Լրահոս
Օրվա լրահոսը

ԿՈՆԳՐԵՍԸ ՊԱՀԱՆՋՈՒՄ Է ՀԵՏԱՁԳԵԼ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ

Դեկտեմբեր 08,2010 00:00

Երեկ Հայ ազգային կոնգրեսը հանդես է եկել Հայաստանում ավտոմեքենաների պարտադիր ապահովագրության համակարգի ներդրման առնչությամբ: «Ընդունվել եւ սկսել է կիրարկվել «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» օրենքը։ Նորմալ եւ օրինական իշխանության համար ապահովագրական դաշտի կարգավորումը պետք է սկսվեր սոցիալական ոլորտից։ Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության խնդիրը ՀՀ օրենսդրության մեջ բավարար չափով կարգավորված է Քաղաքացիական օրենսգրքով (գլուխ 60), եւ այս պահին դրա առանձին օրենքով կարգավորումը սոցիալական կատակլիզմի հասնող այս պայմաններում ամենեւին հրատապ չէ։ Ավտոմեքենաների պարտադիր ապահովագրության միջոցառումը, ինչպես ապօրինի այս իշխանության երկնած ցանկացած գաղափար, բխում է ոչ թե հասարակության շահերից, այլ նպատակ ունի հանցագործների կաստայի վերածվող վարչախմբի վերնախավի եւ օլիգարխների համար ստեղծել թալանի ու կոռուպցիայի նոր մեխանիզմ»,- արձանագրել է Կոնգրեսը՝ հայտարարելով, որ «ավտոտրանսպորտի պարտադիր ապահովագրության օրենքի կիրարկումը պետք է հետաձգել առնվազն այնքան ժամանակով, քանի դեռ չի իրականացվել ապահովագրությունը ավելի հրատապ՝ սոցիալական ոլորտում։ Դրանում պետք է կատարվեն էական փոփոխություններ, վերացվեն կոռուպցիոն ռիսկերը, սակագները թողնվեն ազատ շուկային, մարդուն տրվի այլընտրանքի հնարավորություն, սահմանվի կիրարկման սահուն փուլային գրաֆիկ՝ սկսելով առաջին հերթին թանկարժեք կամ նոր ներմուծվող մեքենաներից։ Օրենքի նախագիծը պետք է անցնի հանրային քննարկում։ Ինչպես ցանկացած այլ դեպքում, ավտոտրանսպորտի ապահովագրությունը եւս պետք է բխի առաջին հերթին քաղաքացու շահերից, ոչ թե պարտադրվի նրան չոր օրենքի ուժով ու տուգանքների սպառնալիքով»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել