Լրահոս
Օրվա լրահոսը

Մրցույթների շնորհիվ եթերում բազմակարծությունը կավելանա՞

Դեկտեմբեր 08,2010 00:00

Համենայնդեպս՝ նման հույս է հայտնել ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովը:

Եվրամիության կայքէջում հրապարակվել են այն եզրափակիչ հայտարարությունը եւ առաջարկությունները, որոնք ընդունվել են դեկտեմբերի 1-2-ը Բրյուսելում կայացած ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի 11-րդ նիստում: Ծավալուն այս փաստաթղթից առավել մեջբերում ենք այն ենթաբաժինը, որը վերաբերում է Հայաստանում ներքին իրավիճակին: Մեջբերումներ կանենք նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության եւ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների վերաբերյալ ենթաբաժիններից:

Եվ այսպես՝ եզրափակիչ հայտարարության՝ Հայաստանում մարդու իրավունքների հարգման եւ օրենքի գերակայության վերաբերյալ կետերից են.

10. ընդունում է բարեփոխումներին ուղղված ջանքերի շարունակականության անհրաժեշտությունը՝ համաձայն ԵՀՔ Գործողությունների ծրագրի գերակայությունների, որոնց նպատակը թափանցիկության բարելավումն է, ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդումը, ընտրական գործընթացի կատարելագործումը, դատական համակարգի անկախությունը, մարդու իրավունքների հարգումը եւ օրենքի գերակայությունը, ներառյալ արտահայտվելու եւ հավաքների ազատությունը, ինչպես նաեւ խոշտանգումների ու նվաստացնող վերաբերմունքի վերացումը,

11. ընդգծում է «Ընտրական օրենսգրքի» փոփոխությունների շուրջ ընդդիմության հետ ընդհանուր համաձայնություն ձեռք բերելու կարեւորությունը,

13. ուշադրություն է հրավիրում Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի դերակատարության ամրապնդմանը եւ նշում է իշխանության պատկան մարմինների կողմից միջոցներ ձեռնարկելու կարեւորությունը՝ լուծում տալու վերջինիս զեկույցում բարձրացրած խնդիրներին,

14. ընդգծում է 2008 թվականի մարտի 1-2-ի 10 զոհվածների մահվան հանգամանքները պարզելու կարեւորությունը,

15. ընդունում է Հայաստանում, ինչպես նաեւ ԵՄ անդամ-երկրներում ոստիկանության բաժանմունքներում ձերբակալությանը եւ հարցաքննությանն առնչվող պատշաճ ընթացակարգերի եւ պրակտիկայի կարեւորությունը,

16. նշում է կոռուպցիայի դեմ պայքարում կոնկրետ արդյունքներ ձեռք բերելու կարեւորությունը, ընդգծում է քաղաքականությունը բիզնեսից հստակ տարանջատելու, հարկային դրույթները բոլորի նկատմամբ հավասար կիրառելու, հանրային գնումների ընթացակարգի թափանցիկության, դատական համակարգի անկախության, վստահելի դատական ընթացակարգերի եւ լրագրողական հետաքննությունների համար անվտանգ միջավայրի ստեղծման անհրաժեշտությունը,

18. կոչ է անում լրագրողների նկատմամբ բռնությունների բոլոր դեպքերում իրականացնել արագ եւ մանրակրկիտ հետաքննություն ու պատասխանատվության ենթարկել մեղավորներին, նշում է Հայաստանի դիրքի բարելավումը «Լրագրողներ առանց սահմանների» մամուլի ազատության համաշխարհային սանդղակում, հաշվի է առնում Հայաստանում եւ ԵՄ-ում լրատվամիջոցներում ինքնագրաքննության վերաբերյալ առկա անհիմն հայտարարությունները, ընդունում է հեռարձակվող լրատվամիջոցներում ավելի մեծ բազմակարծության անհրաժեշտությունը եւ հույս հայտնում, որ հեռուստաալիքների հեռարձակման արտոնագրման ընթացիկ մրցույթի գործընթացը կհանգեցնի վերոնշյալ արդյունքին, հաշվի է առնում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռը «Ա1+» հեռուստաալիքի վերաբերյալ,

19. ընդունում է միջազգային կառույցների կողմից Հայաստանին տրամադրված աջակցության կարեւորությունը եւ հույս հայտնում ԵՄ-ի կողմից Հայաստանին մակրոտնտեսական ֆինանսական աջակցության տրամադրման պայմանների ձեւավորման արագ ավարտի վերաբերյալ (որը բաղկացած է 35 մլն եվրո դրամաշնորհից եւ 65 մլն եվրո վարկերից),

ԼՂ հակամարտության վերաբերյալ մասնավորապես նշված է.

20. ընդգծում է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը բացարձակապես չունի այլընտրանք, կոչ է անում բոլոր կողմերին խոսքով ու գործով ամբողջությամբ հարգել այդ սկզբունքը եւ ակտիվ ջանքեր գործադրել՝ հակամարտության խաղաղ կարգավորմանը հասնելու համար,

21. ամբողջովին սատարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդական ջանքերը, Մադրիդյան փաստաթղթում ամրագրված հիմնարար սկզբունքները, 2009թ. հուլիսի 10-ին Լ’Աքվիլայում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների հիմնարար սկզբունքների ցանկին վերաբերող հայտարարությունը եւ 2009թ. դեկտեմբերի 2-ին ընդունված հակամարտության վերաբերյալ ԵԱՀԿ նախարարական հայտարարությունը,

22. սատարում է 2010թ. հուլիսի 17-ին Մինսկի խմբի համանախագահների համատեղ հայտարարությունը, որով հանձնառություն ստանձնած կողմերին հիշեցնում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման ուղիներ փնտրելու մասին՝ հիմնված Հելսինկյան եզրափակիչ ակտի, մասնավորապես, ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառումից զերծ մնալու, պետությունների տարածքային ամբողջականության ու ժողովուրդների իրավահավասարության եւ ինքնորոշման սկզբունքների վրա,

23. ընդգծում է, որ 2010թ. հուլիսի 17-ի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարության ընդհանուր սկզբունքներից որեւէ մեկին նախապատվություն տալու փորձերն անհնարին կդարձնեն հակամարտության հավասարակշռված լուծումը:

Իսկ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների վերաբերյալ կետերից են.

30. ողջունում է 2009թ. հոկտեմբերին Հայաստանի եւ Թուրքիայի կողմից երկու արձանագրությունների ստորագրումը, հաշվի է առնում արձանագրությունները վավերացնելու համար Թուրքիայի կողմից ներկայացված նախապայմանների պատճառով վերը նշված արձանագրությունների վավերացման կասեցման վերաբերյալ Հայաստանի որոշումը, մտահոգություն է հայտնում գործընթացում պատեհ առիթը կորցնելու կապակցությամբ եւ կոչ անում պահպանել երկկողմ հանձնառությունն ու շարունակել երկխոսությունը,

31. ընդգծում է, որ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի բանակցություններն առանձին գործընթացներ են, որոնք պետք է ընթանան յուրաքանչյուրն իր տրամաբանության համապատասխան,

33. հորդորում է Թուրքիային, Եվրոպական խորհրդարանի կողմից ընդունված բանաձեւերի համաձայն՝ առանց նախապայմանների անհրաժեշտ քայլեր ձեռնարկել, դիվանագիտական ու բարիդրացիական հարաբերություններ հաստատել Հայաստանի հետ եւ հնարավորինս շուտ բացել փակ սահմանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել