Լրահոս
Օրվա լրահոսը

Ցուկերբերգը չի շտապում

Դեկտեմբեր 07,2010 00:00

Շատերի սիրելի սոցիալական կայքի՝ Facebook-ի հիմնադիր եւ գլխավոր տնօրեն Մարկ Ցուկերբերգը օրերս հանդես է եկել հայտարարությամբ, որ դեռեւս չի շտապում իր ձեռնարկության մասնաբաժինը վաճառքի դնել բորսայում, եթե նույնիսկ դա կարող էր իրեն հսկայական գումարներ բերել:
Նա CBS հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ հնչած հարցին, թե մի օր կմտնի՞ ինքը բորսա, պատասխանել է՝ «հնարավոր է»: 26-ամյա միլիարդատեր Մ. Ցուկերբերգի հարստությունն արդեն ապահովված է Հարվարդի համալսարանի ուսանողական սենյակում ստեղծած ինտերնետային կայքի հաջողություններով: Նշեք, որ կայքը երիտասարդը ստեղծել է 19 տարեկան հասակում:
Հավելենք, որ դեռեւս 2009 թվականի ամռանը ընկերությունը գնահատվում էր 6.5 միլիարդ դոլար, դա այն ժամանակահատվածն էր, երբ ռուսական Mail.ru-ն գնեց նրա մի մասը: Սակայն վերլուծաբաններն այն այսօր գնահատում են մի քանի տասնյակ միլիարդ դոլար: Աշխարհի ամենահաճախվող կայքն ունի ավելի քան կես միլիարդ օգտվող: Ցուկերբերգը դեռ 2006թ. մերժել էր Yahoo ընկերությանը, որն ուզում էր 1 միլիարդ դոլարով գնել իր կայքը:
Հարցազրույցներից մեկում Facebook-ի հիմնադիրը նաեւ անդրադարձել է անձնական տեղեկությունների գաղտնիությանը: Նա հավաստիացրել է, որ դրանք 100 տոկոսով պաշտպանված են: «Մենք երբեք չենք վաճառի ձեր անձնական տեղեկությունները: Մենք երբեք թույլ չենք տա, որ գովազդատուները, ովքեր օգտագործում են կայքը, մուտք գործեն ձեր անձնական տեղեկատվության դաշտ»,- եզրափակել է Ցուկերբերգը, հավելելով, որ օգտագործողները չհավատան շրջանառվող չար լուրերին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել