Լրահոս
Օրվա լրահոսը

Պետք չէ դատողություններ անել

Դեկտեմբեր 07,2010 00:00

Ռուբեն Հախվերդյանը 60 տարեկան է: Բնական է, որ նորից արժեւորվում է արվեստագետի անցած ստեղծագործական ուղին, շնորհավորանքի եւ բարեմաղթանքի խոսքեր են ուղղվում հիրավի արժանի մարդուն: Ինքը՝ արվեստագետը, հանգիստ ու փիլիսոփայորեն վերաբերվելով այս ամենին, չգիտեմ, կիսակատակ թե կիսալուրջ, ասում է, որ 60-ից հետո էլ նույն խենթն ու խելառն է շարունակելու մնալ: Խենթությունը խենթություն, բայց ողջախոհությունը երբեք չպիտի լքի այն մարդուն, որը իր արվեստագետի առաքելությունն է համարում այն, որ «պատգամ ունի հղելու իր ժողովրդին» եւ իր արվեստով պետք է միշտ ծառայի նրան: Կեցցես. ճշմարիտ արվեստագետի կոչումն էլ հենց այս պետք է լինի: Նոր արժեքներ ստեղծողները այն մարդիկ են, որոնց ժողովուրդը մեծ է անվանում, աստվածացնում, կուռք դարձնում:
Դրանցից մեկն էլ Արթուր Մեսչյանն է՝ եզակի մի անհատականություն, որի երգերը տասնյակ տարիներ ուղեկցել եւ ոգեշնչել են բոլոր սերունդների հայ մարդուն: Դրա մասին են վկայում տարբեր տարիների նրա համերգային ելույթները Հայաստանում, ԱՄՆ-ում, վերջերս նաեւ՝ Մոսկվայում: Սիրով ու ջերմությամբ էին ընդունվում եւ Մուշեղ Իշխանի խոսքերով գրված երգերը, եւ Մեսչյանի հեղինակային երգերը՝ «Օրեր», «Դիմակահանդես», «Զարմանում եմ», «Միգուցե ես խենթ եմ», «Կիսատ թռիչքը երազիս» եւ այլն, հատկապես «Սայաթ-Նովա» երգը արտասվելու աստիճան հուզեց հայ մարդու սիրտը:
Բայց, չգիտես թե ինչու, մեծարգո Ռուբեն Հախվերդյանը Արթուր Մեսչյանին հեղինակային երգիչ չի համարում. «Վերջին շրջանի նրա երգերին էլ ընդհանրապես ծանոթ չեմ»,- ասում է նա Պետրոս Ղազարյանին՝ «Կենտրոն» հեռուստաընկերությամբ եթեր արձակված հանդիպման ժամանակ: Ավելին, նա նաեւ ասում է, որ Արթուր Մեսչյանի դժգոհությունը՝ ազգից, գալիս է նրանից, որ Մեսչյանը կայացած անձնավորություն չէ: Կայացած է Մեսչյանը, թե ոչ՝ դատողություններ պետք չէ անել: Պարզապես հարկ է լսել այն ժողովրդի հոգու ձայնը, որին այնքան սիրում եւ վստահում է Ռուբեն Հախվերդյանը, այն ժողովրդի, որի համար հավասարապես ընդունելի են թե Արթուր Մեսչյանը եւ թե ինքը: Հավատացած եմ, որ իմ զայրույթը կիսում են երգչի այն հազարավոր երկրպագուները, որոնց համար Արթուր Մեսչյանը եղել եւ շարունակում է մնալ ճշմարիտ մեծություն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել