Լրահոս
Օրվա լրահոսը

ՏԵՍԱԿԵՏՆԵՐԸ ԲՅՈՒՐԵՂԱՑՎԵՑԻՆ ՃԱՆԱՉՈՒՄԻՑ ԱՌԱ՞Ջ

Դեկտեմբեր 08,2010 00:00

\"\"Խորհրդարանը դե-ֆակտո քննարկեց Արցախի հարցը

Հայտնի է, որ միջազգային այս կամ այն հերթական պայմանագրի վավերացումը կամ «Միջազգային պայմանագրերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագծերը Ազգային ժողովում ընթանում են խիստ արագ, եւ գրեթե չի լինում դեպք, երբ միջազգային պայմանագրերի քննարկումը տեւի մի քանի ժամ, անգամ շարունակվի նաեւ հաջորդ նիստի ընթացքում: Սակայն երեկ խորհրդարանը խախտեց այս օրինաչափությունը, եւ «Միջազգային պայմանագրերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը, որ ներկայացրեց ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը, դարձավ բուռն քննարկումների ջատագովների «զոհը»: Հարցը կարող էր եւ կարճ ժամանակում քննարկվել, եթե հանկարծ խորհրդարանում չհայտնվեր ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը եւ բոլորի համար պարզ չդառնար, որ խորհրդարանի կողմից քննարկվելիք հաջորդ հարցը լինելու է «Լեզվի մասին» օրինագիծը։ «Ժառանգությունը» «Ժառանգություն» չէր լինի, եթե չփորձեր խափանել սա: Եվ միջազգային պայմանագրերի հարցը վերածվեց Արցախի հիմնախնդրի քննարկման: Մանավանդ՝ այս փոփոխությունների տրամաբանությունը հետեւյալն է՝ միջազգային պայմանագրի կողմ կարող է հանդիսանալ նաեւ այն սուբյեկտը, որը դեռեւս ճանաչված չէ: «Ժառանգությունը» ներկայացնող Ստեփան Սաֆարյանն ուղղակի նկատեց. «Այս օրենքով, կարծեք թե, ուղղակի ասվում է, որ մենք չե՜նք ճանաչել ԼՂՀ-ն եւ նրա հետ որպես չճանաչված պետություն կարող ենք պայմանագրեր կնքել»: Շավարշ Քոչարյանը նկատեց՝ եթե առաջարկվող փոփոխությունը դիտարկում է ԼՂՀ-ի հարցում, ապա մենք ԼՂՀ-ի հետ ունենք բազմաթիվ պայմանագրեր, այդ պայմանագրերը գործող են, եւ այդ գործընթացը շարունակվելու է. «Տարբերությունը կլինի այն, որ ԼՂՀ-ի հետ ստորագրված պայմանագիրը կարող է բերվել Հայաստանի ԱԺ՝ վավերացման: Մեր հարաբերությունները ԼՂ-ի հետ միշտ կառուցվել են որպես իրավահավասար սուբյեկտի հետ հարաբերություններ, մեզ համար ԼՂՀ-ն դե-ֆակտո գոյություն ունեցող պետություն է, ինչ վերաբերում է դե-յուրե ճանաչմանը, դա առանձին հարց է: Ես կարծում եմ՝ դա ուղղակի օրենքի հետ առնչություն չունի, բայց դրա մասին բազմիցս ասվել է, որ այդ հարցը միշտ օրակարգում կա եւ կարվի այն ժամանակ, երբ որ կլինի առավել արդյունավետ»:

ԱԺ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը հայտարարեց. «Հազիվ թե մոտ ապագայում ԼՂ հիմնախնդիրը դառնա միջազգային ուժային կենտրոնների առաջնահերթություններից մեկը, որովհետեւ նրանք ունեն աշխարհաքաղաքական եւ գլոբալ այլ առաջնահերթություններ, օրինակ՝ Իրանի, Իրաքի, Աֆղանստանի խնդիրները, գլոբալ տաքացման հիմնախնդիրը, Կորեայի հիմնախնդիրը: Պարոնայք, չպետք է մտածել, որ աշխարհը ամեն օր մտածում է ԼՂ-ի հիմնախնդրի մասին»: Պատգամավորի կարծիքով՝ այս պարագայում ստատուս-քվոն պետք է պահպանվի, իսկ «ԼՂ հիմնախնդրի լուծման բանալին ՀՀ-ն է, բայց՝ ժողովրդավարական, մրցունակ ՀՀ-ն»: ՀՀԿ խմբակցության պատգամավոր Համլետ Հարությունյանը հայտարարեց, որ «միջազգային պրակտիկայում եւ հատկապես Հայաստանի վերաբերյալ տեսնում ենք պրակտիկայի եւ տեսության խիստ հակադրություն՝ սկսած Բեռլինի կոնգրեսից: Զարմանալի ճակատագրի տեր ենք, որովհետեւ միջազգային իրավունք, նորմ կոչվածը կարծես թե Հայաստանի եւ հայ ժողովրդի համար երբեք եւ ոչ մի դեպքում չի գործել»: Ըստ պատգամավորի՝ եթե գործեր, Ղարաբաղը վաղուց միջազգային ճանաչում կունենար: «Ժառանգության» ներկայացուցիչ Արմեն Մարտիրոսյանը հայտարարեց, թե հնարավոր է, որ Հայաստանի կողմից ԼՂՀ ճանաչումից հետո Ադրբեջանը ինչ-ինչ քայլերի դիմի. «Բայց ես չեմ բացառում, որ հենց այս օրինագծի ընդունումից հետո բխող պայմանագրերի դեպքում եւս Ադրբեջանը կարող է նմանատիպ քայլերի գնալ, որովհետեւ, ըստ էության, հիմնավորումները եւ գործողությունների հետեւանքները գրեթե նույնն են: Կոպիտ համեմատություն է, բայց պետք է նշեմ՝ պատկերացրեք ամուսնական զույգ, որը կարող է երեխա ունենալ, բայց չի ունենում՝ վախենալով ծննդաբերական դժվարություններից, փորձում է երեխա որդեգրել: Հիմա սա մոտավորապես նույն ձեւն է՝ մենք կարող ենք ԼՂՀ անկախությունը ճանաչել, բայց քանի որ վախենում ենք, որ կարող են մի փոքր դժվարություններ լինել, որոշում ենք մի այնպիսի պայմանագիր կնքել, որով անկախությունը չենք ճանաչում, բայց փորձում ենք վերջինիս հետ հարաբերություններ հաստատել: Բայց վախենալ պետք չէ, սա այն խնդիրը չէ, որ վախենալու կարիք ունի, եւ այստեղ էլ վախեցող մարդիկ չեն նստած»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել