Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՎՍ ՄԻ ԴԱՍ, ՈՐ ԴՐՍԻՑ ՉՍՊԱՍԵՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Դեկտեմբեր 08,2010 00:00

\"\"Եվրամիություն-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովում «Ժառանգություն» խմբակցության ներկայացուցիչ  Լարիսա Ալավերդյանը Բրյուսելում հայտարարել է, թե համաձայն չէ 11-րդ  նիստում ընդունված եզրափակիչ հայտարարությանը:

– Ինչպե՞ս եք բացատրում այն, որ ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի դեկտեմբերի 2-ին ընդունված եզրափակիչ հայտարարությունում տեղ չգտան նախագծում պարունակվող կոշտ ձեւակերպումները՝ մասնավորապես լրագրողների դեմ բռնություններին վերջ տալու կամ Հայաստանում քաղբանտարկյալների առկայության մասին:

– Ես կարող էի զուտ աշխատանքային բացատրություն տալ, բայց կցանկանայի ասել այն, ինչ շատ անգամ երեւի հաճելի չէ լսել Հայաստանի հասարակությանը: Իմ գնահատականով՝ Եվրամիություն -Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի եվրոպական կողմը ընդգծված ձեւով որեւէ շահագրգիռ մոտեցում կամ հետաքրքրություն չի ցուցաբերել Հայաստանի զուտ ներքին հարցերի նկատմամբ:

Նախ՝ Եվրոպական խորհրդարանի ընդամենը 4-5 պատգամավոր էին մասնակցում նիստին՝ հանձնաժողովի 14 անդամներից: Եվ մասնակիցներից 2-ը ոչ թե համագործակցությանն էին պատրաստակամ, այլ, նոր բառ ասեմ, հակագործակցության: Այդ 2-ը Եվգենի Կիրիլովը եւ Վիտաուտաս Lանդսբերգիսն էին, որոնցից առաջինը մասնակցեց նիստի ողջ ընթացքին, իսկ երկրորդը՝ միայն վերջին օրը: Նրանց հետաքրքրում էր միայն Արցախի հարցը:

– Սակայն հրապարակվել են Վիտաուտաս Lանդսբերգիսի խոսքերը, թե հայկական կողմի առաջարկով այլեւս որեւէ հիշատակում չկա մամուլին առնչվող խնդիրների մասին. «Եթե մամուլի ազատության սահմանափակումներին վերաբերող դրույթը նախագծի տեքստից հանում եք, արդյոք դա նշանակո՞ւմ է, որ այդ ճնշումները վերացել են, արդյոք վերացե՞լ է ինքնագրաքննությունը», եւ որ ի նշան բողոքի՝ լքել է դահլիճը:

– Նրա ողջ ելույթը վերաբերում էր Արցախին, թե պարտավոր եք կատարե՜լ, հանձնե՜լ տարածքները եւ այլն: Եվ վերջում ասաց, թե ինչո՞ւ, օրինակ, չեք խոսում լրագրողների մասին: Այն, ինչ հրապարակվել է՝ իրականության միայն 1 տոկոսն է: Ինքս՝ այսքան տարի ներգրավված լինելով այսպիսի գործընթացներում, զարմացած էի այն թշնամական վերաբերմունքից, որը ցուցաբերեցին Կիրիլովն ու Լանդսբերգիսը, ընդ որում՝ մեկ հիմնական խնդրի վերաբերյալ:

Դառնանք այն հարցին, թե ինչպես մեղմացվեցին այդ ձեւակերպումները: Եվրոպական խորհրդարանի մի կին պատգամավոր, որը հետագայում չի մասնակցել նիստին՝ նախապես առաջարկել էր այդ ձեւակերպումները, որոնք առաջացրել են այդքան մեծ հետաքրքրություն: Բայց նա չեկավ, որ համաձայնեցման փուլում պաշտպանի իր առաջարկները, իսկ Հայաստանի ԱԺ պատգամավորները, որոնք մեծամասնության կարծիքն էին հայտնում՝ դեմ արտահայտվեցին (հիշեցնենք, որ հանձնաժողովի համանախագահ Նաիրա Զոհրաբյանն ասել էր. «Դուք կարող եք ինձ չհավատալ: Կարծում եմ, սակայն, որ որեւէ խնդիր չունեք չվստահելու այնպիսի հեղինակավոր կազմակերպության, ինչպիսին է «Լրագրողներ առանց սահմանների»-ն: Այս կազմակերպությունն ընդամենը 20 օր առաջ հրապարակած զեկույցում հայտարարեց, որ, այո, Հայաստանը լուրջ առաջընթաց է արձանագրել մամուլի ազատության ցուցիչով».- Ա. Ի.): Եվ մնաց այն, ինչ մնացել է:

Գոնե ինձ համար սա դարձավ դաս: Իրենց մոտեցումն այս է՝ ձեր ներքին խնդիրների հետ կապված հարցերը դո՛ւք էլ լուծեք, եղեք ավելի հետեւողական եւ լուծեք: Ես այդ ուղերձն եմ ստացել՝ ոչ մեկը դա չասաց ուղղակի տեքստով: Ինքս էլ եմ կարծում, որ եթե ուզում ես փոփոխություններ երկրում՝ պետք է դա անես ներսում: Ես չեմ կիսում այն պատգամավորների մոտեցումը (շատ անգամ՝ իշխանական), թե դրսից ճնշումներն ունենում են ինչ-որ իրական ազդեցություն: Կարծում եմ, թե դրսից ճնշումների ներքո առավել կատարելագործվում են իմիտացիոն գործընթացները:

– Գուցե Կիրիլովի մշակած բանաձեւից հետո Հայաստանում նրա դեմ ծավալված հակաքարոզչությո՞ւնն է պատճառը, որ Ձեր նկարագրությունից դատելով՝ նա այժմ տրամադրված է ավելի թշնամաբար:

– Կիրիլովն իր պահվածքով դեռ ավելի զուսպ էր, քան Lանդսբերգիսը: Հայաստանում ասում էին, թե Կիրիլովի օգնականն ադրբեջանցի է, իսկ ինքն ուղղակի սայթաքել է եւ այլն: Բայց ես Կիրիլովի հետ զրուցել եմ, հարցեր տվել՝ զուգահեռներ անցկացնելով բուլղարական ազատագրական պայքարի հետ: Եվ կարող եմ ասել՝ դա նրա համոզմունքն է, թե Հայաստանն օկուպացրել է տարածքներ, որոնք պատկանում են Ադրբեջանին, ու պետք է վերադարձնի, չվերադարձնելը փակում է բանակցությունների ճանապարհը: Իսկ Lանդսբերգիսն ընդհանրապես թշնամական վերաբերմունք ունի հայաստանյան ցանկացա՛ծ դրսեւորման դեմ: Նա ինձ մոտ էր նստած՝ փորձեցի պարզել, թե որն է պատճառը: Եվ իմ անձնական տպավորությամբ՝ գործում է պրիմիտիվ մոդելը. Lանդսբերգիսն ակտիվ հակառուսական կեցվածք ունի, ու քանի որ Հայաստանը դիտում է իբրեւ ռուսական կողմնորոշում ունեցող երկիր՝ ցուցաբերում է նաեւ հակահայկական դիրքորոշում:

– Ի՞նչն առավել կկարեւորեիք ընդունված եզրափակիչ հայտարարությունից:

– Ես չեմ համաձայնել այդ տեքստին ու մի քանի անգամ հայտարարել եմ, թե այս կամ այն կետին համաձայն չեմ: Մասնավորապես՝ «Ժառանգությունը» չի ընդունում որեւէ փաստաթուղթ, որտեղ ողջունվում են Մադրիդյան սկզբունքները եւ հայ-թուրքական արձանագրությունները: Երկրորդ խնդիրը, որի առնչությամբ հստակեցրել եմ մոտեցումս՝ հետեւյալն է, թե քանի որ այս փաստաթղթում լայն առումով չեն արտացոլվում մարդու իրավունքների ոտնահարումից հետո վերականգնման 3 փուլերը՝ լիարժեք վերականգնում, փոխհատուցում եւ պատժելիության սկզբունքի իրականացումն այն անձանց կամ մարմինների նկատմամբ, որոնք թույլ են տվել ոտնահարումը՝ ես համաձայն չեմ այս տեքստին, որտեղ դա արտացոլված չէ: Նաեւ ասել եմ, որ կան խնդիրներ, որոնք այդպես էլ չեն լուծվում, եւ նախ եւ առաջ շեշտադրել եմ «Ընտրական օրենսգիրքը»: Իշխանության ներկայացուցիչը շարադրել էր, թե այս կապակցությամբ գործընթացն ինչ փուլում է: Ե՛վ ես, ե՛ւ Արմեն Ռուստամյանը ելույթներում ընդգծել ենք, որ մեր անհամաձայնությունը խորքային է, ու չենք գտնում, թե իշխանության կողմից թմբկահարվող երկխոսությունը կլինի արգասաբեր:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել