Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱԿ-Ը, ԸՍՏ ՀՅԴ-Ի, ԿՌԱՊԱՇՏ Է

Դեկտեմբեր 08,2010 00:00

ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը Մոնրեալում դեկտեմբերի 5-ին ունեցած ելույթում նշել է. «Մենք հաճախ խուսափում ենք մեր հասցեին օրնիբուն հնչող քննադատություններին պատասխանելուց. դա մեզնից շատ է ժամանակ խլելու, եւ քննադատողների վերաբերմունքն էլ, միեւնույնն է, չի փոխվելու: Ու նաեւ մտածում ենք, որ իրենք՝ իրենց քաղաքական գործիչներ համարող անձինք, ավելի շատ խոսում են, թե Դաշնակցությունն ինչ պետք է անի, ինչ չպետք է անի, ապա էլ ինչո՞ւ են այդ մարդիկ այլ կուսակցություններ ստեղծել կամ անդամագրվել այլ կուսակցությունների, եթե անվերջ մեզ պետք է խելք սովորեցնեին: Բայց այսօր պետք է անդրադառնամ մի քանի՝ առավել հաճախ հնչող քննադատությունների»: Եվ մասնավորապես անդրադարձել է այն մեղադրանքին, թե ՀՅԴ-ն կեղծ ընդդիմություն է. «Ասում են՝ կեղծ ընդդիմություն եք, քանի որ ընդդիմության, այսինքն՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ չեք համագործակցում: Իսկ մյուս ուժերը, որ միացել են Տեր-Պետրոսյանին, համագործակցո՞ւմ են, թե՞ նրա կողմից կառավարվում են: Նրանք ընդդիմության դաշտում ընդունել են Տեր-Պետրոսյանի իշխանությունը, այնտեղ այլեւս չկա ժողովրդավարություն, ի չիք է դարձել կուսակցությունների ինքնուրույնությունն ու արժանապատվությունը: Այնտեղ կռապաշտություն ու բռնատիրություն է: Ասում են՝ եթե կեղծ չեք, եկեք ընդունեք այս իշխանությունը, կամ այլ խոսքով՝ եկեք մեր հասկացած ձեւով համագործակցենք: Իհարկե զարմանալի է՝ եթե մենք կեղծ ենք, ինչո՞ւ են ուզում մեզ հետ համագործակցել, մի՞թե ցանկալի է կեղծ ուժի հետ համագործակցություն:

Մենք 10 տարի իշխանությունների հետ եղանք, բայց չկորցրինք մեր ինքնուրույնությունն ու ինքնաղեկավարումը, իսկ շանտաժով համագործակցության հրավերները կարող են միայն ծիծաղելի լինել»:

Հրանտ Մարգարյանը՝ նշելով, թե «Ամեն գնով իշխանության հասնելու այլոց փորձերը մեզ համար անընդունելի են»՝ նաեւ հավելել է. «Մենք գնում ենք իշխանափոխության հաստատակամ համոզումով, գնում ենք՝ ապավինելով մեր ժողովրդի գիտակցական ընտրությանը, գնում ենք հերթական ընտրությունների միջոցով իշխանափոխության, գնում ենք չթշնամանալով մեր ժողովրդի որեւէ հատվածի հետ, գնում ենք իշխանափոխության՝ չտկարացնելով մեր պայքարը, կռիվը Ղարաբաղի խրամատներում եւ միջազգային բեմերի վրա»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել