ Հելսինկյան եզրափակիչ ակտում արտացոլված միջազգային նորմերն ու հիմնարար սկզբունքները համադրելի չեն, եւ այդ սկզբունքների հիման վրա խնդրի լուծումը ի սկզբանե հարցը փակուղու է բերել: Ես մինչեւ հիմա այդ երկու սկզբունքի՝ տարածքային ամբողջականության եւ ազգերի ինքնորոշման հիման վրա լուծված հակամարտություն չգիտեմ»,- ասաց Ա. Կարապետյանը:

Ոչ միայն հայաստանյան, այլեւ արեւմտյան վերլուծաբաններն են նշում, թե Ադրբեջանի նախագահի ռազմատենչ հռետորաբանությունը ընդամենը քարոզչական նպատակ է հետապնդում, եւ դա չի կարող կենսագործվել առաջին հերթին նաեւ հենց այն պատճառով, որ նոր պատերազմի հնարավոր վերսկսման պարագայում ֆինանսական ահռելի կորուստներ ունենալու է հենց Ադրբեջանը: «Ես սովորաբար միշտ այդ հարցերը քննարկում եմ համալիր տեսանկյունից՝ աշխարհաքաղաքականություն, տնտեսություն, դատելով նաեւ ռազմական բյուջեից եւ այն բոլոր գործընթացներից, որոնք ընթանում են ադրբեջանական բանակում: Ադրբեջանական սփյուռքում, հատկապես Ռուսաստանում, ադրբեջանցիների շրջանում Բաքուն պայմանագրային զինծառայողներ է հավաքագրում, եւ այդ գործընթացը արդեն մեկ ամսից ավելի է, ինչ շատ ակտիվորեն է կատարվում: Դա, ըստ իս, խոսում է Ադրբեջանի կողմից պատերազմի պատրաստության մասին»,- արձանագրեց Ա. Կարապետյանը՝ հավելելով, թե պատերազմի վտանգ տեսնում է նաեւ այն պատճառով, որ ամերիկացիներն ու ֆրանսիացիները շատ հեշտությամբ ետ քաշվեցին. Աստանայի գագաթաժողովին չեկան ո՛չ Օբաման, ո՛չ Սարկոզին: «Այսինքն՝ ինչ-որ տեղ Ռուսաստանին թողեցին մենակ, եւ նաեւ ԼՂ հակամարտության կարգավորման համատեքստում ոչ մի որոշակիություն չեղավ, ոչ մի հարց չլուծվեց»,- փաստեց ՆԺԿ առաջնորդը՝ կարծիք հայտնելով ու չբացառելով, որ Արեւմուտքում ԼՂ հիմնախնդրի հետ կապված որոշակի ծրագիր կա, որը կարող է շատ նման լինել Աբխազիայի եւ Հարավային Օսեթիայի խնդրի լուծմանը: Այդ համատեքստում մեր զրուցակիցը չբացառեց, որ Արեւմուտքը, իհարկե, չի հրահրի, բայց ԼՂ ճակատում պատերազմ սկսվելու դեպքում չի էլ միջամտի՝ թողնելով, որ կողմերից մեկն առավելություն ստանա, եւ դրանով հարցը լուծված համարվի: «Տպավորություն ունեմ, որ սպասում են մի կարճատեւ պատերազմի, որից հետո խնդիրը կարող է լուծված համարվել, որովհետեւ հիմա լուծում ուղղակի չկա: Ինձ թվում է, ամերիկացիներն իրենք իրենց համար արդեն որոշել են, եւ Լիսաբոնում էլ դա երեւաց, որ այս ձեւով, Եվրոպայի այս կոնֆիգուրացիան, հարցերի լուծման այս ճանապարհը, անվտանգության այն հայեցակարգը, որ կա՝ արդեն հնացած են: Կարծում եմ, Ադրբեջանը որոշակի քայլեր կանի Հայաստանի մեկուսացումը, նաեւ Վրաստանի հետ միասին, ուժեղացնելու ուղղությամբ, նաեւ ԼՂ հարցը կրկին ՄԱԿ-ի օրակարգ կմտցնի եւ նոր բանաձեւ ընդունելու առաջարկ կանի, կփորձի նաեւ ԼՂ հիմնախնդրի լուծման ձեւաչափը փոխել: Դիվանագիտական նման քայլեր կլինեն, թեեւ, իմ տպավորությամբ, դրանք էլ շատ բան չեն տա, որովհետեւ խնդրի լուծման բանալին չկա: Իհարկե, այդ պատերազմը, եթե Աստված չանի, սկսվի՝ լավագույն ելքը չի լինի Ղարաբաղի, Հայաստանի եւ ընդհանրապես՝ տարածաշրջանի համար, որովհետեւ եթե ռազմական գործողություններ սկսվեն՝ դժվար թե դա կարճատեւ ու լոկալ պատերազմով վերջանա: Եթե իրադարձություններն այդ ուղղությամբ են զարգանալու, ապա մենք դրան դիմագրավելու համար պետք է պատրաստ լինենք»,- հայտարարեց ՆԺԿ ղեկավարը:

Հենց այսպիսի զարգացումների ռեալ վտանգով է նա բացատրում ՀՀ ներքաղաքական դաշտում առաջիկայում տեղի ունենալիք զարգացումները. «Ժամանակն է, որ Սերժ Սարգսյանը սկսի լրջորեն մտածել իր անելիքների մասին, որովհետեւ թե՛ արտաքին քաղաքականության ճակատում, թե՛ ներքին խնդիրների համատեքստում սայթաքումները շատ են: Այս, նաեւ տնտեսական դաշտում՝ գնաճը, բյուջեի անմխիթար վիճակը, արտաքին ճնշումները ստիպելու են Ս. Սարգսյանին մտածել: Գալիք տարի Հայաստանում շատ լուրջ փոփոխություններ են լինելու՝ նաեւ գործադիր իշխանությունում, որովհետեւ եթե հաջորդ ընտրությունները նույնիսկ հերթական էլ լինեն, այսպիսի պաշարով՝ այսպիսի տնտեսությամբ ու արտաքին քաղաքականությամբ, Հայաստանը ուղղակիորեն կանգնելու է հեղափոխության շեմին»: ՆԺԿ առաջնորդը կարծիք հայտնեց, թե ՀՀ իշխանությունների վրա ճնշումները՝ թե՛ ներսից, թե՛ դրսից, ստիպում են Ս. Սարգսյանին ընդհանուր եզրեր գտնել գոնե երկրի ներսում՝ մասնավորապես ընդդիմության հետ շփումների համատեքստում: Հենց սրանով նա մեր հարցադրմանն ի պատասխան բացատրեց նաեւ քաղբանտարկյալներին մաս-մաս ազատ արձակելու ու իշխանության ներկայացուցիչների կողմից Հայ ազգային կոնգրեսի նկատմամբ որոշակի ռեւերանսներ անելու՝ առաջիկա ընտրությունների արդյունքում ՀԱԿ-ի ԱԺ անցնելու հավանականության մասին հաճախակի դարձած «կանխատեսումները»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել