Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ՆՎԱԶՈՒՄ՝ 50 ՏՈԿՈՍՈՎ

Դեկտեմբեր 07,2010 00:00

\"\"Ավտոմեքենա վարելու ընթացքում բջջայինից օգտվող վարորդի կողմնորոշումն ավելի վատ է, քան 2-3 բաժակ ալկոհոլ օգտագործածինը:

Պատկերացնո՞ւմ եք, արդյոք, այսօր ձեր առօրյան առանց բջջային հեռախոսի: Յուրաքանչյուր ոք, իհարկե, կհնչեցնի բացասական պատասխան: Այսօր մենք քայլ անգամ չենք կարող անել առանց բջջային հեռախոսի: Այն, ինչպես հագուստը եւ սնունդը, դարձել է բոլորիս համար առաջին անհրաժեշտություն: Սակայն պետք է նշել, որ բազմաթիվ պարագաներում կիրառվող եւ անհրաժեշտություն դարձած բջջային հեռախոսը երբեմն կարող է դառնալ չարիք, այսինքն՝ դժբախտ պատահարների հիմնական մեղավոր: Խոսքը վերաբերում է այն վարորդներին, որոնք ավտոմեքենա վարելիս օգտվում են բջջային հեռախոսներից:
Ավտոմեքենա վարելու ընթացքում հեռախոսից օգտվելու եւ ճանապարհային անվտանգության միջեւ փոխազդեցության փնտրտուքով արդեն վաղուց զբաղվում են ԱՄՆ-ի եւ Արեւմտյան Եվրոպայի փորձագիտական կենտրոնները: Պարզվում է, որ ավտոմեքենա վարելու ընթացքում բջջային հեռախոսից օգտվող, սթափ վարորդի կողմնորոշումն ավելի վատ է, քան 2-3 բաժակ ալկոհոլ օգտագործած վարորդինը: Ապացուցված է նաեւ հետեւյալը. երբ վարորդը գերազանցում է ալկոհոլի թույլատրելի սահմանը, նրա ուշադրությունը նվազում է 30 տոկոսով, իսկ հեռախոսով զրուցելիս նրա ուշադրությունը նվազում է 50 տոկոսով: Այսինքն՝ բջջային հեռախոսի օգտագործումը ավտոմեքենա վարելիս ավելի վտանգավոր է, քան ալկոհոլ օգտագործած վիճակում վարելը:
ԱՄՆ-ում տրանսպորտային անվտանգության հարցերով զբաղվող կոմիտեի վիճակագրական տվյալների համաձայն՝ յուրաքանչյուր 20-րդ վթարը տեղի է ունենում վարորդների հեռախոսազրույցների ժամանակ: Բջջային հեռախոսով զրույցի ժամանակ շատ հաճախ վարորդները գերազանցում են արագությունը՝ միմյանց միջեւ նվազեցնելով անվտանգության տարածությունը: Չեն նկատում ճանապարհային նշանները եւ խախտում են նշագծերը:
Ըստ ԱՄՆ-ի Յուտա նահանգի համալսարանի տվյալների՝ բջջային հեռախոսով զրույցի ժամանակ տեղի է ունենում, այսպես ասած, երիտասարդ վարորդների «ծերացում»:
Ի դեպ, ավտոմեքենա վարելու ընթացքում առավել վտանգավոր են sms հաղորդագրություններ ընթերցելը կամ գրելը:
Ուսումնասիրությունները ցույց են տվել նաեւ այն, որ ավտոմեքենայում հեռախոսով խոսելիս, ներառյալ ականջակալներով, վարորդը, տեսնելով լուսացույցի կարմիր գույնը, ուշացած է արգելակում մեքենան:
ԱՄՆ-ում ականջակալներ արտադրողները առաջիկայում պատրաստվում են յուրաքանչյուր ականջակալ համալրել պաշտպանիչ հատուկ ֆիլտրով:
Վերջին տարիներին բազմաթիվ ընկերություններ փորձում են նաեւ գտնել այնպիսի տարբերակ, որ բջջային հեռախոսը ծառայի քաղաքացու անվտանգությանը: Ճապոնական Oki Electric ընկերությունը վերջերս ներկայացրել է ուլտրակոմպակտ մոդուլ DSRG ֆորմատը (Dedicated Short Range Communication՝ փոքր ռադիուսի շարժական կապի գործունեություն), որը կիրառվում է տրանսպորտային փոխադրամիջոցների տվյալների միջեւ: Ենթադրվում է, որ DSRC մոդուլները հեռախոսի եւ ավտոմեքենաների մեջ պետք է փոխազդեն միմյանց, ավտոմատ կերպով կողմնորոշեն ավտոմեքենաների միջեւ առկա տարածությունը: Եթե առաջ է գալիս ընդհարման վտանգ, ապա նախատեսվում է հետիոտնի ուշադրությունը կենտրոնացնել վիբրացիոն ազդանշանով, իսկ վարորդինը՝ համապատասխան հաղորդագրությամբ՝ բորտային ակուստիկ համակարգի միջոցով:
Ճապոնիայում բնակչության 80%-ը օգտվում է բջջային հեռախոսից, այդ պատճառով էլ այդ մոդուլների առկայությունը թույլ կտա բարձրացնել անվտանգության աստիճանը ոչ միայն վարորդների շրջանում, այլեւ հետիոտների համար: Իհարկե այս տեխնոլոգիայի կիրառումը կպահանջի որոշակի ժամանակ: Սակայն ժամանակը գնում է, իսկ մարդիկ դեռ շարունակում են ավտոմեքենա վարելու ընթացքում օգտվել բջջային հեռախոսներից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել